ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է զգույշ լիներ Ղարաբաղի մասին գնահատականներ հնչեցնելուց, քանի որ Ադրբեջանը դրանից հետո կարող է կոշտացնել իր դիրքորոշումը ԼՂՀ հարցում, ասաց. «Օսկանյանը կարծիք հայտնեց, որ առաջին նախագահի կողմից նման տեսակետներ արտահայտելու պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը կարող է կոշտանալ: Ես կարծում եմ, որ նման քայլը Օսկանյանի կողմից, առավել եւս, որ նա առաջին նախագահի օրոք աշխատել է փոխնախարար, կոռեկտ չէ, եւ հարց է առաջանում` մի՞թե Ադրբեջանը սպասում էր առաջին նախագահի հայտարարությանը, որպեսզի իր դիրքորոշումը կոշտացնի: Դա համարժեք է նրան, որ Օսկանյանի արած հայտնի «օկուպացիա» արտահայտությունը մեղմացներ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ: Ես ուղղակի սա շատ կարեւոր եմ համարում, քանի որ սա հարգանք է նաեւ նախագահական ինստիտուտի նկատմամբ, եւ, իմ կարծիքով, մեր երկրում պետք է ձեւավորվի ավանդույթ, որ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները Հայաստանի անկախության օրը դիմավորեն միասին»: Նշենք, որ այս հայտարարության ժամանակ Վարդան Օսկանյանն ԱԺ դահլիճում չէր: Ավելի ճիշտ` նա Հայաստանում չէ, մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային: Հուսով ենք` Օսկանյանը Նյու Յորքից պատասխան նամակ կուղարկի ԱԺ պատգամավոր Դալլաքյանին: