Թարգմանելը ձգողական դաշտ ստեղծելն է

05/10/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանում հոկտեմբերի 3-5-ը տեղի է ունենալու ծավալուն ու հեռահար նպատակներ հետապնդող համաժողով, որը շատ արդիական ու խորհրդանշական խորագիր ունի՝ «Թարգմանությունը՝ որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ»։

ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչները, գրողներն ու գրահրատարակիչները փորձելու են վերլուծել գրականության շուկան, վերականգնել, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ զրոյից ստեղծել այն տեղեկատվական ընդհանուր դաշտը, որը կար ԽՍՀՄ-ի տարիներին։ «Մեր երկրները վաղուց արդեն բաժանվել են իրարից եւ տեղյակ չեն՝ թե ի՞նչ է կատարվում հարեւան երկրների գրական դաշտում։ Իսկ դա չիմանալը բավականին դրամատիկ իրողություն է։ Պետք է կրկին բացենք գրքի շուկան։ Իսկ պետության գործը գրքի բիզնեսով զբաղվող մարդկանց համար պայմաններ ապահովելն է»,- ասաց ՌԴ Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը։ Իսկ ՌԴ նախագահ Վ. Պուտինի օգնական Ջահան Պոլիեւան նկատեց, որ թարգմանություններն ու գրահրատարակչությունը ոչ միայն մշակութային ու սոցիալական դեր ունեն, այլեւ՝ խթան են տնտեսական զարգացման համար։ «Մարդկային կապիտալի բաղադրիչներն են կրթությունն ու ինտելեկտը, եւ տնտեսական վերելքները կախում ունեն պետության կողմից իրականացվող հումանիտար քաղաքականությունից։ Աճում է մարդու խելքի ու տաղանդի դերը, եւ մենք դա չենք կարող անտեսել»,- ասաց նա։

Այս տարվա ամռանը ստեղծվել է Հումանիտար համագործակցության հիմնադրամը, որի նշանակետը տարբեր մշակույթների դիալոգն է եւ այդ դիալոգի շնորհիվ ընդհանուր ու անխափան գործող շղթայի ստեղծումն է, որը սկսվելու է թարգմանությունից, ավարտվելու է՝ տպագրությամբ։ Տպագրվելու են ոչ միայն գեղարվեստական գրքեր, այլեւ՝ դասագրքեր (այս տարի, օրինակ, ռուս ուսանողների համար հայերեն լեզվի նոր դասագիրք է տպագրվելու) եւ բարձր տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ նանոտեխնոլոգիաներին վերաբերող աշխատություններ։ Հայաստանյան եռօրյա համաժողովը, որը տեղի կունենա Ծաղկաձորում եւ կունենա հարյուրից ավելի մասնակիցներ, այդ հիմնադրամի առաջին նախագիծն է։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Սերգեյ Ալեշչոնոկն ասաց, որ որակյալ մասնագետ դառնալու համար ուղղակի անհրաժեշտ է որակյալ թարգմանություններ ունենալ։ Ժամանակին Գյոթեն ասել է, որ թարգմանությունը շատ նման է կնոջը, այն կարող է կամ գեղեցիկ, կամ էլ ճշգրիտ լինել։ Մարդկության փորձը ցույց է տալիս, որ երկու տիպի թարգմանություններն էլ անհրաժեշտ են։ «Մեր համաժողովի հերոսը գիրքն է»,- ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Բոլոր մասնակիցները նշեցին, որ ոչինչ չի խանգարում համատեղ գիրք հրատարակելուն, պարզապես հարկավոր է նոր սերնդի թարգմանիչներ պատրաստել։ «Տեքստը շատ չոր ու սովորական բառ է, սակայն գիտելիքը սկսվում է տեքստից, տեքստը էներգետիկա, միտք ու գաղափար է պարունակում։ Եվ մենք միասին պետք է այդ տեքստը հասանելի դարձնենք»,- ասաց Ջահան Պոլիեւան։ Շատ հաճախ մշակույթը հենց թարգմանություն է նշանակում, քանի որ մարդու էությունը հարստանում է փոխթափանցման միջոցով։ Քանի դեռ կար Սովետական տարածքը, մենք աշխարհի հետ ծանոթանում էինք թարգմանության միջոցով, իսկ ռուսերեն լեզվի նահանջի հետ մեկտեղ՝ մենք չկարողացանք ծանոթությունը շարունակել՝ արդեն հայերեն լեզվով։ Եվ հիմա «հեղինակ-թարգմանիչ-հրատարակիչ-շուկա» շղթան վերականգնելու կարիք ունենք։ Այժմ հերթը թարգմանիչներինն է։ «Լավ թարգմանիչ դաստիարակելն ավելի բարդ ու երկարատեւ պրոցես է, քան լավ գրող դաստիարակելը։ Եվ եթե մենք դադարենք միմյանց հասկանալ, ապա մեղավոր կլինեն թարգմանիչները, այլ ոչ թե պետության ղեկավարները»,- ասաց Միխայիլ Շվիդկոյը եւ, արդեն որպես «Մշակութային հեղափոխություն» հաղորդման ստեղծող, ավելացրեց. «Եթե մշակույթում ավարտվում են հեղափոխությունները, ավարտվում է նաեւ մշակութային կյանքը։ Եվ թող մշակութային հեղափոխությունները մեր տարածքում միակ հեղափոխությունները լինեն»։

Հ.Գ.
ԱՊՀ Հումանիտար համագործակցության խորհրդի անդամներին երեկ ընդունել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Իսկ առավոտյան խորհրդի անդամները ՀՀ Առաջին տիկին Բելլա Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են նաեւ «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդես: «Հայկական եկեղեցու պատմության, մշակույթի այս յուրահատուկ ցուցադրությունն առաջին իսկ րոպեներից գերում է քեզ: Դուք այն վերապրել եք, այն ձեզ տալիս է երջանկության րոպեներ»,- Մատենադարանի, Մայր Աթոռ սբ. Էջմիածնի, Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները նայելուց հետո տպավորությունների գրքում գրել է ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի հարցերով դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը: