Ինչի՞ց սկսվեց աղետն այս

06/10/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Կենտրոնական բանկը դժվար, համարյա անլուծելի խնդրի առջեւ է կանգնած: Այս անգամ հասարակությանը դժվար է լինելու համոզել, որ ԿԲ-ն կատարել է իր համարյա միակ պարտականությունը: Տարեվերջին հաստատ դժվար է լինելու միանիշ թվով գնաճի ցուցանիշ արձանագրելը: Որովհետեւ օր օրի թափ հավաքող գնաճն արդեն սպառնում է եռանիշ ցուցանիշներ արձանագրել: Դրությանն առավել ողբերգականություն է հաղորդում այն, որ այս անգամ թանկանում են հիմնականում պարենային ամենաանհրաժեշտ ապրանքները: 30-80 տոկոսով բարձրացել է հացի, ձեթի, կարագի ու այլ սննդամթերքների գները: Ընդ որում, ոչ թե տարադրամով, այլ ազգային դրամով: Տեղական պտուղ-բանջարեղենի գները նախորդ տարիների նման կարելի է նկարել: Միշտ էլ կարելի է մեկ-երկու աշխատակից ուղարկել գիշերային շուկա, որ արձանագրեն մի քանի օր չվաճառված ու արդեն սպառման ոչ պիտանի մթերքի գինը: Այդ գինը պաշտոնական տեղեկատուներում արձանագրելուց հետո՝ նախկինում կարելի էր գնաճի փոքր թվեր արձանագրել: Որովհետեւ ներմուծվող սննդամթերքի գները դրամով մնում էին նույնը: Իսկ հիմա դրամով դրանք էլ են թանկանում: Շուկայում սկսված գնաճը մի քանի բացատրություն ունի: Որքան էլ տարօրինակ է` այն քաղաքական ակունքներ ունի: Խորհրդարանական վերջին ընտրությունները շատ տարօրինակ էին: Այս գարուն ամբոխահաճ կարգախոսներով հանդես եկան ոչ միայն ընդդիմադիր, այլեւ կառավարող կուսակցությունները: Սա նորույթ էր մեր քաղաքական կյանքում: Իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն թոշակների մի քանի անգամյա բարձրացումներ էր խոստանում: Հետո տեմպի տակ ընկավ իշխանության հիմնական ուժը: Պարզվեց, որ ամբոխահաճությունը սուր-վարակիչ քաղաքական հիվանդություն է: Հանրապետական կուսակցությունը հայտարարեց եկող տարվանից կենսաթոշակները 60 տոկոսով բարձրացնելու մասին: Հետո կառավարությունը հայտարարեց 2 ու կես մլրդ ծավալով բյուջեի մասին: Տարին դեռ չավարտած՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց խոստումների կատարման համար հիմքեր ստեղծելուն: Խոշոր ու միջին բիզնեսը հայտնվել է տոտալ հսկողության ու ստուգումների տակ: Իշխանությունները, հավանաբար, բիզնեսից իրենց ստանալիք մասնաբաժինը չփոքրացնելու պայմանով, ուսումնասիրում են գործարարների եկամուտները: Ուսումնասիրում են՝ պարզելու համար, թե որքան լրացուցիչ միջոց կարելի է մուտքագրել պետբյուջե: Այս գործին լծվել է պետական ապարատն՝ անմնացորդ. հարկային մարմիններից՝ մինչեւ Տնտեսական մրցակցության հանձնաժողով: Խոշոր գործարարներին առայժմ միայն դեղին քարտ են ցույց տալիս մանր տույժ-տուգանքների տեսքով: Եվ թվում էր, թե դրախտային ժամանակներ են սկսվում: Բարձրանում են նպաստ-թոշակները, կրճատվելու է տնտեսության ստվերային հատվածը: Տնտեսագետների մի փոքր հատված տարիներ շարունակ հենց այս առաջարկությունն էլ անում էր: Պետությանն առաջարկելով բարձրացնել նպաստ-թոշակները՝ նրանք կարծում էին, որ դա անուղղակի ներդրում է հայրենական տնտեսության իրական հատվածի` արտադրության մեջ: Որովհետեւ հազիվ ծայրը ծայրին հասցնող թոշակառուն իր ստացած լրացուցիչ մի քանի հազար դրամով թանկարժեք հագուստ ու սննդամթերք չէր գնելու, այլ միայն տեղական էժան ապրանքներ (Պարզ չէր, թե որտեղ են նրանք հայրենական էժան ապրանք տեսել): Հիմա պարզվեց, որ թոշակների բարձրացման միայն խոստումը կարող է գնաճ սանձազերծել, ուր մնաց՝ խոստումը կատարելը: Եվ այսպես, առայժմ միայն խոստումն ու ստվերը կրճատելուն միտված տոտալ ստուգումները մեր շուկայում տարօրինակ արդյունքների հասցրեցին: Ո՛չ իշխանությունները, ո՛չ գործարարները համաձայն չեն վերանայելու բիզնեսից ստացվող իրենց մասնաբաժինները: Ավելին, իշխանությունները վերահսկողի իրենց դիրքերից լրացուցիչ գումարներ են պահանջում հարազատ պետբյուջեի համար: Ազնիվ արարք. վերջին կետի մասին կշտապեն եզրակացնել շատերը, քանի դեռ մթերային խանութ ու շուկա չեն մտել: Ա՛յ այնտեղ նրանք կհասկանան, թե իրականում ումից գանձվող գումարների հաշվին է ձեւավորվելու երկուս ու կես միլիարդանոց բյուջեն: Իշխանությունների բոլոր տնտեսական սխրանքների համար վճարելու է հասարակությունը: Ինչպես միշտ: Վճարելու է առաջին անհրաժեշտության մթերքների ու ապրանքների համար ավելի բարձր գին վճարելով: Իշխանություններն, իհարկե, շուտով կհայտարարեն, որ այդ բոլոր ապրանքներն ու սննդամթերքները թանկացել են միջազգային շուկայում: Նրանցից ոչ ոք չի հաշվարկի, որ ներմուծվող ապրանքների միջազգային գների աճը մեր ներքին շուկայում կարող էր փոխհատուցվել տարադրամի արժեզրկումով: Որովհետեւ միջազգային շուկայում գները համարյա երբեք աճի այդքան վայրագ տեմպ չեն ունենում: Ինչպես նաեւ չեն հաշվարկի, թե որքանով է արդարացված նպաստ-թոշակների բարձրացումը, երբ չի աճում տնտեսության իրական հատվածն ու արտահանումն ընդհանրապես: Չեն հաշվարկի, թե անհատ նպաստառու-թոշակառուի համար ինչ բացասական ազդեցություն ունեցան տնտեսական այն գործառույթները, որոնք սկսվել են: 2008թ. բյուջեի նախագծից ակնհայտ է, որ իշխանությունները մի հաշվարկ հաստատ արել են: Արել են ու կասկածում են, որ հնարավոր կլինի հարկային մուտքերի ամբողջ բեռը գցել բնակչության վրա: 2008-ի բյուջեն նախատեսվում է 76 մլրդ դրամանոց դեֆիցիտով: Իսկ սա արդեն պետության պարտքը 200-230մլն դոլարով աննկատ ավելացնելու նոր հնարք է: Այսպես բնակչությունը չի նկատի, որ ձեթ-կարագի հետ՝ իր` հիմնական հարկատուի բեռն էլի ավելացավ: