Սեպտեմբերի 27-ին ձերբակալված Իրակլի Օքրուաշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան բողոքարկել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի երկամսյա նախնական կալանքի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը: Կիրակի օրը նա հայց է ներկայացրել Թբիլիսիի Վճռաբեկ դատարան՝ քաղաքային դատարանի որոշումը որակելով «չհիմնավորված»: Բեսելիան հայտարարել է, որ Օքրուաշվիլին «իրեն մեղավոր չի ճանաչում մեղադրանքի կետերից եւ ոչ մեկով»: Երեկ սակայն Թբիլիսիի վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Օքրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա նախնական կալանքն ընտրելու վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը:
Իսկ երեկ «Հանուն միասնական Վրաստանի» շարժումը ստորագրահավաք է սկսել շարժման առաջնորդ Օքրուաշվիլիի ազատման պահանջով: «Մենք ստորագրություններ ենք սկսում հավաքել Օքրուաշվիլիին ազատելու, ինչպես նաեւ ժողովրդական շարժում ծավալելու նպատակով, որը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ազատվել Օքրուաշվիլին ու բոլոր քաղբանտարկյալները, եւ տեղի չի ունեցել իշխանափոխություն»,- ասել է շարժման ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտին Գունցաձեն: Ստորագրավահաքն իրականացվելու է ոչ միայն Թբիլիսիում, այլեւ տարածաշրջաններում: Ի դեպ, կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված Օքրուաշվիլին կալանվելուց մի քանի ժամ առաջ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրեն կարող են ձերբակալել, բայց դա տեղի կունենա «զգալիորեն ավելի ուշ»: «Իշխանությունը կորցնելու սպառնալիքի դեպքում Սահակաշվիլին կզոհաբերի բոլոր մերձավորներին: Դա տեղի կունենա, եթե Սահակաշվիլին զգա, որ կարող է կորցնել իշխանությունը, բայց առայժմ նման վտանգ չկա»,- ասել է նախկին նախարարը` հայտարարելով, թե անհրաժեշտության դեպքում Սահակաշվիլին «կարող է զոհաբերել նաեւ ՆԳ գործող նախարար Վանո Մերաբիշվիլիին»: Օքրուաշվիլին նաեւ հայտնել է, որ այս տարի Սահակաշվիլին իրեն առաջարկել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչը սակայն ինքը մերժել է: «Ես հրաժարվեցի բարոյական նկատառումներից ելնելով` գիտենալով, որ այդ պաշտոնը զբաղեցնող Զուրաբ Նողաիդելին այդ պահին ծանր հիվանդ է»,- հայտարարել է Օքրուաշվիլին: