«Ֆետիշացնում ենք անցյալը, վարկաբեկում ներկան»

03/10/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հասարակական կյանքում մտավորականի դերին ու առաքելությանը վերաբերող հարցերը մամուլում եւ եթերում ակտիվորեն արծարծվում են, եւ նույնքան ակտիվ վարկաբեկվում է մտավորականը, քանի որ ամենախոցելի անհատն է, որին ով ասես կարող է վիրավորել»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարության Հրատարակչական գործերի գործակալության պետ, Գրողների միության քարտուղար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա կարծիքով` նման վերաբերմունքը նոր չէ, այն մոտ քսան տարվա վաղեմություն ունի, եւ սկսվել է այն ժամանակ, երբ նոր էին «սկսել շարժումները», ու հարց էր դրվում, թե որ մտավորականն ում հետ է, որն` ում դեմ եւ այլն. «Այս վերաբերմունքը հասցրեց նրան, որ մեր մշակույթի անգամ լուրջ անունները դարձան բերանի ծամոն եւ ձեռառնելիք: Այս հոգեբանությունը շարունակվեց, եւ այսօր անգամ մտավորականը հանկարծ ասում է` մենք մտավորականություն չունենք: Կարելի է օդի մեջ ասել՝ մտավորականություն: Բայց ովքե՞ր են նրանք: «Մտավորականություն» բառը ենթարկվեց գռեհիկ տարընթերցումների: Մի անգամ Համո Սահյանի հետ զրուցում էինք, «մտավորական» բառն էինք քննարկում, ասաց` իմ պապը լավագույն մտավորականն է, որովհետեւ ինքը ստեղծում է, չարչարվում է, խիղճ ունի, մի բան բերում է ժողովրդին,- նկատում է Է. Միլիտոնյանը` հավելելով,- Ընդհանրապես մենք մտավորական ասելով` հիմնականում նկատի ենք ունեցել պատմիչների, բանաստեղծների, այսինքն` գրի մարդկանց: Բայց հիմա այդ ասպարեզներն այնքան են լայնացել, որ բազում ասպարեզներում շատ լուրջ մտավորականներ ունենք»:

Է. Միլիտոնյանի կարծիքով` պետք չէ բառերի հետեւից ընկնել: Մենք պետք է տեսնենք, թե իրականում ունե՞նք այդ անհատը, ստեղծագործողը, ով չարչարվում է` նկարում է, գրում եւ այլն: Նա նշեց, որ մեզանում կուտակվել է ժխտական վերաբերմունքն ամեն ինչի հանդեպ. «Մարդ ասես հաճույք է ստանում, ասելով` չունենք: Չունենք գրականություն, արվեստ, մարզիկ եւ այլն: Բայց լավագույնը մարդուն ճանաչելը եւ նրա ճշգրիտ գնահատականը տալն է: Նախապես ժխտել` չիմանալով ոչինչ, պարզունակացված վերաբերմունք է որեւէ անհատի կամ ասպարեզի հանդեպ: Իհարկե, ոչ էլ պետք է ավելորդ լավատեսությամբ տառապել: Պարզապես պետք է ամենաճշգրիտ կերպով տեսնենք` մենք ինչ ունենք»:

Հրատարակչական գործերի գործակալության պետի հավաստմամբ` անհրաժեշտ է վերարժեքավորել նաեւ անցյալի բնագավառներին վերաբերող խնդիրները: Ըստ նրա` մեզանում անցյալի գոյականական որեւէ վիճակ ֆետիշացնելու, կռապաշտության աստիճանի հասցնելու հոգեբանություն կա: Ըստ նրա, կա նաեւ հակառակը` ցածրակարգ աստիճանի են իջեցվում այդ նույն ուղղության ժամանակակից գործիչները, ինչից ստացվում է անցյալի առասպելականացում եւ ներկայի, որ բնականաբար, նաեւ ապագայի հիմքն է, շատ թյուր, մատների արանքով գնահատում: «Սա մեզանում հիվանդություն է, որը միշտ էլ եղել է: Անգամ Հովհաննես Թումանյանին իր ժամանակակից որոշ քննադատներ համարում էին գրագող: Գրել են, թե իբր նա գողացել է այսինչ երկրների այսինչ թեմաները: Բնական է, նա մշակել էր «Քաջ Նազարը», «Սասունցի Դավիթը» եւ հեքիաթները, բայց դրանք հանճարեղ մշակումներ էին: Իսկ այսօր նա բոլորիս համար սրբություն է` իր ստեղծածով, վարքուբարքով, ազգի ճակատագրի մեջ ունեցած իր մեծ դերով: Իսկ նրա կողքին ապրողը նրան գրագող է անվանում: Չարենցին իր գրող ընկերները տարան կառափնարան: Շատ մեծ մարդկանց մեզանում նախանձի, չարության գաղջ մթնոլորտում վարկաբեկել են, տարել են մահվան դուռ: Մեծ մարդկանց կողքին անընդհատ հայտնվում են փոքրերը, որոնք քարկոծում են նրանց, ու հասարակությունն ընկնում է երկակի խաղի դիտորդի կարգավիճակում, եւ չգիտի` ով է ճիշտ»:

Իսկ որքանո՞վ կարող է մտավորականը խառնվել պետական-քաղաքական գործընթացներին: Է. Միլիտոնյանի կարծիքով` այստեղ մտավորականությանը միշտ սպասարկողի դեր է հատկացվել: Մինչդեռ, ըստ նրա, ստեղծագործողը վեր է ցանկացած մեխանիզմից. «Բայց եթե մտավորականը համոզված է, որ կուսակցական որեւէ ուժի ծրագիրը մեզ համար կարեւոր է, ու ինքը սատարում է այդ կուսակցությանը, դրանով նա չի վարկաբեկվում որպես մտավորական: Մեծ գրող Գյունտեր Գրասը խղճին համապատասխան սոցիալ-դեմոկրատ էր, մասնակցում էր ընտրություններին եւ երկրի ճակատագրի համար իր ուժն էր ներդնում: Քաղաքականությունը միայն քաղաքական գործիչներինը չէ: Սխալվում են այն գործիչները, որոնք կարծում են, թե իրենք երկնքից են իջել ու ամբողջ ժողովրդի ճակատագիրն իրենք պիտի որոշեն: Քաղաքական գործիչներն իրենք պիտի հասկանան մեր մտավորականին, մեր ստեղծագործողին: Առաջ քաղաքական գործիչները շատ մեծ պատիվ էին համարում, որ գրողների, նկարիչների, երաժիշտների հետ նստեն-վեր կենան: Քաղաքական պայքարում մտավորականը բնականաբար իր դերն ունի, իր խոսքը պիտի ասի, եւ շատ կարեւոր խոսքը: Եվ ոչ մի քաղաքական գործիչ չպետք է մտածի, որ եթե այս մտավորականն իր հետ չէ, ուրեմն նրա խոսքը պիտանի չէ»:

Է. Միլիտոնյանի կարծիքով` ստեղծագործող անհատը վեր է պետություններից, անգամ` ժողովրդից: Ստեղծագործողը բարձր գաղափարների կրող է. «Հասարակության մեջ մտավորականության, անհատի դերը հսկայական է: Բայց հաճախ գուցե ավելին են պահանջում մտավորականից: Բայց նա ստեղծում է այն, ինչն իրենն է: Ավելին պետք չէ պահանջել: Ավելի լավ է տեսնենք, թե նրա արածը հասարակության համար պիտանի՞ է, թե՞ չէ: Ու նրա դերը չպետք է պարզունակացնենք` ասելով, որ նա դրոշակակիր պիտի լինի, եւ այլն: Կամ էլ` չպետք է մտավորականի դերն այնքան ֆետիշացնել, որ դառնա պարզունակ մի բան, պետք չէ վարկաբեկել այդ մարդուն: Մտավորականն այդքանը կրելու պատրաստ չէ, նա հոգեւոր աշխարհի մարդ է, իր ժողովրդի մեջ է»,- նկատում է Էդվարդ Միլիտոնյանը: