Ոստիկանությունը քողարկել է Հրանտ Դինքի սպանության հանգամանքները՝ թաքցնելով եւ վերացնելով ապացույցները: Այդ մասին հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը: «Քննությունից թաքցվում են ապացույցներ եւ տեղեկատվություն: Բազմաթիվ ապացույցներ վերացվել եւ կորսվել են»,- ասել է նա: Փաստաբանի խոսքերով, մասնավորապես, հունվարի 19-ին տեղի ունեցած սպանության ժամանակ «Ակոսի» խմբագրատանը մոտ գտնվող բանկի անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը, որոնք ձայնագրել էին նաեւ 2 գլխավոր կասկածյալների հեռախոսազրույցը, անհետացել էին, երբ դրանք վերցրել է Ոստիկանությունը, իսկ այդ մասին քննիչների տեղեկանալուց հետո նյութը նրանց փոխանցվել է ոչ ամբողջությամբ: «Ինչ-որ բան քողարկվում է, գուցե՝ որոշակի կապեր կասկածյալների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների միջեւ,- ասել է փաստաբանը՝ հավելելով,- Բացահայտված են մարդասպանը եւ նրա մերձավոր շրջապատը, սակայն ոչ իրական ոճրագործները»: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը թուրքական NTV մասնավոր հեռուստաալիքով հեռարձակվել է Դինքի սպանության գործով կասկածյալներից մեկի եւ Ոստիկանության մի պաշտոնյայի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որից հասկացվում է, որ տվյալ պաշտոնյան տեղյակ էր լրագրողի նախապատրաստվող սպանությանը: Դինքի սպանությունից քիչ անց տեղի ունեցած այդ հեռախոսազրույցի սղագրությունը կցվել է գործի նյութերին: