ԵԽ Արտաքին գործերի հանձնաժողովում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին նախօրեին Բրյուսելում` հատուկ լսումների ժամանակ անդրադառնալով Հայաստանին՝ ասել է, թե մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում «բարելավում է արձանագրվել նախորդ ընտրությունների համեմատ»:
Իսկ Ադրբեջանին Սեմնեբին զգուշացրել է, որ այդ երկրի էներգետիկ պաշարները եւ տարանցման հնարավորությունները չեն կարող Եվրամիությանը ստիպել աչք փակել մարդու իրավունքների ոտնահարումների վրա: «Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող աչք փակել [Եվրամիության] օրակարգի այլ կետերի վրա` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքները հարգելու, մամուլի ազատության անհրաժեշտության եւ այլ հարցերի: Ես ավելի վաղ հիշատակել եմ այն խնդիրներից մի քանիսը, որ մենք այդ համատեքստում ունեցել ենք Ադրբեջանի հետ: Կարծում եմ, կարեւոր է, որպեսզի [յուրաքանչյուրը] հասկանա, որ եթե այդ հարցերը լուրջ չեն ընկալվում [Եվրամիության հետ] հարաբերություններում, այդ հարաբերությունները վաղ թե ուշ կվտանգվեն, եւ որպես արդյունք` կտուժի նաեւ հարաբերությունների` շահերի վրա հիմնված մասը»,- ընդգծել է Սեմնեբին: Վերջինս Վրաստանը բնորոշել է որպես տարածաշրջանում «առավել առաջընթաց արձանագրած եւ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին մերձենալու իր ընթացքում առավել հավակնոտ երկիր»: Չնայած սրան, նա Վրաստանը բնութագրել է նաեւ որպես առավել խոցելի` առաջին հերթին, իր ներքին գործերի վրա արտաքին խաղացողների (Ռուսաստանի) ազդեցության առումով: «Որպես առանձնահատուկ մտահոգություն՝ ես կնշեի վրաց-ռուսական հարաբերություններում աճող լարվածությունը, որը դրսեւորվում է, օրինակ, Վրաստանի դեմ Ռուսաստանի շարունակական պատժամիջոցներով եւ Աբխազիայում ու Հարավային Օսիայում հակամարտության գոտիներում եւ դրանց շուրջ անվտանգության հետ կապված միջադեպերի քանակի աճով»,- նկատել է Սեմնեբին` հավելելով, թե առաջընթաց չի արձանագրվել Վրաստանի անջատողական Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածաշրջաններում ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում: Ռուսաստանում նախանշված ընտրությունները, ինչպես նաեւ մեկ այլ սառեցված հակամարտության` Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունները նպաստում են այն բանին, ինչը Սեմնեբին որակում է «նյարդայնություն» տարածաշրջանում:
Սեմնեբին թվարկել է Վրաստանում փոխադարձ վստահության հաստատման ուղղությամբ Եվրամիության կողմից վերջերս ձեռնարկված մի շարք միջոցառումներն ու խոստովանել, որ դրանք ավելի շուտ «համեստ ջանքեր են»: Նա իր ելույթում անդրադարձել է նաեւ տարածաշրջանի «սառեցված» հակամարտություններին` ընդգծելով Ռուսաստանի դերը բանակցություններում: Նա հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան «առանցքային դերակատար» կմնա վեճերի կարգավորմանն ուղղված ջանքերում` նշելով, որ Եվրամիության «ընդհանրական շահից» է բխում նման հանգուցալուծումը: