Ռուսաստանն ավտորիտար երկիր է

28/09/2007

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որտեղ արձանագրված է ժողովրդավարության վիճակը աշխարհի 30 երկրներում: Ռուսաստանը կրկին ընդգրկվել է անազատ երկրների շարքում, որտեղ ճնշում է գործադրվում զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ, եւ իշխանությունն առավելապես կենտրոնացված է գործադիրի ձեռքում:

«Թեեւ Ռուսաստանը ձեւականորեն պահպանել է ժողովրդավարական բազմաթիվ ինստիտուտներ, երկրում ժողովրդավարության վիճակը խիստ վատթարացել է,- ասված է զեկույցում,- Արդեն 2005 թվականի ընտրական համակարգի բարեփոխումներից հետո Ռուսաստանը բազմաթիվ չափանիշներով չի կարող համարվել ժողովրդավար: Երկրում տիրող վիճակն առավել նմանվել է Կենտրոնական Ասիայի ավտորիտար ռեժիմին, քան Արեւելյան Եվրոպայի՝ վերջերս Եվրամիությանը միացած երկրների կոնսոլիդացված ժողովրդավարությանը»: Ռուսաստանի հիմնական խնդիրը, զեկույցի հեղինակների կարծիքով, մի կողմից՝ Կրեմլի իշխանության ուժեղացումն է, մյուս կողմից՝ իշխող օղակների վրա քաղաքացիական վերահսկողության կոնկրետ մեխանիզմների բացակայությունը: «Պուտինի առաջարկած «ինքնիշխան ժողովրդավարության» հայեցակարգը քիչ ընդհանրություններ ունի ներկայիս ժողովրդավարական կառավարման հետ, եւ Ռուսաստանում իրական ընդդիմությունը դադարել է գոյություն ունենալ: 1990-ականներին ծնված քաղաքական կուսակցություններին փոխարինելու են եկել չեզոք եւ մեծ մասամբ նախագահին ենթակա ուժեր»,- ասված է փաստաթղթում: Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, զեկույցի հեղինակները փաստել են, որ երկրում անկախ լրատվամիջոցների թիվն աստիճանաբար կրճատվել է, «իսկ ստեղծված իրավիճակում քաղաքացիական հասարակությունն ի զորու չէ պայքարել իշխանությունների թույլ տված խախտումների դեմ»: «Թեեւ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն չեն ենթարկվում այնպիսի խիստ պետական վերահսկողության, ինչպիսին խորհրդային ժամանակներում էր, բայց, այնուամենայնիվ, չեն կարող ազատ արտահայտել իրենց կարծիքը քաղաքական առաջնորդների մասին եւ ռուսաստանյան մամուլում կարդալ այն, ինչ ցանկանում են»,- ընդգծում են փաստաթղթի հեղինակները: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, նրանց պնդմամբ, մարդիկ հնարավորություն չունեն անկախ թեկնածուներից ընտրել նրանց, ում ցանկանում են տեսնել ղեկավար պաշտոններում: Ազատության սահմանափակման ցուցանիշներից մեկն էլ, համաձայն փաստաթղթի, նախագահական ընտրություններն են, որոնց ընթացքում ռուսաստանցի ընտրողներին հնարավորություն չի տրվում անկախ թեկնածուներից ազատորեն ընտրել պետության նոր ղեկավարին:

Ռուսաստանյան պաշտոնական շրջանակներում «Freedom House»-ի հերթական զեկույցը որակվել է ծայրահեղ ոչ օբյեկտիվ: Փոխարենը, զեկույցին իրենց համաձայնությունն են հայտնել ռուսաստանյան իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ: Հայաստանին «Freedom House»-ի այս զեկույցը չի անդրադարձել: