Կդիմեն Եվրոպական դատարան

28/09/2007

Երեկ Վճռաբեկ դատարանում ՀՀ Արդարադատության խորհուրդը լսեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի հարցը: Հիշեցնենք, որ Պ. Օհանյանի դեմ մեր իշխանությունների հետաքրքրությունը սրվեց այն բանից հետո, երբ նա արդարացրեց «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանին եւ Արամ Ղազարյանին: Դա տեղի ունեցավ հուլիսին, իսկ սեպտեմբերին արդեն կարգապահական վարույթը հարուցված էր: Այս ընթացքում իրավապահները ուսումնասիրել էին Պ. Օհանյանի բոլոր գործերը եւ դրանցից 16-ի դեպքում խախտումներ էին հայտնաբերել: Օրինակ, Պ. Օհանյանը վճիռներից մեկում Գարեգինի փոխարեն գրել էր՝ Գարիկ, թերացել էր եւ վճիռը ամբաստանյալին փոխանցել էր 10 օր ուշացումով, տուգանքի չափն էր սխալ սահմանել, եւ այդպես շարունակ: Իսկ որտե՞ղ էին այն ժամանակ արդարադատության խստապահանջ այրերը, երբ Պարգեւ Օհանյանը 16 դատական գործերի դեպքում խախտումներ էր թույլ տալիս: Եվ արդյոք, եթե այսօր նույն այդ խորհուրդը որոշի քչփորել Պ. Օհանյանի մեղադրանքները կարդացող Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի կամ Նախշուն Տավարացյանի մասնագիտական անցյալը, նման կամ ավելի ծանրակշիռ թերացումներ չի՞ հայտնաբերի: Վաղը Պ. Օհանյանը կպատասխանի Արդարադատության խորհրդի այս անդամների հարցերին, որից հետո խորհուրդը կորոշի` ի՞նչ պատիժ տալ նրան: Պ. Օհանյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ խնդրի լուծման իրենց չբավարարող պատասխանի դեպքում դիմելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: