«Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Լիդիա Մուրադյանի հավաստմամբ` պետական աջակցության շնորհիվ սրտի բոլոր վիրահատությունները կատարվում են 10-25 տոկոս զեղչով` կախված դրանց տեսակից եւ բարդությունից: Հիշեցնենք, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում տարեկան վիրահատվում է շուրջ 800 հիվանդ (ի դեպ, Հայաստանում սրտի վիրահատություններ կատարվում են միայն այս կենտրոնում, որը մինչեւ 1000 հիվանդի վիրահատելու հնարավորություն ունի): Սակայն Հայաստանում տարեկան վիրահատվելու կարիք զգում է միջին հաշվով 1500-2000 հիվանդ: Վերջին ցուցանիշը խոսում է Հայաստանում սրտանոթային հիվանդությունների խնդրի` բավականին սրված լինելու մասին: Այս հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունը մեծանում է հիմնականում 60-ն անց տարիքում, սակայն մեզանում դրանք ունեն երիտասարդացման միտում: