«Երկուսուկես միլիարդ դոլարանոց բյուջե» արտահայտությունը, ինչպես եւ սպասվում էր, միանգամից դարձավ թեժ քննարկման առարկա։ Եղան քննադատողներ, ովքեր գտնում են, որ դա իրատեսական ցուցանիշ չէ։ Եղան նաեւ պաշտպանողներ։
Կրակի վրա բենզին ավելացրեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ ինքը ժառանգել է 300 միլիոն դոլարանոց բյուջե, իսկ իր հրաժեշտի պահին կլինի 2.5 միլիարդ դոլար՝ ավելի քան 8 անգամ շատ։
Դրսում ապրողների համար սա, իհարկե, տպավորիչ թիվ է։ Օրինակ, ցանկացած եվրոպացի կերազեր, որ իր երկրի բյուջեն 10 տարում աճեր ութ անգամ։
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս՝ հպարտանա՞նք, ուրախանա՞նք, թե՞… Երեւի նախ սկսենք ժողովրդական ասացվածքով, որ առուն չթռած՝ հոպ չեն ասում. 2.5 միլիարդանոց բյուջեն նախատեսված է, այն դեռ պետք է կատարել։ Բացի այդ, բյուջեն պետք է կատարվի 2008 թվականի ընթացքում, իսկ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից հեռանալու է տարվա սկզբին՝ փետրվարին։ Այնպես որ, կատարվելու դեպքում մի քիչ հարցական է՝ դա ո՞ւմ է վերագրվելու՝ ներկայի՞ս, թե՞ ապագա նախագահին։ Միայն սա չէ։ Ոչ պակաս կարեւոր մի հարցի մասին այդքան էլ շատ չեն խոսում։
Հիշո՞ւմ եք, ՀՀ Կենտրոնական բանկը ժամանակին բոլոր տոնավաճառների եւ խանութների մուտքերին հայտարարություն փակցրեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում առեւտուրն իրականացվում է դրամով։ Այսինքն, ըստ օրենքի, ՀՀ տարածքում վճարման միջոցը դրամն է, ոչ ոք իրավունք չունի իր ապրանքի կամ ծառայության գինը նշել այլ արտարժույթով։ Անգամ տուգանք կա սահմանված՝ արտարժույթով առեւտուր անելու համար։ Այդ ամենն արվում է դրամի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար։ Ինչեւէ, այնպես է ստացվել, որ «դոլարային մտածելակերպը» կամաց-կամաց իր տեղը զիջում է դրամայինին։ Եթե նախկինում 5000 դրամից բարձր ցանկացած գին մտովի վեր էինք ածում դոլարի, ապա այժմ աշխատավարձի մեծության մասին խոսելիս կամ կենցաղային տեխնիկա գնելիս շատ հաճախ հենց դրամով էլ մտածում ենք։ Թանկարժեք ապրանքների դեպքում (անշարժ գույք, մեքենա) գնանշումը դրամով է, սակայն դեռ վերածում ենք դոլարի։
Դա, իհարկե, լավ է, ցանկացած եվրոպացու համար (իսկ մենք ինքներս մեզ համարում ենք եվրոպացի) դոլարով խոսելն անընդունելի բան է։ Այդ դեպքում՝ հարց. ինչո՞ւ են պետության առաջին դեմքերը պետբյուջեի մասին խոսում դոլարով։ Ասենք, «կունենանք 2.5 միլիարդ դոլարին համարժեք բյուջե», կամ «ես ժառանգեցի 300 միլիոնանոց բյուջե»։ Որքանո՞վ է սա նպաստում դրամի նկատմամբ վստահության ամրապնդմանը։ Այս հարցն ուղղեցինք հենց այն կառույցին, ով ամենից շատ է շահագրգռված ազգային դրամի դիրքերով՝ ՀՀ Կենտրոնական բանկին։ Մեր հարցն այստեղ համարեցին քաղաքական բնույթի։ ԿԲ մամուլի ծառայությունը մեզ փոխանցեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի պատասխանը՝ ԿԲ-ն ապաքաղաքական կառույց է եւ քաղաքական գործիչների հայտարարությունները չի մեկնաբանում։ Ահա այսպես։ Տ. Սարգսյանին էլ հասկանալ կարելի է՝ ի՞նչ պետք է պատասխաներ։ Եթե ասի՝ նպաստում է, կստացվի՝ հակասում է ինքն իրեն։ Եթե ասի՝ չի նպաստում, միգուցե դա լինի իր վերջին պատասխանը՝ որպես ԿԲ նախագահ։ Ամեն ինչն է քաղաքականացված… Թեեւ դա չի նշանակում, որ լրատվամիջոցը չի կարող ԿԲ նախագահին հարց տալ պետության առաջին դեմքերի՝ «արժութային» ձեւակերպումների մասին։
Իսկ թե ինչո՞ւ են վերջիններս դոլարով խոսում, մեր համեստ կարծիքով, պատասխանը մեկն է՝ այդպես ավելի հարմար է, մանեւրելու դաշտը մեծ է։ Եթե հաջողվի գալիք տարվա համար նախատեսված մոտ 820 միլիարդ դրամ ծախսային մասն ապահովել, լավ կլինի։ Եթե չհաջողվի, ապա դոլարի գինը մի քիչ էլ կընկնի, եւ ամեն ինչ «շողուլի կգա»։ Իսկ եթե եւ՛ բյուջեի մուտքերն ավելանան նախատեսված չափով, եւ՛ դրամն արժեւորվի, ապա 2.5 չէ, 3 միլիարդանոց բյուջեն էլ չի բացառվում։
Դոլարով խոսելը հարմար է նաեւ «պատմական» տեսակետից։ Օրինակ, երբ ասվում է՝ ես ժառանգեցի 300 միլիոնանոց բյուջե, եւ թողնում եմ 2.5 միլիարդանոց, մեր հեռուստաալիքները այդ ամենը ցույց են տալիս, եւ Համզաչիմանում ապրող քաղաքացին հպարտություն է ապրում։ Դե, հեռուստաալիքներն էլ ուրախությունը չկոտրելու համար չեն խորանում՝ արդյո՞ք 300 միլիոն էր։ Օրինակ, որքան մենք գիտենք, 1998թ. համար նախատեսված բյուջեն (կամ՝ ժառանգված բյուջեն) եղել է 211 միլիարդ դրամ։ Եթե հիմք վերցնենք նշված 300 միլիոնը, կստացվի, որ դոլարի փոխարժեքը եղել է ավելի քան 700 դրամ։ Իսկ դոլարն այդքան երբեք չի արժեցել։ Մի պահ վերանանք դոլարից եւ նայենք իրերին մեր ազգային արժույթով։ 1998թ. 211 միլիարդը 2008-ին պետք է դառնա 820 միլիարդ։ Այսինքն՝ դրամով արտահայտված բյուջեն 10 տարվա մեջ աճել է 4 անգամ։ Իսկ որքա՞ն են աճել գներն այս 10 տարվա ընթացքում։ Ամեն ինչը պետք է դիտել համեմատության մեջ, քանի որ գնաճի դեպքում բյուջեի աճով գլուխ գովելն անիմաստ զբաղմունք է։
Օրինակ, եթե բյուջեն աճում է, պետք է աճի նաեւ ուսուցչի աշխատավարձը։ Ենթադրենք, աճում է՝ 50 հազարից դառնալով 60 հազար։ Իսկ փոխարենը կարագի գինը 1000 դրամից դառնում է 1300 դրամ։ Այսինքն, եթե ուսուցիչն իր նախկին աշխատավարձով կարող էր գնել 50 կգ կարագ, այժմ գնելու է 46կգ։ Այս թվերը պայմանական են, բայց ընդհանուր տրամաբանությունը հենց սա է։ Ուսուցչին եւ մյուս բյուջետային աշխատողներին միգուցե ոգեւորում է բյուջեի աճը, լիցքավորում հայրենասիրական զգացումներով, բայց կարագի եւ այլ ապրանքների գնի թանկացումն առաջ է բերում լիովին հակառակ էմոցիաներ։
Ցանկության դեպքում կարելի էր հաշվել, թե 1998 թվականից ի վեր գները որքանով են թանկացել, սակայն անիմաստ զբաղմունք է՝ Ազգային վիճակագրության ծառայության թվերը վերին ատյանի ճշմարտություն չեն, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է գներին։ Ավելի լավ է, թող ընթերցող տանտիկինները մտաբերեն, թե 10 տարի առաջ 5000 դրամով շուկա կամ խանութ մտնել-դուրս գալուց հետո իրենց պայուսակի քաշը որքանո՞վ է տարբերվում ներկայիս քաշից։
Միգուցե հարցնեք՝ իսկ ի՞նչ պարտադիր է, որ բյուջեի ավելանալու դեպքում գներն աճեն։ Պարտադիր է, քանի որ բյուջեի ավելացած մուտքերը նշանակում են՝ լրացուցիչ ճնշում գործարարների վրա եւ ավելի մեծ հարկեր։ Իսկ ոչ մի գործարար երբեք չի ցանկանում նվազեցնել իր շահույթը։ Եվ արդյունքում, թանկացնում է իր ապրանքները։ Չենք կարող ասել, թե կարագի, ցորենի եւ այլ ապրանքների վերջին թանկացումները որքանով են կապված հարկային ճնշումների ուժեղացման հետ, սակայն թանկացումը փաստ է։ Այնպես որ, դոլարով խոսելը հարմար է, բայց ոչ համոզիչ։