2008թ. նախագահական ընտրությունների մասին տաքսու վարորդների պատկերացումները բավական հետաքրքիր են: Բացի այն, որ նրանք ուշագրավ վերլուծություններ են անում, ավելին` առաջարկում են իրենց համակրած մարդկանց թեկնածությունը:
Ազնվությունը Մուկուչյանի վրայից թափվում է
Օրինակ, վարորդ Սուրենը շրջանառվող թեկնածուների անուններից առանձնապես ոգեւորված չէ. «Ոչ մեկն էլ արժանի չէ երկիր ղեկավարելու: Էն օրը մեկն ասում էր` մարդիկ նախագահ ընտրում են՝ նայելով անձին, ոչ թե նրա գործունեությանը, բայց իբր էդ ի՞նչ ասելու բան է, որ… Իհարկե, անձին ենք նայում, որովհետեւ, եթե մարդու անձը բանի պետք չի, ուրեմն` նրա գործունեությունն առավել եւս անպիտան է: Եթե մարդու անձը, հոգին ալյասերված ու պիղծ է, ուրեմն` իր աշխատանքով նա, բացի վնասից, հաստատ օգուտ չի բերի: Հիմիկվա թեկնածուներից ոչ մեկին էլ չեմ համակրում, որովհետեւ հենց էդ բարոյական անձը նրանց մեջ չկա, գոնե մենք էսքան տարվա մեջ համոզվել ենք նրանց մարդային հատկանիշների հարցում,- ասում է Սուրենն ու իր կարծիքը կիսող շատ մարդկանց անունից հայտարարում է,- Միակ մարդը, որ մեր իշխանության մեջ է եւ շատ բաներով տարբերվում է նրանցից` դատավոր Տիգրան Մուկուչյանն է, որին նայելով ես ամեն անգամ մտածում եմ` երանի թե նրա նմանները մեր երկրում շատ լինեին: Եթե նա քաղաքականությամբ զբաղվեր՝ հենց ժողովուրդը կառաջարկեր, որ ինքը իր թեկնածությունը դնի: Չնայած էսօրվա քաղաքականությամբ զբաղվողներից ո՞ր մեկն է հասկանում, թե ինչ բան է քաղաքականությունը: Ես շատ եմ հարգում Տիգրան Մուկուչյանին, որովհետեւ էդ մարդուն նայելիս զգում ես, որ ազնվությունը վրայից թափվում է: Շատ կարգին մարդ է: Ես մի պատվիրատու ունեմ, որ իրա հարեւաններից է ու էնքան հիացած է խոսում էդ մարդու մասին։ Էնքան ուրախանում եմ, որ կա մեկն, ում հետեւից ոչ թե հայհոյում են, այլ գովեստի խոսքեր են ասում: Որ անկեղծ ասեմ` ես շատ ուրախ կլինեի, որ մենք էդ որակի նախագահ ունենայինք: Կարող է ինքն էլ մտնի քաղաքականություն, ու շատ բան փոխվի իրա մեջ, բայց ես մի տեսակ հավատում եմ, որ ինքը ոչ ծախվող է, ոչ էլ էն փչացողներից: Իրան չեն կարող փչացնել, որովհետեւ ուղնուծուծով պարկեշտ է, այլ ոչ թե պարկեշտ ձեւացող»: Ինչ վերաբերում է ներկայումս հնչող հավանական թեկնածուների անուններին, ապա Սուրենի կարծիքով` նրանցից ոչ մեկն էլ քաղաքական կշիռ, առավել եւս՝ մարդկային որակներ չունեն: «Նրանք էսքան տարի իշխանության ու ընդդիմության մեջ են եղել, ու 5 մատիս պես գիտեմ, թե ով ինչի է ընդունակ: Ոչ մեկին էլ ձայն չեմ տալու, էդ հաստատ եմ ասում ու խոստանում եմ»:
«Երկրի բյուջեն կրվում են կազինոներին»
Վարորդ Հենրիկը կարծում է, որ մեր երկրում ընդհանրապես քաղաքականություն եւ օրենք գոյություն չունի, որովհետեւ ամեն ինչ արվում է գողական օրենքներով. «Էս էլ որերորդ անգամն ա, որ էն Տիգրան Արզաքանցյանի վրա կրակում են: Մեր երկրի ղեկավարները պիտի գետինը մտնեն, պիտի ամաչեն, որ դաժե Ռուսաստանի հեռուստատեսությունը դրա մասին խոսում ա: Ստեղի պատգամավորները գնում, իրանց խայտառակում են, Հայաստանի հեղինակությունը գցում են ցեխը: Դրա համար էլ ռուսները թքած ունեն հայերի վրա ու օրը մի հայի գյուլլում են: Չեն էլ ամաչում, երկրի բարձրագույն մարմինը` Ազգային ժողովը սրանց համար դառել ա մաֆիայի սխոդկի տեղ: Ինչքան գողական ու կրիմինալ կա` բերին-լցրին օրենսդիր մարմին: Էդ Հանրապետական կուսակցությունը չի՞ ամաչում դրանց նմանների համար, էս էլ երկրորդ անգամ Արզաքանցյանին գողականով խփում են, գնում-բուժվում, էլի գալիս-մտնում ա Ազգային ժողով: Գոնե ձեւի համար թող Հանրապետական կուսակցությունը կանգնի հայտարարի, իբր իրանք դատապարտում են նման բաները: Թե չէ` կանգնում հայտարարում են՝ իբր մահափորձ ա եղել, էս ա եղել: Ուզում են ասել, որ Արզաքանցյանի կողքին կանգնա՞ծ են էդքանից հետո: Նենց են ներկայացնում, ոնց որ Արզաքանցյանը զոհ ա, էլի, բայց չեն ասում, որ ոչինչ հենց էնպես չի լինում: Սաղս էլ գիտենք, որ գնում ա Ռուսաստանի կազինոներում իրան խայտառակում ա, հո հիմար չի՞ էս ազգը: Փոխանակ կանգնեն հայտարարեն, որ հայ պատգամավորը Ռուսաստանում մեզ խայտառակում ա, հըլը մի բան էլ պադդերժկա են անում: Հակոբ Հակոբյանի դեպքը մոռացե՞լ եք, որ խանութից բան էր թռցրել: Էջմիածնում ազգուտակ ունենք, լավ էլ ասում են, թե ինչեր ա անում, էդքանից հետո Հանրապետականը մի բան էլ պաշտպան ա կանգնում, հա՞: Այսինքն` գողությունը, ռազբորկեքը իրանց համար քաղաքականություն վարելու ձեւեր են: Էս սերնդին ի՞նչ են դաստիարակում, է՞դ ա նժդեհականությունը, որ ամեն ելույթում Նժդեհի անունն են տալիս: Երկրի բյուջեն տանում տալիս են խալխի կազինոներին, հետո էլ ասում են, թե թոշակների համար բյուջեում փող չկա: Բա, եթե փողերը տանեն կրվեն` պարզ ա, որ էս ժողովուրդը հացի փողին կակա կասի,- զայրացած ասում է Հենրիկն ու մեր պաշտոնյաներին կոչ է անում,- Թող իրանց կարգի հրավիրեն, թե չէ հասարակ քաղաքացին արդեն իրա երկրի պաշտոնյայի արարքից ամաչում ա: Խի կարող ա՞ չգիտենք, որ մեր Ազգային ժողովի պատգամավորները Ռուսաստանի մաֆիոզների հետ հանդիպումներ են ունենում, ջան ու ղուրբան են անում: Դուք էլ եք գրում էդ մասին, բա խի՞ մի հատ ամոթանք չեք տալիս, որ երկրի պատգամավորը մաֆիայի հետ չպիտի նստի հելնի, որովհետեւ էդ լրիվ ուրիշ խոսակցություն ա»:
«Լեւոնը Վանոյին կբերի»
«Էն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվել ա, նշանակում ա, որ մեր երկրում լուրջ փոփոխություններ են լինելու»,- ասում է վարորդ Կարենն ու վստահեցնում, որ ներկայիս իշխանությունները ցայտնոտի մեջ են ընկել այդ ելույթից հետո: «Լավ էլ գիտենք, որ Լեւոնի ի հայտ գալն իրանց սկի ձեռնտու չի, որովհետեւ Սերժ Սարգսյանի ճանապարհը փակվում ա: Ինչքան էլ ժողովուրդը Լեւոնին կապի ցուրտ ու մութ տարիների հետ` մեկ ա, Լեւոնն ուժեղ ա, ու իրա ընտրողները շատ են: Լեւոնը, եթե թեկնածություն դնի` կընտրվի, հետո էլ Վանոյին կբերի, ու իրա թիմը կգա իշխանության: Վանոյի գործը կբացվի, ու իրական մեղավորների համար շատ վատ ա լինելու, որովհետեւ լիքը գործեր են բացվելու իրար հետեւից: Էսօրվա դրությամբ՝ ոնց որ թե Արամ Սարգսյանն էլ ա Լեւոնի կողքին կանգնած, իսկ եթե Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանն էլ նրա թեկնածությունը պաշտպանեն` համարեք, որ արդեն իշխանափոխությունը եղել ա: Չնայած էդ «իշխանափոխություն» բառից ես նենց հուշտ եմ լինում: Էդ Վրաստանի դեպքերը որ ցույց են տալիս՝ մարդու սիրտը դողում ա: Եթե Հայաստանում էլ տենց իրար սպանոցի ու ձերբակալություններ լինեն` հաստատ քաղաքացիական պատերազմ կլինի, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը էդ առիթը բաց չի թողի: Մեկ-մեկ սենց խորը որ նայում ես, չէ՞, ասում ես` ա՛յ մարդ, չենք ուզում, թեկուզ՝ սենց, բայց թող խաղաղության մեջ ապրենք, թե չէ էս ժողովուրդը մեղք ա, էդ տրավմային չի դիմանա»,- ասում է Կարենն ու վստահեցնում է, որ լավ է ապրել կեղծիքի մեջ, քան պատերազմի:
«Մեր ժողովուրդը վախենում է լավ բան ասել»
«Էս ազգը լրիվ բողոքական ա,- ասում է Ռուբենը: -Ինչքան էլ կյանքը լավանա, մեկ ա` դժգոհ մարդը դրանից լավ չի ապրելու: Ա՛յ մարդ, ի՞նչ ա եղել, լավ էլ ապրում ենք, դուք հըլը հիշեք, թե սրանից մի քանի տարի առաջ ինչերի միջով անցանք: Հիմա քաղաքի փողոցները սարքում են, ով հասցնում քֆրտում ա, բայց մի օր պետք ա սարքեին, չէ՞: Չեն սարքում՝ դժգոհ են, սարքում են` դժգոհ են: Սա քաղաք ա, ոչ թե բնակարան, որ մի սենյակն անես պրծնես, հետո նոր մյուսը: Էս փողոցները մեկը մյուսի հետ կապված են: Հիմա էլ, որ Սերժ Սարգսյանը թոշակների հետ կապված հայտարարեց, որ բարձրանալու են` էլի դժգոհ են, յանըմ բա խի՞ շուտ չէր անում: Բայց չէ՞ որ էս մարդը նոր ա կառավարություն մտել, էն ժամանակ նախարար ա եղել ու իրա նախարարության հարցերով ա զբաղվել: Փոխանակ ուրախանան։ Ներքուստ իրանք ուրախ են, բայց վախում են ասեն, որ ասենք՝ մեր պաշտոնյան լավ բան ա անում: Վատն ասելուց, քֆրտելուց չեն վախում, վատ չեն զգում, բայց գոհ լինելուց վախում են: Մի խոսքով` ես շատ էլ գոհ եմ մեր իշխանությունից, չնայած տաքսի եմ քշում, բայց նորմալ ընտանիք եմ պահում, ուսանող երեխեքիս վարձն եմ տալիս ու կյանքի բոլոր վայելքներից էլ օգտվում եմ: Սրանից 10 տարի առաջ պարտքերի մեջ թաղված էինք, ու մի հնարավորություն էի ման գալիս, որ գնամ Ռուսաստանում աշխատեմ, իսկ հիմա նորմալ ապրում ենք: Չեմ ասում՝ շքեղ, բայց նորմալ, մենակ էն, որ պարտքեր չունեմ` էդ արդեն մի ուրիշ հանգստություն ա»:
Ուզում ա նախագա՞հ դառնա
«Էդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խի՞ հանդիպեց իրա թշնամու հետ, խոսքս դաշնակցականների մասին ա, նրանք էլ ո՜նց էին հրճվում, թե՝ տեսա՞ք, էկավ մեր դուռը: Գնացել էր պայմանավորվի, որ իրա արածները դաշնակները ընտրությունների ժամանակ չհիշացնե՞ն: Լեւոնը որ սկի չգիտի ինքն ինչ ա ուզում, չգիտի` ինչ ա որոշելու, խի՞ ա մեյդան ընկել: Թե՞ իրան թվում ա՝ իրա ժամանակները մոռացել ա էս ժողովուրդը: Մութ ու ցուրտ տարիները` հեչ, պատերազմական երկիր էինք, բա պիտի էդ դժվարություններն էլ լինեին, բայց մոռացե՞լ ենք, թե իրա շրջապատի մարդիկ ինչեր էին անում, էն ժամանակ էլ իրանք էին թալանում: Մոնոպոլիա չկա՞ր, ո՞նց չկար, իրա շրջապատից սկսվեց ու հիմա շարունակվում ա: Լեւոնը ճիշտ կանի թեկնածությունը դնելուց առաջ լավ մտածի, էս ժողովուրդը իրանից էլ ա կուշտ, հազիվ յոլա ենք գնում, ապրում ենք: Լավ-վատ՝ գործ ունենք: 10 տարի տանը նստեց, հետո դուրս եկավ, թե` բարեւ ձեզ, ես ուզում եմ նախագահ դառնալ: Ձե՞ռ ա առնում էս ժողովրդին: Ճիշտ են ասում, որ էս իշխանությունների հետ նույն խաղն ա խաղում: Օրը կգա` կտեսնենք»,- ասում է վարորդ Սուրենը: Նրա կարծիքով` Լեւոն Տեր-Պետրոսյանին հակահարված կտա ոչ միայն Դաշնակցությունը, այլեւ Վազգեն Մանուկյանը: «Էն «Օրինաց երկիրը» նոր կուսակցություն ա, բան չի հիշի, բայց Վազգեն Մանուկյանը, դաշնակներն ու Արտաշես Գեղամյանը շատ բաներ կհիշացնեն Լեւոնին` իրա շրջապատի, բարեկամների մասին: Ինչքան էլ դրսի դաբրոներ ունենա, մինչեւ ժողովրդի դաբրոն չունենա` ոչ մի բանի չի հասնի»:
Դեմ եմ իշխանափոխությանը
«Ես որ տեսնում եմ, թե ովքեր են բոբիկացել-մտել ջուրը, մտածում եմ՝ ավելի լավ ա` Սերժ Սարգսյանն էլ հենց լինի նախագահ: Սաղ խոսում են, հանդիպումներ են ունենում, իրար են խառնվել, պաշտոններ են կիսում-բաժանում, էդ մարդը սուս-փուս իրա գործն ա անում: Էդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կյանքո՞ւմ էր գյուղ կամ մարզեր գնացել: 10 տարի հետո հանկարծ մտածում ա ժողովրդի հետ հանդիպելու մասին: Նա էս ժողովրդին չէր սիրում, արհամարհում էր: Հենց որ ժողովուրդը պետք ա լինում` նոր հիշում ա, որ մարդ են: Թող գնա ու իրա սեւ տան մեջ նստի ու գիրք գրի: Էս ժողովրդին հերիք էղավ օգտագործի: Սերժ Սարգսյանը նոր-նոր վարչապետ ա, արդեն սաղ մարզերում էղել ա: Դաժե Քոչարյանն ա ժամանակ առ ժամանակ ռայոններ գնում: Լեւոնը լայեղ չէր անում, մոռացե՞լ ենք: Իրա շրջապատը ո՞նց էր իրան պահում, իրա ախրանան, մարդկանց վրա թքած ունեին, հիմա էկել էս ժողովրդի դարդերն իրար են տալիս: Գոնե էս ժողովրդից ներողություն խնդրեր»,- ասում է 60-ամյա վարորդ Գուրգենը, ով ժամանակին աշխատել է «Հայէլեկտրո» գործարանում: Նրան վախեցնում են Վրաստանի դեպքերը, եւ այն, որ ՀՀ նախագահի թեկնածուներն էլ են լծված այս կամ այն հզոր երկրի դաբրոները ստանալու գործին. «Սահակաշվիլին Ամերիկայի դաբրոն ունի, տեսնում եք՝ ինչեր են լինում Վրաստանում: Ամերիկան ինչ ուզի` մի օրում կանի էդ ժողովրդի գլխին»:
«Ինչի՞ Գեղամյանի ասածներին բանի տեղ չէին դնում»
Վարորդ Աշոտը կարծում է, որ Հայաստանը լավ երկիր դարձնելու համար ընդամենը կամք է պետք, ոչ ավելին. «Եթե լինի մի մարդ, որն էդ կամքը, ցանկությունն ունենա, ես իրան կընտրեմ: Մեր երկրի ղեկավարներն էդքան լացելու փոխարեն՝ ընդամենը պիտի ցանկություն ունենան, թե չէ` ի՞նչ չկա մեր երկրում: Եթե ցանկություն ունենան՝ չե՞ն կարա կոռուպցիան վերացնեն, օրենքին ենթարկվելու ու օրենքը հարգելու աուրա ստեղծեն: Եթե էդ ցանկությունը ունենան՝ չե՞ն կարա հարուստներին ստիպեն, որ հարկերը մուծեն, ու ցանկության դեպքում էդ հարկերով թոշակները բարձրացնեն: Էդ հիմա ա, որ վարչապետն ասում ա, թե պիտի հարուստները հարկերը վճարեն, բայց ընտրություններից հետո կասի՞: Չէ՞ որ էդ հարուստներն էս 10-15 տարի ա՝ գռփում են ու երկրի ղեկավարների դաբրոյով են դա անում: Բա աբիդնի ա, չէ՞, որ հիմա են կանգնել ասում: Այսինքն` ժողովուրդ ջան, մենք գիտեինք, որ ձեր հաշվին են հարստացել, բայց ընտրություններից առաջ մենք նենց կանենք, որ դրանք փողերը մուծվեն: Դա ավելի վիրավորական ա, չէ՞: Բա էն Արտաշես Գեղամյանը էս 10 տարի մեռավ ասելով, որ պետք ա բիզնեսմենները հարկերը մուծեն, ինչի՞ էդ մարդու ասածներին բանի տեղ չէին դնում: Թե՞ հիմա իրանց պետք ա, ուրեմն` անում են, բայց որ Գեղամյանն ասում էր, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որովհետեւ Գեղամյանը ճիշտ բան էր ասում, եթե իրա ասածն անեին` ժողովուրդը կասեր` հալալ ա Գեղամյանին: Նույնը՝ Սադոյանի դեպքում, որ էդ մարդը ծերացավ՝ ասելով, որ գործարանները օտարներին մի ծախեք»: