Գալյայի կյանքում դատարկությունն էնքան շատ է, որ նա դժվարանում է ընտանիքի առօրյայից ինչ-որ տեղեկություններ պատմել. «Օ՜ֆ, Չգիտեմ…»,- ամեն խոսքից հետո ասում է նա ու շշուկով քթի տակ ինչ-որ բաներ է մտմտում: 45 տարեկան է ու ամաչում է խոսել իրականության մասին, որովհետեւ անցյալն ուրիշ է եղել, իսկ իրականության մեջ կաշկանդվելու շատ բան կա: Օրինակ՝ ամուսինը «Ֆայլա բազարում» կանգնող տղամարդկանցից մեկն է, բայց հաստատ արժանի չէ այդ անպատվաբեր աշխատանքը կատարելուն, դրա համար էլ Գալյան նախընտրում է շատ չանկեղծանալ: Գալյայի լռությունն իր ընտանիքի մասին ավելի շատ բան է ասում, քան այն կցկտուր խոսքերը, որոնցով փորձում է պատմել ներկայի մասին, բայց, միեւնույն է՝ մտովի վերադառնում է Բաքու: Բաքվի փախստականներից է, բայց ամեն կերպ հարցերս շրջանցում է, որ փախստականի իր կարգավիճակի մասին չխոսի: Ենթագիտակցորեն կարծում է, թե իր կարգավիճակը փոխելու է վերաբերմունքս, որովհետեւ մշտապես բախվել է նման մոտեցման: Տեղաբնակներն այնքան էլ չեն ողջունում Բաքվի փախստականների առկայությունը Երեւանում, դրա համար էլ Գալյան լռությունը դժվարությամբ է խախտում: Ասում է՝ «Դե՛, մեզ էստեղ տեղավորեցին, ասեցին՝ ապրեք, մինչեւ նորակառույց շենքում տուն կտանք: Սենց էլ մնացինք սպասելով: Էդ սպասումն ահավոր ա: Սպասողական վիճակը մարդուն սպանում ա»: Նրա համար դժվար է, որովհետեւ յուրաքանչյուր օրը կապում է այդ սպասումների հետ, սակայն մշտապես հուսահատվում է:
Վարդաշենի հանրակացարանի նրանց խուլ սենյակի դուռը բացվում է ու ներս է մտնում մի փոքրիկ աղջիկ: Զարմացած նայում է մեկ՝ մորը, մեկ էլ՝ ինձ՝ հասկանալու համար, թե զրույցի իմաստը որն է, հավանաբար կարծում է, թե էդ սպասումների հետ կապված եմ եկել: Հետո, երբ 4-րդ դասարանցի Թագուհու հետ ծանոթանում ենք՝ սկսում է մոր փոխարեն ինքը խոսել: Ասում է՝ «Գիտե՞ս, ես մի երազանք ունեմ», ու հիացած սպասում է իմ հարցին։ «Ի՞նչ երազանք»,- հարցնում եմ: Աչքերը սկսում են փայլել ու այնքան հրճվանքով է խոսում, որ թվում է՝ արդեն հայտնվել է երազանքի մեջ: Ժպտալով ասում է՝ «Կգա մի օր, որ մենք էլ բոլորի նման տուն կունենանք, բայց լավ տուն, ոնց որ ուրիշներինն ա, սենց, աստիճաններով, մաքուր, սպիտակ պատերով, լուսավոր, ազատ, որ ես կարենամ վազվզեմ»: Չնայած Թագուհու փոքր տարիքին, նա նման է հասուն մարդու, որովհետեւ փոքր աղջկա երազանքների մեջ լիքը հոգս կա: Դժվար է ասել, թե այս երեխան իր մանկությունն է վայելում, որովհետեւ խոսում է նյութական ապահովվածության ու մի քիչ էլ կենցաղային հարմարավետության մասին: Իսկ երեխայական երազանքներ չունի, որովհետեւ անգամ դպրոցում սովորելու համար նրանից «նյութ» է պահանջվում: Գալյայի երեք երեխաները դպրոցական են, ու յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկին ամուսինները կանգնում են փակուղու առջեւ: Ասում է, որ պարտքերով են երեխաների դպրոցական հարցերը լուծում եւ ամբողջ տարին ստիպված են լինում գումար հայթայթել ու պարտքերը մարել: Հաճախ Գալյայի նյարդերը չեն դիմանում, ծանր ապրումներ է ունենում, դրա համար էլ սրտի առիթմիա հիվանդությունը գլուխ է բարձրացրել: Ասում է, որ Խանլարի շրջանում ապրելու տարիներին կարգին տուն ու աշխատանք են ունեցել: «Հիմա ամեն ինչ բախտի քմահաճույքով ա: Ֆայլա բազարում կանգնում ա՝ աշխատանք կլինի՝ 2 կոպեկ կբերի, չի լինի՝ սոված կմնանք: Ինքը մալյարություն, սվաղ անող ա, ձեռքի շնորհք ունի, բայց գործ շատ չի լինում: Բոլոր խանութներին պարտքի ցուցակ ունենք: Է՜, ամաչում եմ շատ բան ասել, մենք էս մարդը չենք եղել»: «Փարոսից» ստացած 16.000 դրամ նպաստի համար էլ շնորհակալ է պետությանը, որովհետեւ այդ գումարն իրենց տուն մտնող միակ կայուն «եկամուտն» է: Գալյան հիշում է ժամագործի իր մասնագիտությունն ու հիացմունքով պատմում է, թե նախկինում ինչ մեծ սիրով, հետաքրքրությամբ է աշխատել: Ասում է, որ ժամագործությունն ամենահետաքրքիր մասնագիտություններից է, սակայն մեր ժամանակներում այն համարվում է ոչ պիտանի աշխատանք: Հարցնում եմ՝ «Չե՞ք կարող ուրիշ տեղ աշխատել»: Պատասխանում է՝ «Ախր երեխաներիս պետք ա տիրություն անել: Գոնե, եթե նենց աշխատանք լիներ, որ առավոտը գնայի ու 5-ին, 6-ին գայի, հասցնեի երեխեքի դասերը սովորացնել՝ կաշխատեի: Հիմա, եթե ես առավոտից իրիկուն գնամ՝ երեխեքս լրիվ դասերից, ամեն ինչից կզրկվեն»: Թագուհին նորից հրճվանքով մոտենում ու ասում է՝ «Գիտե՞ս, ես մի երազանք էլ ունեմ: Պիտի ինստիտուտ ընդունվեմ, որ լավ, խելացի մարդ դառնամ, լավ աշխատանք ունենամ ու մամայիս-պապայիս պահեմ: Հըլը չեմ որոշել, թե որ ինստիտուտ կընդունվեմ, բայց հաստատ լավ եմ սովորելու, որ գիտելիքներ ունենամ ու լավ աշխատանք ինձ տան: Ուղղակի մեզ տուն ա պետք, որ շատ չնեղվենք, մի քիչ լավ ապրենք»: