«Մեզ չեն սիրում»

12/05/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջել Ադրբեջանին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

– Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Ավելորդ ծայրահեղությունը լուրջ վնասներ կարող է բերել մեր երկրին ու ժողովրդին: Մենք հավասարակշռված մոտեցման կողմնակիցն ենք: Առաջնայինը ԼՂ կարգավիճակի խնդիրն է, որը խարսխված է ազատության գաղափարի եւ ազգերի ինքնորոշման հիման վրա:

– Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով էր ազատագրված տարածքներ այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունը: Վերջիններս արձանագրեցին, որ ազատագրված տարածքները գրեթե վերաբնակեցված չեն: Ի՞նչ եք կարծում՝ դա լա՞վ է, թե՞ վատ:

– Լավի կամ վատի խնդիր չկա, քանի որ գնահատականը համապատասխանում էր այն արձանագրումներին, որ կատարել էին փաստահավաք առաքելության ներկայացուցիչները:

– Բոլորովին վերջերս Դուք ստեղծեցիք ԱԺ նախագահին կից եւս մեկ խորհուրդ՝ «Հայրենակցական միությունների»: Շատերի գնահատմամբ, Ձեր այս քայլը պայմանավորված էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դիտողությամբ, թե ԱԺ նախագահն իրավունք չունի նման խորհուրդներ ձեւավորելու, եւ Դուք, ի պատասխան վարչապետի ու ՀՀԿ այլ գործիչների հայտարարությունների, ստեղծեցիք նոր խորհուրդ՝ ապացուցելով, որ, չնայած իրենց դժգոհություններին, շարունակում եք անել այն, ինչ արել եք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ` խորհուրդը նոր չի ստեղծվել. այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այն մեկ տարուց ավելի է` գործում է եւ այն ստեղծվել է նույն այդ հայրենակցական միությունների խնդրանքով: Իմ նպատակն էր` հայրենակցական միություններին զերծ պահել քաղաքական գործունեությունից, քանի որ դա լուրջ վնաս կարող է հասցնել մեր երկրին: Ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա ես այդ առնչությամբ արդեն բավարար պարզաբանումներ տվել եմ: Խորհուրդները հասարակական կարգով գործող խորհրդատվական գործունեություն իրականացնելուն են կոչված եւ կատարում են շատ կարեւոր առաքելություն: Այսօր հաշմանդամների, փախստականների, փոքր ու միջին ձեռներեցության եւ այլ ոլորտներում կուտակված են բազմաբնույթ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Մենք պարտավոր ենք օգնել այս մարդկանց, ինչը եւ անում ենք: Ես կարծում եմ, որ Ազգային ժողովը պետք է բաց լինի մեր ժողովրդի համար, իսկ խորհուրդները յուրօրինակ մի խողովակ են հասարակության եւ Աժ նախագահի միջեւ, որ համաձայն ՀՀ Սահմանադրության` պարտավոր է ապահովել Աժ բնականոն գործունեությունը:

– Պարոն Բաղդասարյան, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մամուլում լուրջ մեղադրանք էր ներկայացրել Ձեզ եւ «Օրինաց երկրին»՝ հայտարարելով, թե դուք՝ օգտագործելով ԱԺ նախագահի պաշտոնը, ԱԺ-ն դարձրել եք «ՕԵԿ-ի նախընտրական շտաբ»: Դրան հաջորդեց նաեւ Անդրանիկ Մարգարյանի հավաստումը, թե դա համապատասխանում է իրականությանը: Հարցս գուցե կտրուկ լինի. ինչո՞ւ եք ԱԺ-ն վերածել ձեր կուսակցության նախընտրական շտաբի:

– Գալուստ Սահակյանին արդեն պատասխանել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը: Ավելացնելու ոչինչ չունեմ:

– Ի դեպ, նույն կարծիքն ունի նաեւ կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն. Արմեն Ռուստամյանն էլ, Ձեր հայտարարության առնչությամբ, թե այդ խորհուրդները պատասխանում են քաղաքացիների հարցերին, հակադարձել էր, թե ԱԺ-ում ստացվող քաղաքացիների դիմումները պետք է հանձնվեն ԱԺ մշտական հանձնաժողովներին, որի համար էլ դրանք ձեւավորվել են: Այս դիտողություններն արդյոք հիմնավո՞ր չեն:

– Յուրաքանչյուր դիմում ունի իր հասցեատերը: Այս դեպքում դիմումներն ուղղված են ինձ` որպես Աժ նախագահի, ըստ որում, դրանց թիվը մի քանի անգամ աճել է անցյալի համեմատ, եւ ես կարծում եմ, որ պարտավոր եմ լրջորեն ուսումնասիրել եւ պատասխանել: Ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովներին ուղղված դիմումներին, ապա դրանց պետք է պատասխանեն հանձնաժողովները` սահմանված կարգի համաձայն:

– Ինչո՞ւ էր «Օրինաց երկիր» խմբակցությունը պասիվ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ մինչ այդ Ձեր պատգամավորները բողոքում էին, թե երկիրը դարձել է «քրեածին» եւ այլն, որի վերաբերյալ պետք է լուրջ հարցադրումներ ուղղեին համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

– Առանց այն էլ ՕԵԿ-ը շատ ակտիվ է ԱԺ-ում, դա տեսանելի է բոլորին, եւ դրա համար էլ մեզ չեն սիրում. շատերին չի բավարարում իրենց հաջողությունը, որովհետեւ երբեմն մարդկանց բավարարում է ոչ միայն իրենց հաջողությունը, այլ նաեւ դիմացինի անհաջողությունը: Լսումները կազմակերպել է ՕԵԿ փոխնախագահ, Աժ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը եւ ներկայացրել է իր ակտիվ ու սկզբունքային դիրքորոշումը: Քանի որ հանձնաժողովի նախագահն արդեն իսկ ՕԵԿ-ի ղեկավարությունից է, խմբակցությունն անհրաժեշտ չի համարել ՕԵԿ-ի տեսանկյունից քաղաքականացնել լսումները, քանի որ ինչպես վերը նշեցի` առանց այն էլ խանգարողները շատ են: