«Հարուստ լինեի՝ աղքատներին կօգնեի»,- ասում է Արմինեն

05/10/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արմինեն թախծոտ հայացքով պատուհանից դուրս է նայում ու որքան նայում է, այնքան խռովկան է դառնում: 13-ամյա այս աղջկա ներաշխարհը շատ խորն է, բայց նրան հասկանալու համար առնվազն պետք է ապրել Վարդաշենի՝ բանտախցի նման իրենց սենյակում, որտեղ ամռան շոգին շատ ցուրտ է, եւ հանրակացարանում ապրելն էլ նույնն է, ինչ փողոցում ապրես: Փոքրիկ այս աղջիկը մանկություն չի ունեցել, ավելին, այդ հոգեմաշ հիշողություններից ուզում է ազատվել: Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ ես էսքան տխուր»: «Բա ի՞նչ անեմ, իմ ուրախ օրերն իմ դպրոցում էին անցնում, բայց էլ դպրոց չեմ գնում: Ամբողջ օրը տանը նստած եմ, ինձ լավ չեմ զգում, ուզում եմ դպրոց գնալ»,- ասում է նա: Արմինեն սովորում էր թիվ 3 գիշերօթիկ դպրոցի 6-րդ դասարանում, որտեղից տուն էր գալիս միայն շաբաթ-կիրակի օրերին: Սեպտեմբեր ամսից սկսած նա այլեւս չի գնացել դպրոց, որովհետեւ հագուստ չունի: Մայրը՝ Հասմիկն, արդեն հույս չունի, որ աղջիկն ուսումը կշարունակի, որովհետեւ նրանց վաղվա օրն անհուսալի է: Ասում է՝ «Հասկանո՞ւմ ես, մինչ օրս սրա-նրա տված հին շորերով եմ ուղարկել դասի, բայց հիմա շատ ծանր վիճակում ենք: Ոչ մի տեղից հույս չկա: Մեջտեղիցս ճղվում եմ, բայց ոչ մի բան չեմ կարողանում հայթայթել: Երեխես էլ, ինչ դպրոց չի գնում, ահավոր ապրումների մեջ ա: Ամբողջ օրը տանը փակված՝ ոչ խոսում ա, ոչ դուրս ա գալիս, չգիտեմ ինչ անեմ: Դպրոցում գոնե օրը 3 անգամ սնվում էր, իսկ հիմա չգիտեմ ոնց հասցնեմ մի կտոր հացը»: Հասմիկը խնդրել էր, որ Արմինեի հետ խոսեմ, մխիթարեմ նրան, այլապես աղջկա դեպրեսիան գնալով խորանում է: Իսկ Արմինեն մխիթարության կարիք չունի, որովհետեւ գիտակցում է իրականությունն ու հասկանում է, որ դպրոցը թողնելը, 6-ամյա կրթություն ունենալը՝ նշանակում է՝ անորոշ ապագա: Արմինեն պատուհանի մոտից դանդաղկոտ շարժվում է դեպի ինձ ու երազկոտ աչքերով նայելով՝ ասում է. «Գիտե՞ս ինչ երազանք ունեմ, չնայած գիտեմ, որ չի իրականանա, բայց եսիմ, մեկ էլ տեսար՝ կատարվեց»: «Ի՞նչ երազանք»,- հարցնում եմ: Աչքերը սկսում են փայլել ու մի տեսակ մտովի տեղափոխվում է երազանքի մեջ: «Երազում եմ, որ մի քիչ փող ունենամ: Եսիմ, կարող ա հանկարծակի, միամիտ հարստանամ: Հետո էդ փողով գեղեցկության սրահ կբացեմ ու աշխատած փողը կբաժանեմ աղքատներին: Իմ համար շատ չեմ ծախսի: Ես իմ մեջ հաշվարկներ եմ արել, թե էդ սրահում ինչքան եկամուտ կարելի ա ստանալ, ու գիտեմ, թե ամսվա եկամուտով քանի աղքատ մարդու կարամ օգնեմ»: Ասում եմ՝ «Չէ, դու էլ երեւի հիմիկվա հարուստների պես՝ հարստանալուց հետո մոռանաս աղքատներին»: Արմինեն վիրավորված ասում է՝ «Ո՞նց կարող ա մոռանամ: Ես իմ անցյալը հո չե՞մ կարա մոռանամ, ես էլ եմ, չէ՞, աղքատ: Իմ մանկությունը հիշելով՝ ես աղքատներին անընդհատ կօգնեմ: Իրանց հաց, ուտելիք ու դպրոցական շորեր կբաժանեմ: Ես հիմա շորի պատճառով չեմ կարողանում դպրոց գնամ ու տանջվում եմ, չէ՞: Գիտեմ, որ իմ նման էլի մարդիկ կան, ես իրանց հագուստ կտամ, որ շորի պատճառով անգրագետ չմնան»: Հասմիկն աղջկա խոսքերից հուզվում է, հայացքը թաքցնում է, որ արցունքոտ աչքերը չերեւան: Ասում է՝ «Էն օրն ուսուցչուհին զանգել, ասում ա՝ ո՞նց կլինի էդ երեխու հարցը, ե՞րբ ես բերելու: Ասում ա՝ մի հարեւան, բարեկամ չունե՞ս, որ շոր տան, երեխեն դասի գա: Ասում եմ՝ որ լիներ, հեն ա կբերեի, է՛լի: Ասում եմ՝ հարեւաններս էլ մեր նման նպաստառու, հանրակացարանում ապրող աղքատ ժողովուրդ են: Ի՞նչ անեմ, գլուխս ո՞ր պատին տամ, տեսնում եմ, չէ՞, երեխես ոնց ա տառապում»: Հասմիկն ասում է, որ գիշերօթիկ դպրոցից մինչ այս օգնություն են ստացել, եւ այդ հագուստով էլ աղջիկը գնացել է դպրոց, սակայն ներկայումս դադարել են օգնություն տրամադրել: Արմինեն դպրոցի հանդեպ ունեցած կարոտը նկարագրելու համար ժպտալով ասում է՝ «Էնքան եմ կարոտել մեր դպրոցին, դասատուներին, երեխեքինգ դաժե մեր դասարանում մաստիկա քսելուն եմ կարոտել: Ես մեր դասարանի ամենալավ մաստիկա քսողն եմ ու հիմա կուզենայի էնտեղ լինել, մաստիկա քսել, փայլացնել: Ճիշտ ա, մեր դպրոցի մեծ երեխեքից մի քանիսը ինձ ձեռ են առնում, ծաղրում են, որ ես վատ եմ հագնվում, բայց ես կուզենայի էլի գնալ դպրոց: Ինձ լավ եմ զգում, երբ դասի եմ գնում: Եթե հանկարծ ինձ շոր տան, ու ես կարողանամ նորից դպրոց գնալ՝ չեմ ասի, որ շորի պատճառով չէի գալիս, կասեմ՝ հիվանդ էի, որ ինձ չծաղրեն»: Արմինեն իր ապրած 13 տարվա ընթացքում երբեւէ նոր շոր չի ունեցել, որովհետեւ մշտապես հնամաշ, ուրիշների տված անպետք հագուստն է կրել: Ասում է՝ «Էս տիկնիկները տեսնո՞ւմ ես, իմ կյանքի ամենաթանկ բաներն են: Իմ ծննդյան օրերին եմ ստացել, նվերներ են»:

Հասմիկն ու Արմինեն ապրում են «Փարոսից» ստացած 12.000 դրամ նպաստով, որը ստանալուն պես խանութների պարտքերն են մարում: Աշխատանքի ընդունվելու համար շատ տեղեր է դիմել, մինչեւ անգամ պատրաստ է հավաքարարություն անել, սակայն չեն ընդունում աշխատանքի: Ամիսներ առաջ մթերք է գնել, վերավաճառել, սակայն առեւտրից իրեն ոչինչ չի մնացել, իսկ այժմ կանխիկ գումար չունի նորից ինչ-որ բան գնելու եւ վերավաճառելու համար: «Գնացի, որ հավաքարարություն անելու համար աշխատանքի ընդունվեմ, ասում են՝ պիտի լեզու իմանաս: Այ քեզ բան, հավաքարարությունն էլ ա արդեն պաշտոն դարձել: Մատուցողի համար էլ պետք ա լեզու իմանաս: Վաղը-մյուս օրն երեխես ինձնից վատ վիճակում ա հայտնվելու, 6-ամյա կրթությունով ի՞նչ պիտի անի»: