«Ժողովրդավարություն» ասելով՝ աշխարհի բոլոր ժողովուրդները պատկերացնում են պայքար ապագայի համար: Եվ միայն մենք ենք ամեն անգամ պայքարում մեր անցյալի դեմ: Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ պայքարում միշտ հաղթող ենք դուրս գալիս: Միխայիլ Զադորնով
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո մի պահ թվում էր, թե Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել սանիտարական մաքրում: Որովհետեւ, անկախ նրանից, թե ինչ ուժեր են ներկայացնում 4-րդ գումարման Ազգային ժողովը, մի լավ հետեւանք, այնուամենայնիվ, այդ ընտրությունները թողեցին` «բազարչի» քաղաքական ուժերը լքեցին քաղաքական ասպարեզը: Ընտրություններից հետո պարտված կուսակցությունների առաջնորդները չէին «մխտռում» եթերը, բացառությամբ Տիգրան Կարապետիչի, ով, անկախ ամեն ինչից, եթերում է արդեն հինգ տարի շարունակ: Բայց հերիք էր 10 տարի լռելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ ինքն «այսօր դեռ որոշում չունի: Դեռ ուսումնասիրում է, դեռ կշռում է, դեռ քննում է», իսկ հետո էլ ավելացնի, որ «Այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, բոլոր առողջ, հասարակական, մտավոր, հոգեւոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ», որպեսզի բոլոր անառողջ, հակահասարակական եւ անմիտ էլեմենտներն աշխուժանան: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ո՞վ` ո՞ւմ կպաշտպանի: Կարեւորն այն է, որ «մարած աբլիգացիաները կրկին շրջանառության մեջ ընկնելու շանս ստացան»: Եվ սկսվեց մամլո ասուլիսների եւ համագումարների շղթայական ռեակցիան: Արամ Գ. Սարգսյանն, օրինակ, հայտարարեց, որ «իր կուսակցությունն ու ինքը գործ չունեն այնտեղ, որտեղ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի շվաքն է»: Պարոն Սարգսյանին կարող եմ հիշեցնել, որ ինքն, անկախ Լ. Տեր-Պետրոսյանի շվաքից, մայիսի 12-ից հետո գործ չունի: Եվ այսուհետ ինքը, իր կուսակցությունը ու էլի մի հոգի կարող են «րՏՏոՐՈջՌՑՖ վՈ ՑՐՏՌx» Արա Աբրահամյանի կողմից նախկինում տրամադրած «թոշակով»: Ի դեպ, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի համար հարազատ են դարձել հոգեւոր` «Սիրեցեք զմիմեանս» թեմաները: Եվ քանի որ Արտաշես Մամիկոնովիչը շատ է սիրում ցիտել դասականներին, չեմ կարող «Ազգային Միաբանությանն» անդրադառնալիս չհիշել Շեքսպիրին` «Գնա մենաստան»: Հակառակ դեպքում, այս խառը իրավիճակում այդ կուսակցությունը կարող է Օֆելյայի ճակատագրին արժանանալ: Տիգրան Կարապետովիչն իր ասուլիսի ժամանակ հիշեց բոլորին` ով որտեղից «դաբրո» ունի, ում ինչքան փող են տվել, ում են «բմբլել»: Միայն մի բան մոռացավ ասել` իսկ իր հետ ինչպե՞ս են վարվել: Խոսրով Հարությունյանն ասում է, որ «ՀՅԴ-ն ավելի շատ ոչ թե ցանկանում է պայքարել նախագահի պաշտոնի համար, այլ ընդամենն ունենալ հետագա քաղաքական առեւտրի նպաստավոր դիրք»: Բայց երբ ավելացնում է, որ «իրենք չեն ունենա սեփական թեկնածու, իսկ այլ թեկնածուի պաշտպանելը կախված կլինի թեկնածուների առաջադրած ծրագրերից ու մոտեցումներից», պարզ է դառնում, որ պարոն Հարությունյանն ինքն էլ դեմ չի լինի քաղաքական առեւտրի նպաստավոր դիրք գրավել: Բնականաբար, շատ ավելի ցածր «ստավկաներով», քան դա անում է ՀՅԴ-ն: Իսկ երբ նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հայտարարում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը նոր թիմով է հանդես գալիս, եւ տալիս է Նիկոլ Փաշինյանի ու Ստեփան Դեմիրճյանի անունները, ապա ես նրա հետ կարող եմ համաձայնել ընդամենը 50%-ով, քանզի Ստեփան Դեմիրճյանի դեպքում «նոր» ասելը ծիծաղելի կարող է հնչել: Տվյալ պարագայում, սակայն, առավել ծիծաղելի կարող է հնչել «թիմ» ասվածը:
Ինչ վերաբերում է Լ.Տեր-Պետրոսյան – ՀՅԴ հանդիպմանը, որը մասսայական շոկ է առաջացրել քաղաքական դաշտում ու էլ ավելի է խառնել «մանր առեւտրականների» քարտերը, ապա, շախմատային տերմինաբանությամբ, դա ոչ թե « ձիով քայլ էր», այլ ընդամենը՝ գեղեցիկ «էտյուդ»: Իսկ պրագմատիկ դաշտում ավելի հակված են կատարել ոչ թե գեղեցիկ, այլ արդյունավետ քայլեր: