Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բոլոր հարուստներին հասկացրեց, որ երկրային դրախտում ապրող հայաստանյան օլիգարխների համար դժոխքը շատ արագ կարող է եւ դաժան իրականություն դառնալ: Իսկ մեր օլիգարխները մինչ այժմ միամտաբար կարծում էին, թե դժոխքն ընդամենը հեքիաթ է (Քանի որ նրանց մեծ մասը պատգամավոր է, երեւի մտածում էին, որ մանդատն իրենց հեռու կպահի դժոխքի դռներից): Տվյալ հայտարարությունից հաշված օրեր հետո պարոն Սարգսյանը մի նոր հայտարարություն արեց` բոլորին ավետելով, որ 2008թ. Հայաստանի բյուջեն կկազմի մոտ 2.5 մլրդ դոլար: Եթե հաշվի առնենք, որ 2007թ. բյուջեի համեմատ եկող տարվա բյուջեն ավելանալու է մոտ 80 տոկոսով, կարելի է երկու ենթադրություն անել. կամ հերթական անգամ դրամը կտրուկ արժեւորվելու է, կամ տնտեսության մի զգալի հատված դուրս է գալու ստվերից: Անձամբ ես հակված եմ հավատալ երկրորդ տարբերակին, առավել եւս, որ նույն հարցազրույցում վարչապետը մատնանշեց այդ ուղիները. «Մենք պարտավոր ենք ավելացնել մեր համախառն ներքին արդյունքից գանձվող հարկերը: Այսինքն` մենք պետք է բարձրացնենք հավաքելիությունը, բոլորին պետք է բերենք հարկային դաշտ, պետք է խստացնենք հարկային օրենսդրությունը, լրացնենք, ինչո՞ւ չէ` պետք է խստացնենք այն պատիժները, որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է տնտեսական հանցագործությունների համար»: Հանրապետության ղեկավարներից մեկի նման արտահայտությունը հերիք էր, որպեսզի բոլոր «ստուգող, ծակող եւ կտրող» կազմակերպությունները սկսեն մասսայական ստուգումները բոլոր տեսակի տնտեսվարող սուբյեկտներում: Եվ եթե մեր ստուգող, վերստուգող եւ վերահսկիչ կազմակերպությունների բաժնի վարիչներն ու տեսուչները լավ չեն լսել, թե ո՞ւմ էր վերաբերում ՀՀ վարչապետի խոսքը, հիշեցնեմ, որ նա հատուկ նշեց, թե ում է պետք բերել հարկային դաշտ: Խոսքը հիմնականում «միայն ընտրությունից ընտրություն բարեգործություն անող հարուստ գործարարների» մասին էր: Կարծում եմ, որ ստուգող կազմակերպությունների վերին, միջին եւ ստորին օղակների ներկայացուցիչները լավ էլ հասկացել են Ս. Սարգսյանին: Պարզապես սա լավ առիթ է՝ ներկայանալ մանր եւ միջին բիզնես ունեցող մեր քաղաքացիներին եւ դրսեւորելով դերասանական մեծ վարպետություն, խեղճացած հայացքով հայտարարել, որ՝ «տղեք, դե՛, մենք մեղավոր չենք, ինքներդ գիտեք, թե վարչապետն ինչ պլան ա դրել վզներիս»: Բայց ընդամենը մի քանի րոպե հետո, երբ սկսվում է «բազառ»` ստուգման արդյունքում իբր հայտնաբերված գումարի շուրջ, պետական «պլանների» մասին վեհ խոսակցությունները շատ արագ հօդս են ցնդում: Այդ պահից սկսած պարզապես ճշտվում է բյուջե վճարվելիք եւ տեսուչի եւ նրա ղեկավարության գրպանը «մտնելիք» գումարների տոկոսային փոխհարաբերությունը: Սովորաբար այդ երկու գումարների ընդհանուր թվային արտահայտությունը կազմում է նախապես «հայտնաբերված» գումարի 60-70 տոկոսը:
Նման «մելկի ժուլիկները» Աշխատանքի տեսչությունից, Սննդի անվտանգության վերահսկողության տեսչությունից, Որակի տեսչությունից, Սանէպիդկայանից, հրշեջ ծառայությունից, տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների վերահսկողական ծառայություններից եւ այլ նմանատիպ անիմաստ (կամ գուցե իմաստավոր) կազմակերպություններից վերջին օրերին բուռն ակտիվացման շրջան են ապրում: Բնականաբար, ոչ մի օլիգարխի նրանք չեն համարձակվում ստուգել: Երեւի խղճում են նրանց, որովհետեւ բացի վարչապետից՝ վերջին օրերին խոսեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով օլիգարխներին անվանեց «ռեժիմի զոհեր»: Իսկ քանի որ մեր ստուգողները քրիստոնյա հայեր են եւ գիտեն, որ «ընկածին չեն խփում», որոշել են «կանգնածներին» խփել: Երեւի թե հենց նույն այդ պատճառով խղճահարված լրագրողները սկսել են օգնություն ուղարկել «ռեժիմի զոհերին»: Ստացվում է, որ «նախկին հանցավոր ռեժիմի լյուբիմչիկները» «ներկա հանցավոր ռեժիմի զոհերն են»: Երկու դեպքում էլ վերջիններիս չի կարելի ստուգել: Այդ իսկ պատճառով՝ եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանությունների դեպքում էլ ստուգողները սովորական մահկանացուների «քթից են բերում»: Միգուցե հաջորդ իշխանության օրոք մեր օլիգարխները չինեն ոչ «լյուբիմչիկ», ոչ էլ «զոհ»: Եվ այդժամ կարելի կլինի նրանց ստուգել: Այնպես որ, պատրաստվեք ստուգողական աշխատանքին, հարգելի մեծահարուստներ: Եվ փոքր-ինչ վերափոխելով ռուս մեծանուն գրող Ն. Գոգոլի խոսքերը, կարելի է ասել. «Կ վամ եդետ ռեվիզոր»: