Կարեւորը նոր հեռախոսահամարն է …

28/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանի եւ հարակից 30 գյուղերի ջրամատակարարմամբ ու ջրահեռացմամբ զբաղվող «Երեւան ջուր» ընկերությունն անցած մեկ տարվա ընթացքում համակարգում ներդրել է մոտ 8 մլն դոլար: 7 մլն դոլար էլ պատրաստվում է ներդնել հաջորդ տարի: Երեկ այս մասին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆն՝ անցած մեկ տարում կատարված աշխատանքները ներկայացնելիս: Ընդհանուր առմամբ, վարձակալության 10 տարիների ընթացքում ընկերությունն իր համակարգած ոլորտում պետք է ներդնի Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 18 մլն դոլար վարկը եւ 17,6 մլն եվրո էլ՝ սեփական միջոցներից՝ բաժանորդներից հավաքագրած գումարներից: Հիշեցնենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը 2006թ. հունիսից 10 տարով վարձակալման է հանձնվել ֆրանսիական «Վիոլա» ընկերությանը: Վարձակալները պարտավորվել են 2016թ. Երեւանում ապահովել 95 տոկոս շուրջօրյա ջրամատակարարում եւ հոսակորուստներն էլ հայտարարված 80 տոկոսից նվազեցնել մինչեւ 50 տոկոս: Եթե նկատեցիք, վարձակալող ընկերությունն իր միջոցներից ոչ մի լումա չի ներդնելու: Ծախսելու է միայն ՀԲ-ի վարկը, որը հետո մարելու է Հայաստանի կառավարությունը, եւ այն միջոցները, որոնք կհավաքվեն վարձավճարներից: Հավանաբար, հենց դրա համար էլ անցած տարի ընկերությունն իր մուտքը Երեւանի ջրամատակարարման համակարգ ավետեց սակագների բարձրացմամբ՝ 1 խ/մ-ի համար 125 դրամը դարձրեց 172,8 դրամ: Եվ հիմա բոլոր բաժանորդները միասին վճարելու են այս գումարը, թեպետ Երեւանում շատ քչերն ունեն որակյալ ջրամատակարարում: Անորակ՝ օրը մի քանի ժամ, սպասարկում ունեցող բաժանորդն ինչո՞ւ պետք է առավելագույն սակագին վճարի: «Որպեսզի այդ գումարները ներդնենք համակարգում, եւ դուք հետագայում ունենաք որակյալ ջրամատակարարում»,- ասում է պարոն Պոպոֆֆը: Հայաստանի հանրային ծառայությունների ոլորտն ամբողջությամբ գտնվում է օտարերկրյա ընկերությունների տիրապետության տակ, եւ ոչ մի սեփականատեր, ըստ էության, իր միջոցները չի ներդնում այդ ոլորտներում: Սկսած «ԱրմենՏելից»՝ մինչեւ «ՀայՌուսգազարդ» ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր»: Ընդ որում, այս ոլորտները շահութաբեր են, եւ ծառայությունների համար սահմանված են առավելագույն սակագներ: Համակարգում ներդրում են կատարում միայն վարկային միջոցներով կամ էլ վարձավճարներից հավաքագրված գումարներից: Սա նշանակում է, որ օտարերկրյա սեփականատերերը Հայաստանի հանրային ծառայությունների ոլորտն ընկալում են որպես մեծ շահույթներ ստանալու աղբյուր: Ավելին, սեփականատեր ընկերություններն իրենց ներդրումները չեն կատարում եւ ցանցերը չեն վերանորոգում ստացած եկամուտներին համապատասխան: Իսկ ֆրանսիացի Պոպոֆֆը երեկ նույնիսկ դժգոհեց, որ ՀՀ կառավարությունն իրենց սուբսիդիա չի տրամադրում, եւ ներդրումները կատարելու համար ստիպված են եղել գումար պարտք վերցնել այն ընկերությունից, որը հիմա Երեւանի ջրամատակարարման համակարգի տերն ու տիրակալն է՝ «Վիոլայից»: Տարիների ընթացքում հավաքած վարձավճարներից այս գումարը վերադարձվելու է: Օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանի միջոցներին տիրանալու եւ հնարավորինս շատ շահույթ ստանալու ու նվազագույն աշխատանք կատարելու ավանդույթը, կարելի է ասել, ձեւավորվել է անցած 7-8 տարիների ընթացքում եւ մեր իշխանությունների թողտվության արդյունքում: Եթե 6-7 տարիների ընթացքում Երեւանի ջրամատակարարման համակարգում ներդրվում է 50-60 մլն դոլար, եւ հոսակորուստները չեն նվազում, ուրեմն դրա դեմ պայքարը բավարար չէ եւ միջոցներն էլ տեղին չեն օգտագործվել: Իսկ հոսակորուստները ոչ միայն մաշված համակարգի, այլ խոշոր ջրագողությունների արդյունք են: Վարձակալը փտած խողովակները փոխելու հետ մեկտեղ պետք է հայտնաբերի եւ կանխարգելի ջրագողերին, ինչը բավարար չափով չի արվում: Հայաստանի ջրամատակարարման ոլորտում երբեք եւ ոչ մի կառավարիչ կամ չի համարձակվում սաունաների ու ավտոլվացման կետերի սեփականատերերին վճարման դաշտ բերել, որովհետեւ դրանց տերերը հզոր օլիգարխներ են, կամ էլ չի բերում՝ հանցավոր համաձայնության գալով մեր իշխանությունների ու այդ օբյեկտների սեփականատերերի հետ: Բոլոր դեպքերում եւ բոլոր ժամանակներում նման թալանչիական վերաբերմունքի պատճառն, անշուշտ, մեր երկրի ներսում է, մեր իշխանությունների ձեռքում: Եթե մեր իշխանությունները հետամուտ լինեին, թե Երեւանի ջրամատակարարման համակարգի նախորդ կառավարիչը՝ իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունն ինչպե՞ս է ծախսել պետության վրա պարտք մնացած ՀԲ-ի վարկը եւ պետական միջոցներից հատկացված սուբսիդիան, ապա ֆրանսիացի Պոպոֆֆը երբեք համարձակություն չէր ունենա իրեն ուղղված բոլոր դժգոհ հարցերին այսպես պատասխանել՝ «Համաձայն եմ, պետք է բարելավենք այդ աշխատանքները», «Հնարավոր է, որ չենք արձագանքել, հակառակը չեմ ասի, որովհետեւ անազնիվ կլինեմ»:

Փոխարենը պարոն Պոպոֆֆը բաժանորդներին առաջարկում է դժգոհությունների դեպքում զանգել 1-85 հեռախոսահամարով եւ տեղեկանալ, թե ինչու ջուր չունեն. իհարկե, բաժանորդները այդ հեռախոսահամարով զանգահարելիս գրեթե միշտ լսում են «չգիտեմ» բառը: Ընդ որում, Ս.Պոպոֆֆն այս հեռախոսահամարի գործարկումը մեծ ներդրում է համարում Երեւանի ջրամատակարարման համակարգում: