Լաստանավը սկսել է աշխատել

01/10/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Սմաթ» լաստանավն արդեն սկսել է իր կանոնավոր բեռնափոխադրումները Կովկաս-Փոթի երթուղու վրա: Ապրիլին փորձնական ուղերթ կատարելուց, մայիսին էլ «ՀայՌուսգազարդի» խողովակները տեղափոխելուց հետո լաստանավն օգոստոսի վերջից արդեն երեք անգամ Փոթի է հասցրել հայկական բեռներ: Այդ մասին երեկ մեզ տեղեկացրեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ հավատացրեց, որ այսուհետ «Սմաթը» շաբաթը մեկ անգամ կանոնավոր կերպով հայկական բեռները Կովկասից կտեղափոխի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ: Հիշեցնենք, որ հատուկ հայկական բեռներ տեղափոխելու համար այդ լաստանավը կառուցել է ուզբեկ սեփականատեր Խակիմ Մատչանովը: Լաստանավի վրա տեղավորվում է 50 վագոն: Հիմա Մատչանովը կառուցում է երկրորդ նույնատիպ լաստանավը: «Սմաթն» իր կանոնավոր աշխատանքները պետք է սկսեր մարտին, սակայն դա տեղի ունեցավ ավելի քան հինգ ամիս ուշացումով: Նախ՝ Կովկաս նավահանգստում ռուս սահմանապահները թույլ չէին տալիս, որ լաստանավը կայանի եւ բեռներ բարձի: Հետո՝ նավահանգստում ի հայտ եկան տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր չէր բեռները նավ բարձրացնել: Բացի այդ, բեռները մաքսազերծելու համար նավահանգիստը չուներ մաքսատուն: Անդրանիկ Մանուկյանը հավատացնում է, որ հիմա այս բոլոր խնդիրները լուծված են: Իսկ այս լաստանավի գործարկումը Հայաստանի համար շատ կարեւոր է, որովհետեւ Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո հայկական բեռնափոխադրումները մնացել են միայն Փոթի-Իլյիչեւսկ լաստանավի հույսին, որն իր շրջապտույտը կատարում է մեկ շաբաթվա ընթացքում: Այս երթուղով առաջին հերթին բարձվում են վրացական, ուկրաինական, բուլղարական բեռները, վերջում, եթե տեղ է մնում՝ նոր հայկական բեռները: «Սմաթը» Կովկաս նավահանգիստ հասնում է երկու օրում եւ առաջին հերթին տեղափոխելու է հայկական բեռները:

– Պարոն Մանուկյան, «Սմաթ» լաստանավն արդեն կարո՞ղ է կանոնավոր կերպով կատարել բեռնափոխադրումները, թե՞ դեռ էլի խոչընդոտներ կան:

– Լաստանավը սկսել է գործել, աշխատում է: Մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ, եւ այս հարցը նույնպես բարձրացվեց: Հիմա միայն մաքսային ձեւակերպումների խնդիրն է մնացել: Քանի որ Կովկաս նավահանգստում չկա մաքսատուն, ակցիզային բեռները մաքսազերծելու խնդիր կա: Այս հարցը երկու օր առաջ Մոսկվա կատարած պաշտոնական պատվիրակության այցի ժամանակ քննարկվեց նաեւ երկու վարչապետերի մակարդակով եւ հանձնարարվեց մինչեւ տարեվերջ նավահանգստում ստեղծել մաքսատուն: Այսինքն՝ այստեղ արդեն որեւէ խնդիր չկա, լաստանավն արդեն կանոնավոր աշխատելու է: Հիմա մենք ուզում ենք բեռներ ապահովել:

– Հիմա էլ ստացվում է՝ լաստանավն աշխատում է, տեղափոխելու բեռնե՞ր չկան:

– Չէ, բեռներ ապահովելու խնդիր չկա, երթուղին դեռ նոր է, մարդիկ դեռ սովոր չեն: Երբ որ տեսնեն, համոզված լինեն, որ իրենց բեռն ապահով կհասնի տեղ, պարզ է, որ կընտրեն այս ավելի կարճ ու ավելի հարմար ուղին:

– Հիմա մաքսակետը ո՞վ պետք է կառուցի: Ամիսներ առաջ խոսակցություն եղավ, թե ռուսներն իրենք չեն կառուցում եւ պարտադրել են, որ Մատչանովը կառուցի:

– Ստիպելու խնդիր չկա, մաքսային կետը պետք է կառուցի Ռուսաստանի Մաքսային ծառայությունը: Ասում էին՝ քանի որ դու ես իրականացնողը, դու արա, բայց կրկնում եմ, միջկառավարական հանձնաժողովով որոշվեց, որ դա պետք է անի Ռուսաստանի Մաքսային ծառայությունը: Երկու օր առաջ վարչապետերի հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվեց, եւ Ռուսաստանի վարչապետն ուղղակի հանձնարարեց, որ մինչեւ տարվա վերջ պետք է դա կարգավորվի:

– Փետրվարին, երբ Մատչանովի հետ այդ լաստանավի գործարկման լուրն էիք հայտնում, հայտարարեցիք, թե այս տարբերակով բեռնափոխադրման սակագները շատ ավելի ցածր կլինեն, որովհետեւ ճանապարհը կրկնակի կարճանում է: Սակայն հիմա սեփականատերը բոլորովին էլ ցածր սակագներ չի սահմանել:

– Ոչ, նա ավելի էժան է սահմանել: Մենք Իլյիչեւսկի դեպքում 1 վագոնի համար վճարում էինք 2400 դոլար, այս դեպքում՝ 2200 դոլար: Բայց դա դեռ վերջը չէ, քննարկում ենք, բանակցում ենք, որ Մատչանովը գներն իջեցնի: Պայման եմ դրել, որ ռազմավարական նշանակության բեռների համար պետք է զեղչ սակագներ կիրառի՝ ցորենը, նավթամթերքը պետք է ավելի ցածր գներով բերի, որովհետեւ տրանսպորտային ծախսերն ապրանքն ավելի են թանկացնում:

– Ի՞նչ չափի զեղչի մասին է խոսքը:

– Պարզ չէ, դեռ քննարկման փուլում է այդ հարցը:

– Բայց հնարավոր է՝ չիջեցնի, որովհետեւ միակ լաստանավն է, որ Կովկասից Փոթի է գալիս:

– Կկրճատի, ինչի՞ մասին է խոսքը: Այդ նավահանգստից օգտվելու հիմնական դժվարություններն արդեն վերացվել են, եւ Մատչանովը կունենա շատ մրցակիցներ: Այնպես որ, նա մոնոպոլիա չունի, եւ ինքը դա շատ լավ գիտի: Դրա համար էլ ստիպված կլինի ավելի ցածր սակագներ սահմանել: Ես կողմ եմ, որ այդ գծի վրա երկրորդ ընկերությունն էլ աշխատի, որովհետեւ մրցակցության արդյունքում գները կիջնեն:

– Մատչանովը հայկական կողմին առաջարկել էր գնել լաստանավի 45 տոկոս բաժնեմասը, ցանկացողներ չե՞ն հայտնվել:

– Այո, առաջարկել է, բայց, ցավոք սրտի, մեր գործարարներից ցանկացողներ չեն եղել: Բոլորին առաջարկվել է, նույնիսկ մեր Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն է բոլոր գործարարներին առաջարկել, թե՝ գնեք այդ բաժնեմասը:

– Իսկ ինչո՞ւ ցանկացողներ չկան, ի՞նչ են պատճառաբանում գործարարները:

– Չեմ կարող ասել, հավանաբար նրանց համար ձեռնտու չի եղել:

– Միգուցե պետությո՞ւնը գնի:

– Ոչ, ես ընդհանրապես դեմ եմ, որ պետությունը խառնվի բիզնեսին: Ես գտնում եմ, որ պետության մասնակցությունն անիմաստ է:

– Գոնե սկզբի համար կարող է գնել, շահագործել, ապացուցել, որ դա ձեռնտու բիզնես է, եւ դրանով շահագրգռել գործարարներին: Չէ՞ որ լաստանավում բաժնեմաս ունենալը Հայաստանի համար շատ կարեւոր է: Հատկապես, որ խոսքն առանձնապես մեծ գումարների մասին չէ, այդ 45 տոկոսն ընդամենը 10 մլն դոլար արժեր: Ամբողջ լաստանավի արժեքը 20 մլն դոլար էր, ու չի բացառվում, որ Մատչանովը մի օր որոշի, որ Թուրքիա գնալն ավելի շահավետ է, քան Փոթի գալը:

– Նա ուներ այդ ծրագիրը՝ ուզում էր լաստանավը Կովկաս-Սամսուն երթուղու վրա շահագործել: Բայց ինձ թվում է, որ այս ուղղությունը նրա համար ավելի շահավետ է: Հաստատ գիտեմ, որ Մատչանովը գնա, կգան ուրիշները: Օրինակ՝ «Անինկով» ընկերությունը: Եթե հիշում եք, դա նախկինում էլ մի անգամ այդ երթուղով Փոթի եկել է: Նորից եմ ասում, հիմնական դժվարությունները լուծված են, եւ Կովկաս նավահանգստի նկատմամբ հետաքրքրվողների թիվը մեծանում է:

– Պարոն Մանուկյան, կասկած չկա, որ Հայաստանին այդ լաստանավը շատ է անհրաժեշտ, եւ այդ բեռնափոխադրումը շահութաբեր բիզնես է: Ինչո՞ւ չկարողացանք այդ բաժնեմասը ձեռք բերել: Միգուցե բավարար չափով չի՞ ներկայացվել խնդիրը, կամ գործարարներին չի՞ բացատրվել, որ դա ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ դատապարտված է շահութաբեր լինել:

– Մենք ունենք աշխարհում ապրող շատ հարուստ գործարար հայեր, որոնք կարող էին ձեռք բերել այն, ինչ որ հիմա քննադատվում է, թե տվել ենք ռուսներին: Կարող էին ձեռք բերել նույն կապի օպերատորներից որեւէ մեկը կամ երկաթուղին: Մենք մեր մեծահարուստ հայերին առաջարկում էինք, որ Բաթումիի նավահանգստի մի քանի տերմինալները, որ վաճառվեցին, գոնե դուք ձեռք բերեք: Հիմա նույն վիճակը Փոթիում է: Առաջարկում ենք՝ գոնե այստեղ սեփականություն ձեռք բերեք, բայց մարդուն չենք կարող ստիպել, թե՝ գնա փող դիր:

– Մոսկովյան հանդիպման ժամանակ վարչապետերը խոսել են նաեւ Վերին Լարսի սահմանի մասին: Բացելու հեռանկարներ կա՞ն:

– Ընդհանուր առմամբ տրանսպորտային ենթակառուցվածքների մասով միշտ էլ խոսակցություններ լինում են, բայց Լարսը զուտ ռուս-վրացական հարաբերությունների խնդիր է: Առայժմ ես չեմ կարող ասել, թե դա երբ կբացվի, երբ կկարգավորվեն այդ հարաբերությունները: Դա քաղաքական խնդիր է: Ճիշտ է, դա այդ երկու երկրների հետ է կապված, բայց ուղղակիորեն Հայաստանի դեմ է: