Վրդովվել է

01/10/2007

Երեկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որով իր «վրդովմունքն» է արտահայտել նախօրեին ԱՄՆ ութ նախկին պետքարտուղարների` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված կոչի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարները Փելոսիին հորդորում են՝ տապալել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106 բանաձեւը: «Իրոք ցավալի է, որ ութ փորձառու դիվանագետներ տեղիք են տալիս Թուրքիայի մեքենայություններին: Այդ նամակում տեղ գտած շատ հարցերի հետ կարելի է չհամաձայնել, հատկապես` այդպիսի բանաձեւի կարծեցյալ վնասների առումով: Ես կանդրադառնամ միայն այն անազնիվ հայտարարությանը, ըստ որի՝ այդպիսի բանաձեւը «վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման հասնելու ջանքերին»: Ես ափսոսանքով եմ նշում, որ որեւէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, գոյություն չունի: Մտահոգություններ հայտնել գոյություն չունեցող գործընթացը վնասելու առումով՝ պարզապես շինծու կեցվածք է»,- իր հայտարարությունում գրել է Օսկանյանը` նշելով, որ Հայաստանի պատրաստակամությունը` նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, մշտապես մերժվել է այդ երկրի կողմից: «Ես արդեն գրել եմ խոսնակ Փելոսիին` արտահայտելով մեր խորը մտահոգությունները եւ ցրելով հետեւանքների մասին այն սին հայտարարությունները, թե որեւէ բանաձեւ, որն անդրադառնում է մարդու իրավունքների ու ցեղասպանության հարցերին, կարող է վնասել որեւէ երկկողմ հարաբերություններին»,- իր հայտարարությունը եզրափակել է Օսկանյանը: Նկատենք, որ թեեւ ամերիկացի դիվանագետների հայտարարությունն առնչվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծին, սակայն այն, թեկուզ ֆորմալ առումով, վերաբերում է ԱՄՆ ներքին գործերին, եւ Օսկանյանի հայտարարությունը կարող է դիտարկվել նաեւ որպես այդ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ: Պետք է, որ ԱՄՆ նախկին քաղաքացի Վարդան Օսկանյանը դա շատ լավ իմանա: