«Եվրամիությունը հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման հարցում»,- երեկ ԵԽ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` հավելելով, թե Եվրամիությունն ակտիվորեն ցանկանում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը: «Չնայած Եվրամիությունն անմիջականորեն ներգրավված չէ կարգավորման գործընթացում, այնուամենայնիվ, կառույցը շարունակելու է աջակցել դրանց հնարավոր շուտափույթ լուծմանը: Եվրամիությունն այս հարցում որդեգրել է «մեղմ» քաղաքականություն: Նա երբեք խնդիրների լուծման ճանապարհը չի տեսնում սպառնալիքների մեջ»,- հավաստիացրել է Սեմնեբին` նկատելով, թե հակամարտությունները հիմնական խոչընդոտն են տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների համար: Փիթեր Սեմնեբին մասնավորապես կարեւորում է ԼՂ հիմնախնդրի լուծումը` ասելով, թե տարածաշրջանի հատկապես այդ հակամարտությունը Եվրամիության ուշադրության կենտրոնում է: «Պետք է հնարավորինս աջակցել նրա մոտալուտ կարգավորմանը, ինչը հնարավոր կլինի փոխըմբռնման եւ ժողովրդավարական սկզբունքների խորը գիտակցման դեպքում»,- ասել է Սեմնեբին` ավելացնելով, որ հակամարտություններն, ի վերջո, մեկուսացնում են տարածքները: Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական նորմերի ներմուծմանը` ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ այս 2007թ. ԱԺ ընտրությունները, չնայած առկա որոշ թերություններին, այնուամենայնիվ, զգալի առաջընթաց էին Հայաստանի համար: «Եվրամիությունը գոհ է ընտրությունների ընթացքից: Եվ ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնելու հատկապես 2008թ. նախագահական ընտրությունների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացմանը»: