«Նախագահ Սահակաշվիլին մեկ անգամ չէ, որ ինձ հանձնարարել է վերացնել որոշ հեղինակավոր մարդկանց»,- նախօրեին նման հայտարարություն է արել Վրաստանի ՆԳ նախկին եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: Նա ասել է, թե 2005թ. հուլիսին իր հետ առանձնազրույցում Սահակաշվիլին հանձնարարել է ֆիզիկապես վերացնել գործարար Պատարկացիշվիլիին: Նախկին նախարարի պատմելով՝ ինքը ցանկացել է, որ այդ տեղեկատվությունը հասնի ամերիկացիներին, եւ դրա համար դիմել է Զազա Գոգովային, ով հիմա Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն է: ԱՄՆ-ի արձագանքն ուշացել է, ու երեք շաբաթ անց Սահակաշվիլին կրկնել է իր պահանջը: Օքրուաշվիլին նաեւ հայտարարել է, թե 2005թ. հուլիսին Սահակաշվիլին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին հանձնարարել է պատժել ընդդիմադիր պատգամավոր Վալերի Գելաշվիլիին. հանձնարարությունը կատարվել է՝ Թբիլիսիի կենտրոնում պատգամավորը դաժանորեն ծեծի է ենթարկվել: Օքրուաշվիլին այլ մեղադրանքներ էլ է ուղղել երկրի նախագահին, պնդելով, թե նախագահն ու նրա ընտանիքը մի քանի միլիարդ դոլարի հարստություն են դիզել, նախագահի ընտանիքը վերահսկում է զենքի ներկրումը եւ մեծ բիզնեսով է զբաղվում: «Ես ձերբակալել էի նախագահի ազգական Թեմուր Ալասանիային՝ կաշառակերության մեղադրանքով, բայց նախագահի անձնական խնդրանքով ազատ արձակեցի»,- ասել է ներքին գործերի նախկին նախարարը: Օքրուաշվիլին հայտարարել է, թե Սահակաշվիլին ներքին ատելություն ունի Վրաց եկեղեցու նկատմամբ, փորձում է վարկաբեկել ՈՒղղափառ եկեղեցին, ու մեկ անգամ չէ, որ այդ մասին խոսել է իր հետ: Նրա պնդմամբ՝ նախագահի պատճառով իրենք չեն կարողացել վերադարձնել Վրաստանից անջատված տարածքներից մեկը. «Մեզ ընդամենը մի քայլ էր մնում անջատված տարածքներից մեկը վերադարձնելու համար. դա կարվեր, եթե չլիներ նախագահի անընդունակությունը, վախկոտությունը, անօգնականությունը: Սահակաշվիլին տառապում է իշխանության կորստի հիվանդագին վախով»: Օքրուաշվիլիի խոսքերով՝ Սահակաշվիլին, երկիրը կառավարելով «ֆաշիստական» մեթոդներով, անցել է բոլոր սահմանները. մարդիկ ենթարկվում են ամենօրյա ճնշումների, հետապնդումների, կողոպուտների, սպանությունների, վարկաբեկվում է Եկեղեցին: Նախագահը, ըստ նրա, Վրաստանը տանում է դեպի անդունդ, եւ ինքը չի կարող այդ ամենին նայել դիտորդի հայացքով: Իրակլի Օքրուաշվիլին այս հայտարարությունները հնչեցրել է մամուլի ասուլիսում եւ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա ընդդիմադիր նոր կուսակցություն է հիմնում: Միխայիլ Սահակաշվիլին այժմ ԱՄՆ-ում է, ուր մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին: Վրաստանի կառավարող «Ազգային շարժում» կուսակցությունից պատգամավոր Գիգա Բոկերիան երեկ ասել է, թե Օքրուաշվիլիի հայտարարությունները «նոնսենս են, հիստերիա եւ անհիմն խոսքեր»: Նա գտնում է, որ նախկին նախարարի ելույթը հրահրված է Ռուսաստանի քաղաքական որոշակի շրջանակների կողմից: «Շատ ցավալի է, երբ քո թիմի նախկին անդամը դավաճանում է ամեն ինչի՝ ինքն իրեն, իր համոզմունքներին, իր երկրին»,- ասել է Բոկերիան: Քաղաքագետ Իլյա Անթաձեն կարծիք է հայտնել, թե «Օքրուաշվիլին կյանքի ու մահվան պայքարի մեջ մտավ»: Անթաձեի խոսքերով՝ Օքրուաշվիլին պետք է համոզիչ ապացույցներ բերի իր հայտարարությունները հիմնավորելու եւ աջակցություն ստանալու համար: «Մենք նրանից դեռ միայն խոսքեր ենք լսում, որոնց կարելի է հավատալ, կարելի է եւ չհավատալ»,- ասել է նա: