Սրբազան ստատուս-քվո կամ «վա՜յ, լվացքս»

28/09/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության կայքէջում երկու օր առաջ մի վերնագիր կար. «Էքսպերտ։ ՀՀՇ-ի երկրորդ գալստյանը Հայաստանը չի դիմանա»։ Մկնիկով չխկացրի այս վերնագրի վրա, ասի՝ համ տեսնեմ էքսպերտն ո՞վ է, համ էլ իմանամ, թե ինչո՞ւ չի դիմանա։ Էքսպերտը քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» գիտառազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն էր, չդիմանալու պատճառը՝ սրճարանային խոսակցության պատառիկ։ Թե իբր գիտեք, ՀՀՇ-ն ոչ իշխանության է գալու, ոչ էլ ուզում է գալ, նրան ընդամենը հանձնարարված է ապահովել ապագայում ստորագրվելիք զիջողական պայմանագրի ֆոնը, որ թուլացած, զգոնությունը կորցրած ժողովուրդը հանկարծ դիմադրություն ցույց չտա։

Բայց սա չէ էքսպերտի ամենակարեւոր հայտնագործությունը, որ ստացվել է «մոնիտորինգի եւ անալիզի» (դիտարկում եւ վերլուծություն) արդյունքում։ Այվազյանը նշել էր, որ պատմության ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն արդեն ձեռք է բերված։ «Մնում է սպասել եւ բավական երկար, մինչեւ Ադրբեջանը կհաշտվի ստատուս-քվոյի հետ։ Իսկ դիպչել ստատուս-քվոյին եւ գնալ տարածքային ինչ-որ զիջումների, հղի է Հայաստանի ռազմական անվտանգության ամբողջ համակարգի կործանմամբ՝ դրանից բխող աղետալի հետեւանքներով»,- ասել էր քաղաքական գիտությունների դոկտորը։ Նրա ասածը լավ հասկանալու համար մենք էլ մեր մոնիտորինգն ու անալիզն անենք՝ նախ պարզելով, թե ի՞նչ է «ստատուս-քվոն»։

STATUS QUO լատիներեն արտահայտությունը նշանակում է՝ արդի վիճակ կամ տիրող դրություն։ Քաղաքական բառապաշարի մեջ ներմուծվել է իրավիճակի սառեցումը կամ անփոփոխությունն արտահայտելու համար։ Ստատուս-քվոն չի կարող լինել հավերժ, որովհետեւ բնության մեջ ամեն ինչ անընդհատ փոփոխվում է։ Օրինակ՝ մի բան էր ստատուս-քվոն Ղարաբաղում 1995-ին, մի այլ բան է այսօր, եւ դրա ձեւափոխումները նկատելու համար քաղաքական գիտությունների դոկտոր պետք չէ լինել։ Որպեսզի ամեն ինչ պարզ ու հասկանալի լինի՝ բացատրեմ կենցաղային օրինակներով։ Տանտիկինն ամենայն մանրամասնությամբ, ոչ մի ջանք չխնայելով՝ լվանում է սպիտակեղենը, պարանից կախում չորանալու։ Երբ չորացած է լինում, պետք է անմիջապես հավաքի։ Բայց այնպես է ստացվում, որ տիկինն ընկնում է հեռուստացույցով անընդմեջ ցուցադրվող սերիշալները նայելով ու չի հավաքում արդեն չորացած լվացքը։ Պարանից կախված չոր սպիտակեղենը հայտնվում է ստատուս-քվոյի վիճակում։ Ի՞նչ կլինի, եթե սպիտակեղենն այդպես մնա մի շաբաթ։ Ստատուս-քվոյի մեջ գտնվող լվացքը կրկին կլվացվի հորդառատ անձրեւով, իր վրա կընդունի թռչունների աղբը, դանդաղ, բայց հետեւողական կներծծի ավտոմեքենաների արտանետումները։ Երբ այս ամենը տեղի ունեցած լինի, տնային տնտեսուհին հանկարծ կպոկվի հեռուստացույցից ու «Վա՜յ, լվացքս» գոռալով կվազի պատշգամբ։ Ցանկացած ոք գիտե, որ ստերիլացված եւ հերմերտիկ փակված պահածոն անգամ ունի պահպանման ժամկետ։ Չես կարող 1994-ին արտադրված «Շպրոտն» ուտել 2007-ին։ Ուտելուց հետո, եթե անմիջապես չմեռնես, ապա ստիպված կլինես ենթարկվել բժիշկների «նվաստացուցիչ» պրոցեդուրաներին՝ մինչեւ ներսդ մաքրվի ձկնիկների ստատուս-քվոյից։ Ցանկացած վարորդ գիտե, որ մեքենայի շարժիչը մեկ շաբաթից ավելի գործի չգցելով, կարող է փչացնել մարտկոցը, որի վերալիցքավորումը լրացուցիչ անհարմարություն կամ ծախս է պահանջելու։ Լավագույն դեպքում պիտի հարեւանին խնդրի՝ իր մարտկոցից միացում տա։ Նա էլ պիտի ասի՝ հարց չկա, բայց կաբել չունեմ։ Մի ուրիշից էլ պիտի կաբել խնդրի, եւ այսպես շարունակ։

«Status quo»-ի կենցաղային այսպիսի օրինակներ կարելի է թվել հազարներով, բայց դրանից կփոխվի՞ մեր հասարակության մտքի ստատուս-քվոն, կասկածում եմ։

Քաղաքագետ-դոկտորն ասում է՝ Ադրբեջանը կհաշտվի։ Ադրբեջանը ոչ միայն հաշտվել է, այլեւ հիացել իրեն ընձեռված այս հնարավորությամբ։ Ո՞նց չհիանա, երբ Ղարաբաղը (Հայաստանն էլ հետը) մնում է «ստատուս-քվոյի» մեջ, իսկ Ադրբեջանը նավթամուղ, գազամուղ ու երկաթուղի է կառուցում՝ ստացված եկամուտներով բազմապատկելով իր ռազմական ծախսերը եւ հաղթանակած Արցախի համար ստեղծելով status quo ante bellum, ինչը թարգմանաբար նշանակում է՝ նախապատերազմյան վիճակ եւ մինչպատերազմյան դրություն։ Եթե «ստատուս-քվոն» անհրաժեշտ ու հարկավոր ժամանակամիջոց է, ինչո՞ւ չի օգտագործվում ինչպես հարկն է։ Ստրատեգ-դոկտորը քանի՞ անգամ է եղել Ղարաբաղում, ո՞ր շրջաններում ու ո՞ր գյուղերում է եղել եւ ի՞նչ տպավորություն է ստացել այնտեղ մնացած սակավաթիվ բնակիչների սոցիալական վիճակից։ Ստրատեգ-դոկտորը հաշվե՞լ է, ծագումով ղարաբաղցի քանի՞ մարդ է Երեւանից, Հայաստանի մարզերից, մոտիկ ու հեռավոր արտասահմանից վերադարձել Ղարաբաղ։ Ժամանակին հեռանալիս այդ մարդիկ ասում էին, թե այլեւս անկարելի է ապրել Ադրբեջանի հայահալած մթնոլորտում։ Արդեն շուրջ քսան տարի անկախ Ղարաբաղ կա, ինչո՞ւ չեն վերադառնում։ Թե՞ ստրատեգ-դոկտորները, Ղարաբաղը լքած ղարաբաղցիները, զավզակությունը փեշակ դարձրած մտավորականները զոհված հերոսների արյունը հիշում են միայն այն պահին, երբ վտանգված են տեսնում սրբազան ստատուս-քվոն։