Հեղինակները տեղյակ չեն իրենց իրավունքներից

28/09/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը երեկ ներկայացրեց իրենց կողմից մշակած մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարելավման մեխանիզմների փաթեթը:

Ներկայացվեցին նաեւ հեղինակային իրավունքների ոլորտի օրենսդրությանը վերաբերող բարեփոխումների առաջարկներ: Հեղինակային իրավունքի մասին օրենքի չգործելու պատճառները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի իրավաբան, ծրագրի փորձագետ Արթուր Մելիքյանի կարծիքով` չորսն են` օրենքով նախատեսված իրավունքների չիմացությունը հեղինակների կողմից, խախտված իրավունքների վերականգնմանը հետամուտ չլինելը, պետական մարմինների նկատմամբ վստահության պակասը եւ հեղինակների կողմից ստեղծված իրենց իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարվող մարմնի բացակայությունը: Վերջինը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, քանի որ հեղինակները նման մարմին ունեն` «Հայ հեղինակը»: Ա. Մելիքյանը նշեց, որ հեղինակներն այսօր իրենց պաշտպանված չեն զգում, քանի որ խախտումները չափազանց մեծ թիվ են կազմում: ՀՀ-ում հեղինակային իրավունքների բնագավառում մեխանիզմները չկիրառելու հետեւանքով մտավոր ներուժի արտահոսք կա: Հեղինակները ձգտում են իրենց իրավունքները գրանցել այն երկրներում, որտեղ կան դրանց լուրջ պաշտպանության մեխանիզմները, եւ մարդիկ արդարացի փոխհատուցում ստանալու եւ իրենց պաշտպանված զգալու տեղ են փնտրում. «Քննարկվել են հեղինակային եւ հարակից օրենքի կիրառման մեխանիզմների բարելավման խնդիրները: Մենք փորձել ենք գտնել այդ խնդիրները եւ ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք հնարավորություն կտան ապահովել օրենքի կիրառումը, քանի որ օրենքն ինքնին լավ ու մատչելի է ու բավական լավ հնարավորություններ ունի խախտված իրավունքների վերականգնան հարցով: Բայց, ինչպես բոլոր երկրներում, մեզ մոտ նույնպես խնդիրը դրված է հենց իրենց` հեղինակների վրա, այսինքն` նրանք պետք է ապահովեն իրենց խախտված իրավունքների պաշտպանությունը: Տեսնում ենք նաեւ, որ այս դաշտում պասիվություն կա, խախտումների թիվը բավական մեծ է, սակայն դրանք վերացնելուն վերաբերող քայլերը շատ պասիվ են ընթանում: Դրա համար առաջարկություններով փորձել ենք ակտիվացնել այդ քայլերը: Պետությունը որպես ընդհանուր բնույթի խնդիրներ՝ ամրագրում է հեղինակային հոնորարներ վճարելու հարցում առկա բարդությունները, ինչպես նաեւ բացահայտ բնույթ կրող պիրատության դեմ հետեւողական պայքարի անհրաժեշտությունը»: Ա. Մելիքյանը չկարողացավ արձանագրված խախտումների կոնկրետ թիվը նշել, քանի որ, ըստ նրա, պաշտպանության մեխանիզմը թույլ է, շատ քիչ քանակով դատական ու քրեական գործեր ունենք, ու խախտումները հաշվելը հնարավոր չէ: Փոխարենը չափազանց քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր հետամուտ են եղել իրենց իրավունքների վերականգնմանը:

Այնուամենայնիվ, 2006թ. տվյալներով՝ խախտումների թիվը կազմում է 95 տոկոս: Երգահան Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք: Նա նշեց, որ ինտելեկտուալ սեփականության պաշտպանության ոլորտն ընդհանրապես զրոյական է. «Մարդիկ մեղավոր են, քանի որ ուղղակի չգիտեն դրա մասին, այս հարցը տարիներ շարունակ անտեսվել է: Ըստ վիճակագրության` մենք աշխարհում վերջին տեղում ենք գտնվում: Իսկ սա լուրջ հետեւանքներ կարող է ունենալ: Միակ պետությունն ենք, որ հնարավոր է՝ որեւէ բարձր ատյանի համակարգչում տեղադրված լինի «պիրատական» Windows ծրագիր: Ինչ վերաբերում է իմ ասպարեզին` երաժշտությանը, ապա կարծում եմ, որ խնդիրը պետք է սրենք այնքան, որ այն առաջին պլան մղվի: Պետք է համապատասխան ուժային կառույց ստեղծել»: «Մտավոր սեփականության» գործակալության գլխավոր մասնագետ Սոնյա Վարդանյանը կարեւորեց տեղեկատվության ապահովումը, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն այս խնդրից. «Հասարակության այն խավերի համար, որոնք առնչվում են այս ոլորտին, ամեն ինչ պետք է պարզ լինի: Երբ օգտագործողների հետ ենք առնչվում, տեսնում ենք, որ մարդիկ պատկերացում չունեն, որ հեղինակի հետ պայմանագիր պետք է կնքվի: Հիմա գրավոր պայմանագիր չեք գտնի, հիմնականում բանավոր պայմանավորվածություն է, ընկեր-բարեկամական հարաբերություններն են, որոնք էլ մարդկանց կանգնեցնում են փաստի առաջ: Շատ դեպքերում հեղինակն ինքն էլ տեղյալ չի, թե օրենքն իր համար ի՞նչ իրավունքներ է ապահովում, եւ դա էլ է մեծ դեր խաղում: Բայց չմոռանանք, որ հեղինակն այսօր կախված վիճակում է: Օգտագործողը տնտեսապես ավելի հզոր է, քան հեղինակը: Վերջինը վախ ունի, որ եթե մեկին մերժի, մյուսը գործ չի առաջարկի: Դրա համար ակամա իրեն առաջարկած պայմաններին է ենթարկվում»,- նշեց նա: