Քաղաքական նպատակնե՞ր, թե՞ աթոռ

06/10/2007

«Մեկ շաբաթ առաջ հիմնականում ԱԻՄ նախագահության 15 անդամներով նշեցինք հայ ժողովրդի ինքնորոշման կազմակերպված եւ հրապարակային շարժման 20-ամյակը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա ընդգծեց, որ շատերը, խեղելով սեփական ազգի պատմությունը, փորձում են անկախության ձեռքբերումը բխեցնել 1988թ. սկսված արցախյան շարժումից: Մինչդեռ այդ շարժումը հայ ժողովրդի ինքնորոշման համար պայքարի մի ճյուղն էր: Պ. Հայրիկյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24-ին լրանում է նաեւ «Անկախություն» թերթի 20-ամյակը: Նա անդրադարձավ նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված քաղաքական դաշտում տիրող իրավիճակին: Նրա տեղեկացմամբ, քաղաքական ուժերի հետ հանդիպումները շարունակվում են, սակայն ոչ այն արդյունավետությամբ, ինչպիսին նա ակնկալում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունն էլ, թե պատրաստ է պաշտպանել այլ թեկնածուի, բանախոսը համարեց ոչ պրոֆեսիոնալ քայլ: «Ես կարծում եմ, որ նա փորձում է քաղաքական ասպարեզ վերադառնալ ոչ թե քաղաքական նպատակների համար, այլ` աթոռի»,- նշեց Պ. Հայրիկյանը: Վերջինս միասնական թեկնածուի ձեւավորման երկու ճանապարհ նշեց` ժողովրդավարական, որը կնախանշի այդ գործչի ժողովրդավարական էությունը, եւ օլիգարխիկ: Լեւոն Տեր-Պետրոսյանի դրսեւորումները մինչեւ այս պահը ԱԻՄ նախագահը համարեց օլիգարխիկ: «Նա լավագույն դեպքում ասում է` «Ես առաջին նախագահն եմ, եկեք խոսենք առանձին-առանձին, եւ ով է ձեզնից պատրաստ ինձ աջակցել»»,- ասաց Պ. Հայրիկյանը: Ըստ նրա` միասնական թեկնածուի հավակնություն ունեցող գործիչը պետք է ինքն իրեն հաշիվ տա` արդյոք ունի՞ ազգի, պետության գործերին նվիրվելու պատրաստակամություն, փորձառություն եւ կարողություն: Պ. Հայրիկյանն առաջարկեց ժողովրդավարության, Արցախի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունների, ավանդատուներին փոխհատուցելու եւ այլ հարցերի վերաբերյալ մի շարք դրույթներ, որոնք պետք է ընդունի միասնական թեկնածուն: