28 ստուգողից ոչ մեկն էլ չի հսկում

06/10/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Իմ մեքենան երկու հատ 0.7 չափի գազի լիցքավորման բալոն ունի: Տարբեր բենզալցակայաններում այս երկու բալոնի լիցքավորման համար տարբեր գին են ուզում` 1200-ից մինչեւ 1700 դրամ, թեպետ իմ գազի բալոնների ծավալը բոլոր դեպքերում էլ նույնն է»,- ասում է շարքային քաղաքացիներից մեկը, ում մեքենան գազով է շահագործվում:

Այս «առեղծվածի» վերծանման ճանապարհին հանդիպեցինք մի շատ սովորական երեւույթի` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի կոպիտ խախտման: Գազալցակայանները գազը «ՀայՌուսգազարդից» գնում են խորանարդ մետրով, սակայն ներքին շուկայում վերավաճառում են համաձայն ճնշաչափի ցուցմունքի: Հայաստանում առկա է 28 ստուգող կազմակերպություն, սակայն բավականին դժվար է գտնել այն միավորին, որը պատասխանատու է այս բարձիթողի վիճակի համար: Ո՞վ պետք է վերահսկի այս դաշտը` այս հարցին դժվարացան պատասխանել մի քանի գերատեսչություններում: Հարկային մարմիններն այստեղ անելիք չունեն, բենզալցակայանները հարկվում են հաստատագրված վճարով` ելնելով գազի լիցքավորման ապարատների քանակից: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Որակի տեսչությունն էլ գազալցակայանների ստուգման նախադեպ չունի, սակայն պետական պաշտոնյաները մեզ հետ զրույցում միանշանակ նշում են, որ չի թույլատրվում ճնշումով գազ վաճառել: Ճնշաչափերից հրաժարվելու համար վերջիններս պետք է գազի լիցքավորման խողովակի վրա տեղադրեն գազի ծախսաչափ, որն էլ բացթողնված գազի քանակությունը չափում է խորանարդ մետրով եւ գազի զանգվածը բերում է 20 աստիճանի: Միայն այս նորմերի պահպանման դեպքում է հնարավոր ճիշտ հաշվարկներ կատարել, թե որքան գազ է լիցքավորվել: Պարզեցինք, որ Հայաստանում առկա բենզալցակայաններից միայն մի լցակայան է տեղադրել գազի ծախսաչափ, որը գտնվում է Երեւան-Սեւան մայրուղու վրա (Սեւանի Պետավտոտեսչության հարեւանությամբ): «Գազ ամա» ընկերությանը պատկանող այս լցակայանում էլ նման հաշվիչ է տեղադրվել, որովհետեւ հենց վերջինս է զբաղվում նշյալ ծախսաչափերի արտադրությամբ: Թեպետ գազի վաճառքը կատարվում է ճնշաչափի ցուցմունքի համաձայն, սակայն գազի գինը սահմանված է 1մետր խորանարդի հաշվարկներով, որը տարբեր լցակայաններում տատանվում է 110-130 դրամի սահմաններում: Մոտավոր հաշվարկներով՝ գազալցակայաններում յուրաքանչյուր մեքենայի լիցքավորման ժամանակ լիցքավորված գազի անճշտությունը (պայմանավորված նաեւ գազի ջերմաստիճանի փոփոխությամբ) 10-20 տոկոս է կազմում: Սա է այն պարզ բացատրությունը, թե ինչու են քաղաքացիներից միեւնույն ծավալները լիցքավորելու դեպքում տարբեր գումար պահանջում:

Մենք անդրադարձել էինք այն խնդրին, որ անգամ որոշ տեղերում պետական ստուգաչափում եւ կապարակնքում չեն անցել «ՀայՌուսգազարդի» եւ մասնավորի համար փոխադարձ հաշվարկի հիմք համարվող հաշվիչները:

«ՀայՌուսգազարդից» տեղեկացնում են, որ իրենք գազալցակայաններին գազը վաճառում են կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնով: Մասնավորին գազը վաճառում եներկկողմանի կապարակնքված հաշվիչներով եւ չեն բացառում, որ կարող են լինել մասնավորին պատկանող հաշվիչներ, որոնք չեն անցել պետական ստուգաչափում: