Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հրապարակած «Գործարարություն 2008» տարեկան զեկույցի համաձայն՝ 178 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 39-րդ տեղը: Ընդ որում` այս անգամ մեր երկիրը հինգ հորիզոնականով ետ է գնացել. անցած տարի մենք 34-րդ տեղում էինք:
Տեղեկացնենք, որ ՀԲ-ն եւ ՄՖԿ-ն իրենց զեկույցը կազմում են կամ նման վարկանիշային ուսումնասիրություն են կատարում՝ հաշվի առնելով երկրներում գործարարության ոլորտում կատարված բարեփոխումները: Սա նշանակում է, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործարարությամբ զբաղվելու պայմանները վատացել են կամ գոնե տեղից չեն շարժվել: Բոլոր դեպքերում, միջազգային այս կառույցների մասնագետները գտնում են, որ մեր երկրում, այնուամենայնիվ, որոշ բարելավումներ կան, որոնք «պայմանավորված են «Գործարարության» հետազոտության երեք ցուցանիշների ուղղությամբ՝ վարկերի ստացում, միջսահմանային առեւտուր եւ բիզնեսի փակում հատվածներում իրականացված բարեփոխումներով»: Ըստ զեկույցի հեղինակների, սնանկության գործընթացը հեշտացնող նոր օրենքի ընդունումը, մասնավոր վարկային բյուրոյի ստեղծումը, մաքսային համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման նոր համակարգի ստեղծումը դրական քայլեր են գործարարության պայմանները մեր երկրում բարելավելու համար: Սակայն «Հայաստանի գնահատականը ցածր է հարկերի վճարման եւ միջսահմանային առեւտրի ցուցանիշների մասով ու աշխարհում զբաղեցնում է համապատասխանաբար 143-րդ եւ 118-րդ տեղերը: Պաշտոնական հատվածում գործող բիզնեսը ստիպված է տարեկան շուրջ 1120 ժամ ծախսել 50 հարկային վճարումներ կատարելու համար, ինչը հավասար է շահույթի 36.6 տոկոսին»,- նշված է զեկույցի մեջ: Համեմատության համար զեկույցի հեղինակները բերում են Սինգապուրի օրինակը, որը բիզնես իրականացնելու համար ամենահարմար պայմաններն ունեցող երկիրն է: ՀԲ մասնագետները գտնում են, որ առեւտուրը Հայաստանի տնտեսության մեջ բավականին մեծ դեր է կատարում, սակայն պահանջվող վարչարարական ընթացակարգերի իրականացումը ներկայումս 3 անգամ ավելի ծախսատար եւ 6 անգամ ավելի ժամանակատար է: Այս վիճակը պարզ հասկանալու համար մասնագետները մեր երկիրը նորից համեմատում են Սինգապուրի հետ եւ օրինակ են վերցրել մեկ կոնտեյների տեղափոխման գինն ու ժամկետը: Զեկույցի համաձայն` Երեւանից կոնտեյների արտահանումն արժե 1165 դոլար եւ պահանջում է 30 օր, իսկ Սինգապուրից՝ ընդամենը 416 դոլար եւ 5 օր: Այս գումարի մեջ փոխադրման ժամանակը եւ ծախսերը ներառված չեն: Այսինքն` դա վարչարարական՝ մաքսային եւ այլ ձեւակերպումների վրա ծախսված գումարն ու ժամանակն է: Համեմատելու համար բերենք նաեւ Վրաստանի օրինակը: Մեր հարեւան երկիրը բիզնեսի համար բարենպաստ պայմանների առումով անցած տարի 37-րդ տեղում էր՝ երեք սանդղակով ետ էր Հայաստանից, սակայն այս տարի արդեն զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Ավելացնենք, որ Վրաստանը 37-րդ տեղին հասել էր 112-րդ հորիզոնականից: Սա նշանակում է, որ այս երկիրը գործարարության պայմանների բարելավման առումով արձանագրել է շատ կտրուկ առաջընթաց: Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի վիճակն ուսումնասիրության ենթարկված 178 երկրների շարքում բավականին ներկայանալի է: Նախորդ տարիներին էլ մեր երկիրն առաջին 40 երկրների շարքում է եղել: Եվ եթե համեմատություն կատարենք նախորդ տարիների կտրվածքով, ապա Հայաստանն իր գործարարներին Վրաստանից շատ ավելի լավ պայմաններ էր առաջարկում: Սակայն ցավալին այն է, որ հիմա մեր երկիրը դոփում է տեղում եւ այլեւս ոչինչ չի անում: Իսկ այդ ընթացքում ժողովրդավարության կամ տնտեսական զարգացման ուղին բռնած մյուս երկրներն աշխատում են, իրենց գործարարների համար լավ պայմաններ են ստեղծում ու վարկանիշային լավ ցուցանիշներ են ապահովում: Հարեւան Վրաստանն այսօր գտնվում է գործարարների համար շահեկան պայմաններ ունեցող լավագույն 25 երկրների շարքում: Հայաստանը երբեք այս դիրքում չի եղել: Իհարկե, ինչպես միշտ, մեր երկրի համար, կարող է, մխիթարությունն այն է, որ Ադրբեջանն այս ցուցակում գտնվում է 96-րդ հորիզոնականում:
Գործարարության համար հարմար պայմաններ ունենալու առումով, արդեն երկրորդ տարին է՝ ուսումնասիրվող ավելի քան 170 երկրների շարքը գլխավորում է Սինգապուրը, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, չորրորդ եւ հինգերորդ տեղերում են Հոնկոնգը եւ Դանիան: «Թեժ տասնյակը» եզրափակում է Իսլանդիան: Իսկ 25 լավագույն երկրների շարքը եզրափակում է Ավստրիան: Ավելացնենք, որ գործարարների համար հարմար պայմաններ ստեղծող աշխարհի լավագույն 25 երկրների շարքում, Վրաստանից բացի, կան նախկին Խորհրդային Միության եւս երկու հանրապետություններ` Էստոնիան եւ Լատվիան, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 17 եւ 22-րդ տեղերը: Մերձբալթյան երրորդ հանրապետությունը՝ Լիտվան, գտնվում է 26-րդ տեղում: Փաստորեն գործարարության պայմանների բարելավման տեմպերի առումով մեր հարեւան Վրաստանն առաջ է անցել նույնիսկ ժողովրդավարության ու տնտեսական զարգացման կղզյակ համարվող Մերձբալթյան երեք հանրապետություններից: Իսկ մեր երկիրը ոչինչ չանելով՝ առայժմ միայն «նահանջում» է: Վերջում ավելացնենք, որ Համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան իրենց ուսումնասիրությունները կատարել են` հաշվի առնելով բիզնես սկսելու, գործունեություն ծավալելու, առեւտրի, հարկման եւ բիզնեսի փակման ժամանակ կառավարության պահանջները կատարելու համար պահանջվող ժամանակն ու ծախսերը: