Ձեւավորված «ավանդույթի» համաձայն՝ ընտրություններից հետո որոշակի ժամանակով ընդհատակ անցնելուց հետո վերջերս ակտիվացել է «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Օրերս ԱՄ 10-ամյակին նվիրված կոնֆերանսում նա ուղիղ 70 րոպե խոսեց, իսկ երեկ էլ «Հայելի» ակումբում ասուլիս էր հրավիրել:
Եթե մի քանի խոսքով նշենք, թե երեկ ինչ ասաց Ա. Գեղամյանը, կստացվի հետեւյալը. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, բյուջեն դարձնում է 2,5 միլիարդ դոլար, իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը պառակտում են ազգին, ոգեւորել են ադրբեջանական մամուլին եւ այլն:
Ասուլիսը սկսվեց լրագրողների վրա «ջղայնանալով», ովքեր, ըստ Արտաշես Մամիկոնովիչի, իր վերոնշյալ ելույթի կարեւոր պահերը թողած, լուսաբանել են ինչ-ինչ «բամբասանքներ»: Լրագրողների խնդրանքով՝ նա ներկայացրեց իր այդ ելույթի «մեխը», որի լուսաբանումից էլ դժգոհում էր: Ահա այդ «մեխը». «Հայոց քաղաքական ընտրանին դատապարտված է միաբանվելու, որովհետեւ ՀՀ-ն կանգնած է պետականության կորստի առջեւ»: Բանախոսի խոսքերով՝ հրամայական պահանջ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արամ Կարապետյանը եւ «մնացած մեր գործընկերները» նստեն սեղանի շուրջ եւ գոնե «մայր հարցի» վերաբերյալ ընդհանուր հայտարարի գան: «Դա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կոնսենսուսային մոտեցումների որդեգրման հարցն է: Որ չստացվի այնպես, որ նախագահի թեկնածուի հավակնորդներից մեկի գովքն անում է ադրբեջանական կամ թուրքական մամուլը: Դա վիրավորում է ինձ՝ որպես հայ մարդու»,- նշեց Ա. Գեղամյանը: Նրա խոսքերով՝ անթույլատրելի է նախագահի ընտրության գնալ ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ այլընտրանքային մոտեցումներով, քանզի ԼՂ հարցն առանցքային հարց է, եւ դրանից բխում են մնացած բոլոր հարցերը (այս հարցում, կարծեք թե, ԱՄ ղեկավարը համաձայնում է ՀՀ առաջին նախագահի հետ): «Առաջիկա ընտրություններում կարեւորագույն հարցը լինելու է ԼՂ հարցի լուծման խնդիրը: ԼՂ հարցի չլուծված լինելու հանգամանքն է մեծապես հանգեցրել նրան, որ այսօր ՀՀ-ն շատ ծանր զարգացումների շեմին է կանգնած: Մենք մեկուսացած ենք տարածաշրջանում իրականացվող բոլոր տեսակի խոշորածավալ ծրագրերից»,- նկատեց բանախոսը: Նրան լրագրողները հիշեցրին, որ ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանն անբարոյականություն էր համարել ընտրություններից առաջ ԼՂ հարցի մասին խոսելը: Ըստ Ա. Գեղամյանի, Ռ. Քոչարյանն իր տեսակետը վերանայել է, եւ դրա վառ ապացույցն այն է, որ Լ. Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 21-ի ելույթից հետո կիրակնօրյա «Հայլուրն» ամբողջությամբ նվիրված էր դրան, մասնավորապես՝ դրա այն հատվածին, որտեղ արծարծվում էր ԼՂ հարցը: Իսկ առաջադրվելո՞ւ է Արտաշես Մամիկոնովիչը ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում: «Խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք նպատակահարմար կլինի՞ առանցքային հարցերի շուրջ որպես նախագահի թեկնածու հանդես գալ, որ քո սեփական խիղճը հանգիստ լինի: Որ չստացվի, ասում են՝ գիտենք՝ ի՞նչ անել, ո՞նց անել, բայց գաղտնիք են պահում,- Ստեփան Դեմիրճյանի բոստանը քար գցեց Ա. Գեղամյանն ու շարունակեց,- Ես չեմ ուզում գաղտնիք պահել»: Իսկ չառաջադրվելու դեպքում նա կաջակցի այն թեկնածուին, ով «առավել համահունչ մոտեցումներ կորդեգրի»: Իսկ եթե այդ «համահունչ մոտեցումները» ներկայացնի Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը պատրա՞ստ է սատարել նրան: «Այ, որ նա ներկայացներ, դրանից հետո ես անպայման պարտքս կհամարեմ հրապարակայնորեն ելույթ ունենալ եւ հիմնավորել իմ հնարավոր պատասխանը»,- նշեց Ա. Գեղամյանը: Իսկ «փաստորեն չե՞ք բացառում, որ կսատարեք Սերժ Սարգսյանին»` լրագրողների այս դիտարկմանն Ա. Գեղամյանն այսպես արձագանքեց. «Կա դարեր ի վեր իր կենսունակությունը հաստատած միտք՝ երբեք մի ասա՝ երբեք»: Լրագրողները նկատեցին, որ իր վերոնշյալ 70 րոպեանոց ելույթում Ա. Գեղամյանը նշել էր, թե կենսաթոշակների մասով կառավարությունը վերցրել է իր մտքերն ու արդյունքում՝ բարձրացնում է կենսաթոշակը: Փաստորեն, Գեղամյանի ծրագրերն արդեն իսկ լավ էլ իրականացնում են: «Իսկ դա վա՞տ է: Շատ լավ է: Հիմա եթե հիշատակածս ռեսուրսները ՀՀԿ-ն սկսել է օգտագործել եւ 2,5 միլիարդանոց բյուջե է ներկայացրել, ի՞նչ է, տխրե՞մ: Իհարկե, չեմ տխրի: Կամ 65%-ով կենսաթոշակն ավելացվում է: Ի՞նչ է, տխրե՞մ: Կարեւորը՝ շահում է 500 հազար մարդ»,- առանց տխրելու նշեց Ա. Գեղամյանն ու արձագանքելով դիտարկմանը, որ գներն էլ աճում են, նշեց, որ, իրոք, այսինչ բանն այսքան թանկացել է, դրամն արժեւորվել է, ինչի արդյունքում էլ կյանքը թանկացել է: Այնուհետեւ բանախոսը շարունակեց. «Երբ 850 միլիոն դոլարով բյուջերի հարկային մասն է ավելանում, դա անպայմանորեն պայմանավորված կարող է լինել երկու գործոնի առկայությամբ: Մի գործոնն այն է, որ առնվազն 40%-ով ՀՆԱ-ի աճ պետք է արձանագրվեր: Բայց մենք տեսնում ենք՝ նման թիվ չի ծրագրվում: Ծրագրվում է 10-12%-ի սահմաններում: Կնշանակի՝ մյուս գործոնը, որ կա՝ դա ստվերից բերելն է հարկային դաշտ: Տվյալ դեպքում երկու գործոնները զուգահեռ, այո, ի հայտ են գալիս»: Այս ամենից հետո թերեւս զարմանալի չէր, որ Ա. Գեղամյանը նշեց, թե դրական է գնահատում այն, ինչ կատարվում է Ռուսաստանում: Խոսքը Պուտինի՝ վարչապետ դառնալու մտադրության մասին է: Իսկ Գեղամյանը մտավախություն չունի՞, որ նույնը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում: «Կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա: Ի դեպ, հիշեցնենք, որ 2003-2007թթ. Ա. Գեղամյանը բազմիցս չնպաստեց ընդդիմության միավորմանը, իսկ այսօր պատրաստ է նույնիսկ իշխանության հետ միավորվել: Ուրեմն՝ ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում, որ այսօր նա հրամայական է համարում իշխանության հետ համաձայնության գալը: Պարզվում է՝ փոխվել է հետեւյալը. «434 բնակարանային գողություն է եղել, որի միայն 65%-ն է բացահայտվել, 35 սպանություն է եղել, 12 սպանություն է բացահայտվել, 21 միլիարդ դրամ դատարանների որոշումով պետք է վերականգնվեր բյուջեում, չի վերականգնվել, բարբառային ասածով՝ «քցել են» 21 միլիարդ դրամի չափով: Արդյունաբերության աճի տեմպերն Ադրբեջանում հունվար-ապրիլին 12 անգամ գերազանցում են Հայաստանի արդյունաբերության աճի տեմպերը, բեռների փոխադրությունն Ադրբեջանում Հայաստանի համեմատ 16 անգամ ավելին է… : 15 հազար մարդ Հայաստանում հետախուզության մեջ է. հանցագործություններ են կատարել (անմեղության կանխավարկածի հերն անիծած.- Ռ.Թ.) եւ չեն կալանավորվել այդ մարդիկ»: Ու այս վիճակում, նրա բնութագրմամբ, չպետք է հասարակությանը պառակտել, ինչում, ըստ էության, մեղադրեց Լ. Տեր-Պետրոսյանի թիմի «վերահսկողության տակ գտնվող» լրատվամիջոցներին: «Բոլոր այն հարցադրումները, որոնցով սեպտեմբերի 21-ին հանդես եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, քանիցս հնչեցվել են ԱԺ ամբիոնից, մասնավորապես՝ մեր խմբակցության պատգամավորների կողմից: Այդ մասին չեն գրել, բացարձակապես քար լռություն է եղել: Իսկ հիմա հնի կրկնությունը փորձում են մատուցել որպես դարակազմիկ հարցադրումներ»,- սրտնեղեց պարոն Գեղամյանը: