Ուզում է վարչապետ դառնալ

03/10/2007

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարի ժամանակ հայտարարել է, թե դեկտեմբերի 2-ին կայանալիք Պետդումայի ընտրություններում համաձայն է գլխավորել այդ կուսակցության նախընտրական ցուցակը: «Չնայած այն հանգամանքին, որ ես եղել եմ «Եդինայա Ռոսիան» ստեղծելու նախաձեռնողներից, ես, ինչպես եւ մեր քաղաքացիների մեծ մասը, անկուսակցական եմ եւ չեմ ուզում փոխել այդ կարգավիճակը»,- ասել է Պուտինը: Նա ասել է նաեւ, որ ապագայում վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին առաջարկությունը միանգամայն իրատեսական է` թեպետ այս պահին դրա մասին խոսելը վաղաժամ է. «Դրա համար կա երկու նախապայման. նախ՝ «Եդինայա Ռոսիան» պետք է հաղթի ընտրություններում, բացի այդ` նախագահի պաշտոնում պետք է ընտրվի ազնիվ, արժանի, արդիական եւ կարող անձնավորություն»: Ի դեպ, նմանատիպ սցենարը չի կարելի բացառել նաեւ ՀՀ-ում: Ռոբերտ Քոչարյանը եւս կարող է անդամագրվել որեւէ իշխանական կուսակցության եւ այդ ճանապարհով դառնալ վարչապետ: Եթե, իհարկե, որեւէ կուսակցություն համաձայնի ընդունել նրան: