Ազնիվ աշխատեք

28/09/2007

Ստվերային տնտեսության ծավալները դեռեւս մեծ են, իսկ հարկային պարտավորություններից հիմնականում խուսափում են Հարկային ծառայության աշխատակիցների կա՛մ մասնակցությամբ, կա՛մ իմացությամբ: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Հարկային պետական ծառայության ղեկավարության հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նշելով, որ Հարկային ծառայության աշխատանքի վերաբերյալ քննարկումները վերջերս հաճախակի են դարձել, նա ասել է, որ այդ հանդիպմամբ նպատակ ունի պարզել՝ արդյոք Հարկային ծառայության ղեկավարներն ի վիճակի՞ են կատարել կառույցի առջեւ դրված խնդիրները: Ռոբերտ Քոչարյանը Հարկային ծառայությանն առաջադրվող գերխնդիրը համարել է հարկային վարչարարության էապես բարելավումը: «Լուրջ ռեզերվներ կան, ծառայությունն ուղղակի պետք է ցուցաբերի վճռականություն եւ աշխատի ազնիվ»,- ասել է Ռ. Քոչարյանը: Նա Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է շարունակել վերահսկողությունը եւ տասն օրը մեկ զեկուցել իրավիճակի վերաբերյալ: