Խոսքը ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին է, այլ «Transparency International» կազմակերպության կողմից հրապարակվող «Կոռուպցիայի ընկալման համարաթվի»։
TI-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանն այս տարի ստացել է 3.0 միավոր։ Հիշեցնենք, որ որքան համարաթիվը ցածր է, երկիրն այնքան կոռումպացված է։ Անցյալ տարվա մեր ցուցանիշը եղել է 2.9։ Այսինքն` 0.1-ի չափով առաջընթաց կա։ Սակայն Ա. Կոստանյանը շտապեց տեղեկացնել, որ մինչեւ 0.3 տոկոս փոփոխությունը ոչինչ չի նշանակում, եւ, ըստ էության, Հայաստանում ոչ մի դրական տեղաշարժ էլ չի եղել։ 179 երկրների թվում մենք կիսում ենք 99-րդ հորիզոնականը՝ Ալժիրի, Բելիզի, Դոմինիկյան Հանրապետության, Լիբանանի եւ Մոնղոլիայի հետ։ Մեր հարեւաններից Վրաստանը մեզնից առաջ է ընկել։ Այս երկիրը ստացել է 3.4 համարաթիվը եւ զբաղեցնում է 79-րդ տեղը։ TI-ի մասնագետները կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթաց են արձանագրել նաեւ Թուրքիայում՝ 4.1 միավոր եւ 64-րդ տեղ։ Մեզ կարող ենք մխիթարել միայն նրանով, որ Ադրբեջանի գործերն են վատ. նրանց համարաթիվն անցյալ տարվա 2.4-ից իջել է 2.1-ի, եւ այս երկիրը հայտնվել է ցուցակի 150-րդ տեղում։ Կոռուպցիան աճել է նաեւ Ռուսաստանում՝ 2.5-ից հասնելով 2.3-ի։
Ա. Կոստանյանը տեղեկացրեց, որ բացի ԿԸՀ-ից, իրենք նաեւ հեռախոսային հարցում են անցկացրել 1500 հոգու շրջանում։ Համեմատական անցկացնելով 2005-ին անցկացված նմանատիպ հարցման հետ՝ Ա. Կոստանյանը նշեց մի հետաքրքիր փաստ. այս տարվա հարցվողները որպես կոռուպցիայի գլխավոր պատճառ՝ 2-րդ տեղում նշել են «մարդկանց բնույթը», կամ «պաշտոնյաների ագահությունը»։ Առաջին տեղում, ինչպես այս տարի, այնպես էլ 2005-ին, մարդիկ նշել են անիշխանությունը կամ օրենքների բացակայությունը։
Հայաստանում արդեն 4-րդ տարին է՝ «իրականացվում» է հակակոռուպցիոն ծրագիրը, սակայն ոչ մի առաջընթաց չկա։ Ա. Կոստանյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ կատարված քայլերը հիմնականում օրենսդրական բնույթի են։ Սակայն մի բան է օրենք ընդունելը, մեկ այլ բան` դրա կատարումը։ Մեր երկրում օրենքներին բանի տեղ դնող չկա, եւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին խոսելն այս պարագայում պարզապես ծիծաղելի է։ Խոսք եղավ նաեւ այն մասին, որ մի կողմից՝ խոսվում է լայնամասշտաբ կոռուպցիայի մասին, մյուս կողմից՝ մեծածավալ օտարերկրյա ներդրումների։ Ինչպե՞ս են արտասահմանյան ընկերությունները համարձակվում Հայաստանում բիզնես սկսել, եթե մեզ մոտ ամեն ինչ այս աստիճանի կոռումպացված է։ Ա. Կոստանյանը թեեւ անուններ չնշեց, սակայն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանում ներդրումներ անող ընկերությունների մեծ մասը, պատկերավոր ասած, կոռուպցիային սովոր են։ Բիզնեսմենն առաջին հերթին նայում է իր շահերին, եւ եթե կարողանում է լեզու գտնել տեղի իշխանությունների հետ եւ անել սրտի ուզածը, ապա ի՞նչն է խանգարում, որ չգա Հայաստան։ Ավելին, շատ երկրներում անգամ անուղղակի կերպով կաշառատվությունն օրինականացված է. ընկերություններին թույլատրվում է «ներկայացուցչական ծախսեր» հոդվածի տակ դուրս գրել այն գումարները, որոնք իրականում գնում են այլ երկրների պաշտոնյաներին կաշառելուն։ Խոսվեց նաեւ միջազգային հանրության վերաբերմունքի մասին։ Ա. Կոստանյանի համոզմամբ, միջազգային հանրությունը չափից ավելի հանդուրժողական վերաբերմունք ունի մեր երկրում տիրող բացասական երեւույթների, այդ թվում՝ կոռուպցիայի նկատմամբ։ Այսինքն, մի կողմից՝ միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում քննադատում են կոռուպցիայի բարձր մակարդակը, մյուս կողմից` գովերգում մեր տնտեսական աճն ու բարեփոխումները։ Սա ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտների կիրառում, որը կարող է բացատրվել աշխարհաքաղաքական շահերով։ 2006-ին TI-ն հետազոտություն էր անցկացրել՝ «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում»։ Այդ ուսումնասիրության մեջ, որպես կոռուպցիան հաղթահարելու առաջին քայլ, մարդկանց մեծ մասը նշել էր՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը։ Ա. Կոստանյանը չգիտի` որեւէ այլ երկրում մարդիկ նման պատասխան տվե՞լ են, սակայն այդ պատասխանը բնական է համարում, քանի որ կոռուպցիայի հաղթահարումը սերտորեն կապված է ժողովրդավարական ինստիտուտների առկայության հետ։ Կան նաեւ բացառություններ. Հնդկաստանը համարվում է ժողովրդավարական երկրներից մեկը, սակայն նույնքան կոռումպացված է, որքան Մեքսիկան կամ Մարոկկոն։ Այսպիսի դեպքերում կոռուպցիայի բարձր մակարդակը բացատրվում է երկրի տնտեսական վիճակով։ Բարձր կոռուպցիան բնորոշ է աղքատ երկրներին։ Օրինակ, ցուցակի վերջին հորիզոնականները զբաղեցնում են Իրաքը, Բիրման եւ Սոմալին, իսկ առաջին տեղերում (չկոռումպացված երկրները) Դանիան եւ Ֆինլանդիան են։ Իսկ մեր դեպքում՝ թվում է, պարադոքս է։ Եթե հավատանք սեպտեմբերի 21-ին հնչած բոցաշունչ ելույթներին՝ ժողովրդավարության առումով քիչ է մնացել, որ հասնենք Հոլանդիային։ Իսկ եթե հավատանք ՀՀ գլխավոր վիճակագիր Ստեփան Մնացականյանին՝ մեր տնտեսական աճի շնորհիվ շուտով կհավասարվենք Իսրայելին։ Ստացվում է՝ ոչ աղքատության խնդիր ունենք, ոչ ժողովրդավարության։ Բայց, արի ու տես, որ կոռուպցիան կա ու չի նվազում։ Ուրեմն` հիմք ընդունելով տարբեր տրամաչափի պաշտոնյաների ելույթները, կարելի է անել մեկ եզրակացություն. պարոնա՛յք, խնդիրը ձեր մեջ է՝ կաշառք վերցնելն այլեւս սովորություն է դարձել ձեզ մոտ։