ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երկու շաբաթ առաջ Հանրային հեռուստատեսությամբ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին տված հարցազրույցի մեջ բավականին ծավալուն անդրադարձ էր կատարել հայ գործարարներին:
«Ես վստահ եմ, որ մեր գործարարները շատ շուտով գիտակցելու են, որ իրենց բարեկեցության, իրենց, ինչո՞ւ չէ, նաեւ հարստության ամենից հիմնական աղբյուրը ժողովուրդն է, իրենց աշխատողներն են, եւ նրանք պիտի շոյեն, պիտի փայփայեն իրենց եկամտի, իրենց հարստության, իրենց բարեկեցության աղբյուրը: Անշուշտ, նրանք պետք է գիտակցեն, որ իրենց համար շատ ավելի լավ կլինի, որ երկրում աղքատներ չլինեն, որովհետեւ հասկանում եք, եթե կան սոված երեխաներ, հարուստի երեխան չի կարող երջանիկ լինել: Նրանք պետք է զբաղվեն ճշմարտացի բարեգործությամբ, իրենց եկամուտներից, իրենց շահույթից մաս հանեն եւ ոչ թե դա կատարեն հարկերից խուսափելու եղանակով, եւ այդ բարեգործությունը պետք է լինի, անշուշտ, երկարաժամկետ, բարեգործությունը չպետք է լինի ընտրությունից ընտրություն, միջոցառումից միջոցառում, այսինքն՝ մարդ ներքին պահանջ պետք է ունենա բարեգործություն կատարելու»,- ասել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Անկախության 16-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ հայ գործարարների մասին իր ելույթում խոսել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` չհամաձայնելով գործարարներին օլիգարխ անվանելուն. «Նրանք այս իշխանության սյուները չեն, եթե կուզեք իմանալ, գործարարներն այս իշխանության զոհերն են: Նրանք երջանիկ կլինեն գործելու օրենքի դաշտում, հարգվելու հասարակության կողմից եւ հարգելու իրենք իրենց: Այդ բարեգործություններով այդ հարգանքը չեն նվաճի»: Գործարարները, ինչպես հայտնի է, կուլիսային խոսակցություններում անընդհատ դժգոհում են իշխանության ամենատարբեր կառույցներից կամ էլ կոնկրետ պաշտոնյայից, թե «մինչեւ իրենց փայը չտանք, չեն թողում աշխատենք»: Իսկ ընդվզող գործարարներն արժանանում են Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կամ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների ճակատագրին: Բացի այդ, հայտնի գործարարներից շատերը սովորություն ունեն երբեմն-երբեմն, հատկապես ընտրություններից ընտրություն բարեգործություններ կատարել՝ շաքարավազ, մակարոն, ալյուր կամ այլ բնամթերք բաժանել, ոմանք էլ, օրինակ (այդ թվում` վերոհիշյալ Հակոբ Հակոբյանը), մարզերից Երեւան եկող ուսանողներին, որպես ընտրակաշառք, տրամադրում էին (եւ այսօր էլ տրամադրում են) անվճար ավտոբուսներ, պայուսակներ կամ գրենական պիտույքներ` առաջին դասարանցիներին, եւ այլն: Եվ այս ամենը պարտադիր ցույց են տալիս հեռուստատեսություններով, որ ժողովուրդն էլ տեղեկանա ու գնահատի, այսինքն` իրենց ընտրի: Բոլոր դեպքերում մենք փորձեցինք հայտնի գործարարներից, կամ էլ այն պատգամավորներից, որոնց անվան հետ որոշակի բիզնես կա կապված, տեղեկանալ, թե նրանք կիսո՞ւմ են արդյոք Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքները:
ԱԺ պատգամավոր եւ «Եվրոստան ույուտ» ընկերության իրական սեփականատեր Մանվել Բադեյանն ասում է, որ ինքը բարեգործություն անում է, բայց այդ մասին քչերը գիտեն: Պարոն Բադեյանը գտնում է, որ եթե մարդ բարեգործություն է կատարում եւ հետո հեռուստացույցով դրա մասին հայտնում է ամբողջ աշխարհին, ուրեմն նա իսկական բարեգործ չէ: Մ.Բադեյանը, ճիշտ է, ուզում է դրախտ գնալ, բայց չի կարծում, որ դրա համար պետք է միայն բարեգործություններ անել: Պատգամավորի կարծիքով՝ աղքատ լինելն էլ դեռ չի նշանակում, որ մարդն անպայման դրախտ է ընկնելու: «Դրախտ գնալու համար պետք է մեծ սիրտ ունենալ»,- համոզված է Մ. Բադեյանը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասով պատգամավորը պատասխանեց, թե հայ գործարարներն այս իշխանությունների օրոք զոհեր են եղել «ոչ ավելի շատ, քանի իր` Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ»: «Գործարարների համար բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում էլ դժվար է եղել»,- եզրակացրեց գործարար պատգամավորը: «Սերժ Սարգսյանը պարզապես փաստն է ֆիքսել, որ բարեգործություն ենք անում,- ասաց «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի» նախագահ, նաեւ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: -Այս 15 տարիների ընթացքում ժողովրդի համար մենք միշտ էլ օգնություն կամ բարեգործություն արել ենք»: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն կարծիքին, թե գործարարներն այս իշխանության զոհերն են, ապա պարոն Մանուկյանը միանշանակ չպատասխանեց: «Ամեն ինչ էլ կա, ամեն ինչ էլ կարող է լինել,- ասաց Խ. Մանուկյանը: -Իդեալական ոչինչ չկա: Եթե ամեն ինչ իդեալական լիներ, ձեր թերթն էլ չէր տպագրվի եւ տարակարծություններն էլ չէր ներկայացնի»:
«Ռոյալ Արմենիա» ընկերության տնօրեն Արամ Ղազարյանը բոլորովին հակառակ կարծիքի է: «Մեր օրինակը երեւի դրա վառ ապացույցն է»,- մեր հարցին կարճ պատասխանեց պրն Ղազարյանը:
Ինչպես նկատեցիք, մեր զրուցակիցները հիմնականում համամիտ էին թե՛ ՀՀ վարչապետի, եւ թե՛ առաջին նախագահի կարծիքների հետ, պարզապես նրանցից եւ ոչ մեկն ուղղակի պատասխան չտվեց, թե իրենք իրենց իշխանությունների զոհ համարո՞ւմ են, թե՞ ոչ: Միեւնույն ժամանակ նրանք ունեն բազմաթիվ դժգոհություններ իշխանություններից կամ իշխանական կառույցներից: Իսկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը միանշանակ համաձայն էր եւ՛ Սերժ Սարգսյանի, եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքների հետ: «Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է բարեգործություն անի, եթե մարդ ազատ միջոցներ ունի, ապա պետք է օգնի դրա կարիքը զգացողներին»,- ասաց պարոն Սուքիասյանը: Իսկ մեր այն հարցին, թե՝ համաձա՞յն եք, որ գործարարներն իշխանությունների զոհն են, այսպես պատասխանեց. «Այո, համաձայն եմ այն կոնտեքստում, որ պետական մարմիններն այնքան հզոր են, որ մասնավորի վրա կարողանում են ազդել: Հնարավոր է, որ պաշտոնյան իր ֆունկցիաներից ավելի քայլ կատարի»:
Շատ ավելի լավատես ու գոհ վիճակում էր ԱԺ պատգամավոր եւ «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը, ով գտնում է, որ երեք անգամ անընդմեջ մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվել իր կատարած բարեգործությունների եւ մարդկանց օգտակար լինելու շնորհիվ: Պատգամավորը, սակայն, ոչ մի դեպքում իրեն իշխանությունների զոհը չի համարում: «Մշտապես գործել եմ հարկային դաշտում եւ ոչ մի իշխանության օրոք երբեք այդ կարգավիճակում չեմ եղել,- պատասխանեց Մ. Ղազարյանը: -Պետական պաշտոնյաներից ու մարմիններից դժգոհություններ ունեցել եմ, բայց դա չի նշանակում, որ զոհ եմ եղել»: