Պապան տեղյակ չի

12/05/2005

Փոխքաղաքապետ Արման Սահակյանն ակտիվ աշխատանքներ է տանում ապրիլի 9-ին Ֆիլիպ Կիրկորովի համերգը բարեհաջող ու բարձր մակարդակով ապահովելու համար, որպեսզի լուրջ միջադեպեր չարձանագրվեն երգչի այցի ընթացքում, քանի որ Երեւանում, մեղմ ասած, Կիրկորովին այնքան էլ գրկաբաց չեն պատրաստվում ընդունել: Ի դեպ, արդեն հայտնի է, որ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն, որոշում են կայացրել այդ ապազգային հրավերի առիթով հանդես գալ կոշտ հայտարարություններով: Գալուստ Սահակյանից, որն, ինչպես հայտնի է, Ա. Սահակյանի հայրն է, հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունի անձամբ ինքն իր որդու հրավերի մասին: «Ես նման ինֆորմացիա չունեմ, որ նախ՝ Կիրկորովը գալու է Հայաստան, առավել եւս` այն մասին, որ քաղաքապետարանն է հրավիրել: Սովորաբար նման միջոցառումները ոչ թե անձերն են կազմակերպում, այլ նրանց ղեկավարներն ու որոշակի կառույցներ։ Իսկ եթե Թուրքիայի հետ կապված բաներ կան, բնականաբար, դա ինձ համար տհաճ երեւույթ է եւ անհանդուրժելի»: Ի դեպ, Գ. Սահակյանը վստահեցրեց, որ եթե «լավ ինֆորմացիա ստանա», անպայման կմիջամտի, որպեսզի այցը տեղի չունենա: