Էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովի առաջիկա համերգային այցը Հայաստան օրեցօր հայ հասարակության մոտ սկանդալային արձագանք է ստանում: Նրա համերգները պրոպագանդող ցուցանակները որոշ պատրիոտների ձեռքերով պատառոտվում են: Այցելելով այն արհեստանոց, որտեղ պատվիրվել էին վերոնշյալ ցուցանակները, ականատես եղանք, թե դրանք ինչպես էին բզկտվել երեւանցիների կողմից եւ հետ բերվել նույն արհեստանոց: Երբ վարպետին հարցրեցի, թե ինչպես են ցուցանակները վնասել, վերջինս ասաց՝ «Ի՞նչ իմանամ, երեւի ատոմային ռումբով, մեր երիտասարդությանը չգիտե՞ք…»: Թղթե ցուցանակներ պատրաստող վարպետը նաեւ ասաց, որ երեւանցիների զայրույթին արժանացած պատառոտված թղթե ցուցանակներն անմիջապես փոխարինվել են օդում կախված գովազդով, որպեսզի անձեռնմխելի լինեն: Ֆիլիպի այցի մասին հասարակության վերաբերմունքը հասկանալու համար փորձեցինք հարցում անցկացնել հենց փողոցում: Պետք է նշել, որ Ֆիլիպ Կիրկորովի անունը լսելիս շատերի մոտ նկատվեց դեմքի տհաճ արտահայտություն:
Գրիգորյան Անահիտ (աշակերտուհի). «Ես կտրականապես դեմ եմ նրա Հայաստան գալուն: Նախ` նրա երաժշտությունը Հայաստանում չպետք է լսեն, մենք լավ երգիչներ ունենք, որոնք անհամեմատ լավն են, քան Կիրկորովը: Բացի այդ, հայ լրագրողի հետ կատարված սկանդալն առիթ հանդիսացավ, որ հայերը հասկանան, որ չարժե նրա արվեստը լսել: Ես վստահ եմ, որ եթե Իրինա Արոյանը ոչ թե հայ, այլ ռուս լիներ, Կիրկորովն իրեն թույլ չէր տա նման վերաբերմունք: Ռուսաստանում հայերին այնքան էլ չեն սիրում, իսկ այս պարագայում գոնե կարելի էր հարգել: Մեր հասարակությունը տարօրինակ ու ընդունելի օրինաչափություններ ունի, օրինակ՝ գնում են Կիրկորովի համերգին այնպես, ինչպես ապրիլի 24-ին գնում են Ծիծեռնակաբերդ` Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու, առանց գիտակցելու, թե ուր են գնում եւ, ընդ որում, առանց զգացմունքի»:
Կարագուլյան Անուշ (աշակերտուհի). «Ես դեմ եմ Կիրկորովի այցին, որովհետեւ նա ասում է, որ ինքը հայ չէ եւ չի սիրում հայերին: Նա ելույթ ունեցավ Թուրքիայում եւ երգում է թուրքական երգեր: Ես համենայն դեպս հայ լինելով` չեմ գնա նրա համերգին: Ես գտնում եմ, որ Կիրկորովի համերգին գնացողները չեն սիրում Հայաստանը եւ իրավունք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի կոչվել: Սկզբունքորեն հայ կոչվելու իրավունք չունեն»:
Մանուկյան Արման (ինժեներ). «Ես չգիտեմ, նրան որպես երգիչ չեմ սիրում, ոչ էլ երգերն եմ լսում ու ոչ էլ տղամարդ եմ համարում: Ես չէի ցանկանա նրան տեսնել մեր Հայրենիքում` հայ լրագրողին վարկաբեկելու համար, իրեն կոռեկտ չի պահել մեր աղջկա մոտ: Չնայած, եթե մեզ նրա գալը փողեր է բերելու, թող գա, բայց ինձ ու քեզ էդ փողից չի հասնելու, կազմակերպիչի գրպաններն են պայթելու «Ա յա նե զնալ չտո լյուբով»- ի եկամուտներից: Հայկական կոմերցիա է, չէ՞, ամեն ինչ` հանուն փողի: Բայց եթե ձրի տոմս տան ու չոքեչոք կանչեն, ես չեմ գնա»:
