Հովվի հեքիաթը

28/09/2007 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Լույսը Խաչիկի համար չի բացվում: Նա կույր է: Հակառակը` լուսաբացով ընդհատվում է նրա տեսողությունը, որ միայն գիշերային երազների մեջ է:

Եվ լուսաբացը նրա համար միայն ժամ է, երբ այծերին պիտի կթի, իսկ հետո գառներին ու ուլերին տանի արածացնելու արոտավայր` գյուղից 2-3 կմ հեռու, մի անգամ էլ երեկոյան` գյուղի մեջ, վանքի մոտ: Ճամփեն անգիր գիտի, ձեռնափայտով զգում է` այստեղ ցանկապատն է, սրանք ճամփեզրի ծանոթ քարերն են, հետո`քոլերը, իսկ հիմա լսում է առվի քչքչոցը: Առաջնորդող ուլի ու երկու գառների վզներից կախված զանգակների զնգզնգոցից էլ իմանում է գառների ու ուլերի տեղը: Անասուններին հատ-հատ ճանաչում է, մեկին` դմակից, մեկին` ականջներից, պոզերից, մորթից: Ընենցը կա` ձենից է իմանում: Փոքր վախտից էրեխու պես պահում է, ձեռի մեջ խաղցնելով ձեռով կեր տալիս` շաքար, հաց:

Եվ Խաչիկի օգնական էշը, որտեղ ուզես` կապի, շվցնի` զռում է: Անասունների ձմեռվա խոտն էլ Խաչիկն է հնձում գերանդիով: Զգույշ է, գիտի` որտեղ քար կա, ու էնքան թափով չի տալիս, որ գերանդին չկպնի անծանոթ քարի, հետո ինքն էլ հավաքում է, կապել-բերելը կինն ու մայրն են օգնում: Տանը մի բան փչանա` էլեկտրականություն, արդուկ-մարդուկ, դուխովկա, կքանդի-կսարքի, կդնի տեղը: 35-ամյա Խաչիկ Խաչատրյանը կուրացել է 17 տարեկանում: Կիրովաբադում (այժմ՝ Ադրբեջանի Գյանջա քաղաք) 6-րդ դասարանում, ուսուցչուհու հարվածից կորցրել է ձախ աչքի լույսը. «Նստած էի, խոսում էի դասարանցուս հետ, ասեց` սուս արա, սուս արա, խնդացի, թափով հելավ, հաստ էլ փետ էր, տվեց ուղիղ աչքիս, կռացա, բացի աչքս, տեսա՝ չէ, թխվել ա: Վիրահատին, բայց չօգնեց, ու տենց կուրացավ»: 89 թվականին ընտանիքով փախչում են Կիրովաբադից, եւ Խաչիկը հոր հետ հաստատվում է Աբովյան քաղաքում: Մի տարի անց փողոցային կռվի հետեւանքով մյուս աչքի լույսն է կորցնում. «Կռիվ արինք, ուզում էր ականջիս խփի, ֆռացի` աչքիս կպավ, սկզբից տենում էի, սիտչատկեն (ցանցաթաղանթ) էր վնասվել»:

Ի վերջո, նրա տեսնող աչքն էլ է կուրանում: Կուրությունը ավելի սուր է զգալ տալիս հանրակացարանի սենյակների նեղվածությունը, չորս կողմը` բետոնի պատ, ոնց որ բերդում, ու տեղափոխվում է մոր ու քրոջ մոտ` Եղեգնաձորի շրջանի Ալայազ (այժմ` Եղեգիս) գյուղ (Երեւանից մոտ 130 կմ դեպի հարավ-արեւելք), որտեղ առանձնատունը եւ արձակ դաշտերը թեթեւություն են տալիս: Եղեգիսը նախկինում ադրբեջանաբնակ է եղել, հիմա այստեղ հիմնականում փախստականներ են ապրում: Ճակատագի՞ր է, որ քույրը` Նարինեն, նույնպես կույր է, երկուսուկես տարեկանից կուրացել է: Խաչիկի մյուս քույրը, հայրը, մայրը եւ հոր մյուս երեք որդիները տեսողության պրոբլեմ չունեն։

Մայրն ու հայրը բաժանված են, ու նրանց թշնամությունը դուրս էր պրծնում Նարինեի կուրության համար միմյանց մեղադրելով. հայրն ասում էր, թե կինը լավ չի նայել երեխային, ու գլուխը հարվածվել է պատին, ուռել, իսկ մայրը` որ հոր հարբեցողության հետեւանքն է աղջկա կուրությունը: Խաչիկը, իններորդ տարին է, ամուսնացած է 31-ամյա Արմինեի հետ, որ Նարինեի դասընկերուհին է եղել Երեւանի տեսողության պրոբլեմներ ունեցողների դպրոցից: Արմինեի մի աչքը հեռացրել են, մյուսն էլ 30 տոկոսով է տեսնում, ու, փառք Աստծո, որ ոչ մեկի օգնության կարիքը չունի: Նրանց զավակը` ութնամյա Գրիգորը, աչքի խաղ ունի, որ մորից է ժառանգել, խնձորակները գնում-գալիս են, ուղիղ չի կարող նայել: Ապրում է Արմինեի մոր մոտ Երեւանում` հաճախելու համար տեսողության խնդիրներ ունեցողների դպրոցը, ուր երկրորդ դասարան փոխադրվեց: Ամառը եկել էր ծնողների մոտ: Բժիշկները խոստանում են, որ խաղը կկանգնեցնեն, ու Գրիգորը նորմալ կտեսնի: Այս ամառ դեղ են կաթեցնում աչքերին, որ աշունը տանեն բժշկի, ու որոշվի, թե արժի՞ վիրահատել. «Տղաս ամբողջ տարին իմ մոտ չի, իմ համար ցավ է, ես էլ շատ կուզեմ` բժշկվի, որ կողքս լինի»,- ասում է Արմինեն: Բայց ի՞նչ փողով, մոտ 400 դոլար կնստի վիրահատությունը: Իսկ Խաչիկի անասնապահությամբ ընտանիքը կարողանում է միայն կերակրվել:

Խաչիկն ու Արմինեն են մնացել տանը: Խաչիկի մայրը` Մարիան, ամուսնացել է գյուղում իր պես փախստական Բենիկի հետ, տեղափոխվել նրա մոտ: Բենիկի կինը մահացել է, ինչպես Բենիկն է ասում` իրենց որդու հոգեկան հիվանդության դարդից: Քույրն էլ` Նարինեն, ամուսնացել էր, բայց մի քանի ամիս անց տղան լքել է նրան, ու նա մենակ է ապրում: Խաչիկը գյուղում միակն է, որ ամեն օր գառներին եւ ուլերին տանում է արածացնելու: Գյուղի անասուններից կազմված հոտը հերթով արոտավայր են տանում գյուղացիները: Քանի որ ոչխարները ավելի հեռու են գնում ու ավելի երկար մնում արոտավայրերում, երկու հոտ ու երկու հերթ կա, մեկը` գառները եւ ուլերը, մյուսը` ոչխարներն ու այծերը տանելու: Խաչիկը հերթերին չի մասնակցում, նրա ուժերից վեր է խավարի մեջ մի ամբողջ հոտի հետեւել: Գառներին եւ ուլերին ինքն է տանում, իսկ նրա այծերն ու ոչխարները հոտի հետ են գնում: Խաչիկինը ութ ոչխար, վեց այծ է: Իր հերթի օրը որ գալիս է՝ 20 օրը մեկ, նա վճարում է 2500 դրամ ($7,5), որ իր փոխարեն ուրիշը տանի: Բայց լինում են օրեր, ինչպես վերջին անգամ, ոչ ոք չէր ուզել նրան փոխարինել, ու ոչխարները դուրս էին եկել գոմերից ու մոլորվել արոտավայրում: «Մեր գյուղի ամոթն է, որ մի կույր չի կարող պահել, ուժեղների փառքը թույլերին օգնելու մեջ է,- ասում է եղեգիսցի Քոչար Քոչարյանը: -Խաչիկին պիտի հերթից հանել, նրա անասունը տանելը պիտի գյուղն իր վրա վերցնի»:

Բայց գյուղը իրար չի գալիս: Ամեն օր գառներին արոտավայր տանելն էլ մի անխուսափելի չարչարանք է` արեւի այրոցի տակ, քարերին ու փշերին զարնվելով, ճարահատյալ աշխատանք, առանց որի ընտանիքը սոված կմնա: Հաշմանդամության թոշակը (6 հազար դրամ-$18) ու աղքատության նպաստը (12 հազար դրամ-$36) կոմունալ ծախսերն է փակում ու ոչխարի հերթի փողը էլ ամենաանհրաժեշտ մթերքին արդեն չի հերիքում` շաքարավազ, ալյուր, մակարոն: Իսկ ուլերն ու գառները երբ ծախի, յուրաքանչյուրը` 14-15 հազար դրամով ($42-45), կառնի մթերք, շորից-բանից: Ամեն ինչ չեն կարող թույլ տալ իրենց, բայց սոված չեն մնա: Ինչքան ժամանակ ուզում է մի հատ լավ բոթաս առնի, դե, վատը չի ուզում, վատը չոլերին արագ մաշվում է, իսկ միջին որակինը 12-15 հազար ($36-45) կնստի (մի գառան փող), բայց որ տենում է` էրեխի կոշիկը ճղվավ, ասում է` ես չհագնեմ, էրեխես հագնի, կինը ունենա: Մագնիտոֆոնով լսում է հոգեւոր ձայնագրություններ` ավետարան, սաղմոսարան: Հավատացյալ է, բայց էլ չի ստացվում սիրել, ներել, մարդիկ դաժան ու անխիղճ են դարձել, հանկարծ ուլերը ուրիշի հողամասը մտնեն, գոռում են` իմ հողամասի մոտ մի պահի, բացատրում է` ես շատ հեռու չեմ կարում տանեմ, քֆուր է ստանում` քոռ:

Մանավանդ էս տարի. գյուղացիք գյուղի հոտը տանելիս արդեն Խաչիկի երրորդ անասունն են կորցրել, մեկը խփվել էր գլխից, մեկը վնասվել էր, բերին, տենց ծախեց, մեկն էլ այս տարի սարերում ընկել-սատկել էր, սկի միսն էլ հետ չեկավ: Կարգն այնպես է, որ օրվա հովիվը պիտի փոխհատուցի կորած անասունի տեղը: Հիմա ասում է` գոնե մի հատ ուլ տուր տեղը, այ մարդ, խիղճն էլ լավ բան է, պատասխան է ստացել` գնա քաշ տուր բեր, մի քիչ էլ է հակաճառել, որ ինքը չի կարող, ստացել է հայհոյանք` աչք էլ չունես, որ հանեմ, այ քոռ:

www.armenianow.com