Հայրապետ (բժիշկ). «Կարծում եք, Վլադիմիր Աբաջյանի երեկոյի տոմսերը թողած Կիրկորովի տոմսը՞ կգնեմ: Ոչ մի դեպքում»:
Անտոնյան Ռուզաննա (երաժիշտ). «Ես մի կողմ դնելով մեր ազգին հասցրած վիրավորանքը, նախ ասեմ, որ նրան որպես աստղ չներկայացնեն, որովհետեւ այդ պոպսա երգողներից շատ կան, հետո՞ ինչ, որ ձայն ունի, թող մի քիչ էլ ճաշակով երգեր երգի: Նախ` ինքը դավաճան է, որովհետեւ Պետրոսյան է ու իր արմատներն արհամարհում է, հրաժարվում է հայ լինելուց: Հայ լինելը նրա համար «զապադլո» է, ո՞նց սիրես նման մարդուն: Եվ հետո, Իրինա Արոյանի հանդեպ նրա ատելությունը պայմանավորված է Արոյանի կովկասցի լինելու հանգամանքով: Կիրկորով կոչվածը մեր ազգին է կպել, իսկ մեր ազգի փողատերերը երեւի ազգային ինքնասիրությունից զուրկ են: Էս թեման ինձ ջղայնացրեց, ուրիշ հարց չունե՞ք, ուրիշը տվեք: Մեկ ա, էդ համերգը չի կայանալու, «պռավալ ա» լինելու, որովհետեւ բոլորն էլ իմ նման են մտածում: Ռեկլամը նայեցի ու ֆազերս քցեց»:
Ծ. Վ. «Իհարկե նորմալ եմ համարում նրա գալը: Կիրկորովը երգիչ է, ոչ թե քաղաքականագետ: Վատ բան չի անում, գալիս ա հայ ժողովրդի համար երգի, ուրախացնի: Կարող ա իրան հայությունից զրկեն, հորից զրկեն, բայց արվեստն ի՞նչ կապ ունի»:
Ներսիսյան Արտակ (ռեժիսոր). «Հայ ազգը, չգիտես ինչու, բացասաբար է տրամադրված նրա գալուն, իրարամերժ կարծիքներ կան ազգային դրսեւորումներով: Ժուռնալիստի հետ կատարված դեպքից հետո նրան չեն ընդունում: Մեր մենթալիտետը, մեր ազգին բնորոշ գծերը նման տհաճ դեպքերը չեն հանդուրժում: Բայց նա երգիչ է, գալիս է երգելու, այս դեպքում արվեստ է ներկայացնում, ընդ որում, պրոֆեսիոնալ արվեստ: Թեեւ ինքս էլ որպես հայ նրան չեմ ընդունում ու այնքան էլ չեմ սիրում իր արվեստը»:
Շախմատ խաղացող. «Բացի այն, որ Կիրկորովին չեմ սիրում, այն, ինչ կապված է ռուսականի հետ, չեմ սիրում: Իսկ էդ պաստառները, որ տենց ավիրել են, մենք լավ էլ գիտեինք, որ էդպես էլ պետք է լիներ: Ռուսների մեջ միակ բանը, որ հարգում եմ՝ սալն ու օղին է, վերջ…»:
Անտոնյան Արման. «Ես հիմա կարող է մի քիչ կոպիտ խոսեմ ու պատրիոտիկ խոսքեր ասեմ: Եթե մարդ հայի արյուն ունի եւ ներկայանում է այլազգի, էլ ի՞նչ ասես: Գոնե թող ասի՝ մեկ չգիտեմքանիերրորդս հայկական է: Գալիս է Հայաստան փող աշխատելու, գոնե պետք է թասիբ ունենա: Իմ սուբյեկտիվ կարծիքը համապատասխանում է մեր համաքաղաքացիների կարծիքին, նա չպետք է գա Հայաստան: Նրա նպատակը հո մեզ ուրախացնե՞լը չէ, նա եկել է գումարներ աշխատելու: Մենք այդքան դատապարտում ենք՝ եղեռն, թուրք եւ այլն, բայց նույն հաջողությամբ ամառային բոլոր տուրիստական ուղեգրերն ընտրել են այնտեղ, ծփում են: Այսինքն՝ մի կողմից դատապարտում ենք Թուրքիային, որպեսզի պահանջները բավարարեն, մյուս կողմից էլ փողերը թողում ենք Թուրքիայում, գալիս ենք: Լավ չէ, որ ժողովուրդը կորցրել է թասիբը: Նույն բանն է»: