«Ինչպես կասեր մեր սիրելի հերոս Պանիկովսկին` վզիկ, թեւիկ, տոտիկ, բդիկ»,- առաջիկա նախագահական ընտրությունների թեմային անդրադառնալով՝ նախագահի աթոռին հավակնող թեկնածուների մասին այսպես արտահայտվեց վարորդ Ֆելիքսը: Ապա, թե` «Դաշնակցական կուսակցության թեկնածու առաջադրելը խուճապ ա առաջացրել մեզ հայտնի թեկնածուների ու կուսակցությունների շրջանում: Ես շատ ուրախ եմ, որ Վահան Հովհաննիսյանն էդ ցուցակում կա, որովհետեւ 10-ից մեկը գոնե հայրենիքի համար մի լավ բան արած պիտի լինի: Էն ճոռոմ-ճոռոմ խոսացողները լավ էլ հասկանում են, որ Վահան Հովհաննիսյանի շանսերը մեծ են, որովհետեւ իրա կենսագրությունն իրա մասին շատ բան ա ասում: Ես ինչքան գիտեմ՝ ինքը քաղբանտարկյալ ա եղել, Ղարաբաղում կռվել ա ու քաղաքականություն չի մտել երկու օրվա մեջ, այլ կյանքով մեկ եղել ա քաղաքական մարդ: Եթե հիշում եք՝ ինքը մասնակցում էր «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին, ու լավ էլ տեսանք, թե ինչ գրագետ, բազա ունեցող մարդ ա: Ընդունեք, որ մեր երկրին հիմա գրագետ մարդիկ շատ պետք են, որովհետեւ երկիրը ղեկավարվում ա ոչ թե խելքով, այլ` փողով: Ես միշտ էլ համակրել եմ «Դաշնակցություն» կուսակցությանը, որովհետեւ էդ մարդիկ միշտ խոսում են գաղափարախոսությունից, հետո նոր՝ անձերից: Մեր երկրի միակ կուսակցությունն ա, որ հաբռգած, սափրագլուխ, անսանձ անդամներով ժողովրդին չի ճզմում: Ես ինչքան իրանց հարզազրույցները նայել եմ` շատ համեստ, հասարակ ու լավ մարդիկ են: Օրինակ` ինչքան գիտեմ՝ գործարար Հրանտ Վարդանյանն էլ ա չէ՞ դաշնակցական: Մինչեւ էսօր եղե՞լ ա մի դեպք, որ Վարդանյանի տղերքը կամ թիկնապահները ծեծկռտուք, սկանդալ սարքեն: Գործարարն իրա գործով ա զբաղված, ոչ թե մարդկանց ծեծել-սպանելով ու վախացնելով: Ես շատ ուրախ եմ, որ նախագահական ընտրություններին դաշնակներն իրանց թեկնածուն են առաջադրելու, ու ես ընտրելու եմ հատկապես Վահան Հովհաննիսյանին, իսկ մյուս թեկնածուին չեմ էլ ճանաչում, ու ինձ թվում ա՝ ինքը դուրս կգա էդ պայքարից: Պատգամավորականին էլ եմ դաշնակներին ձայն տվել, ես իրանց հարգում եմ»,- ասում է Ֆելիքսն ու կոչ անում ընտրություն կատարելիս խորը մտածել:
Ժողովրդավարության պատրանք են ստեղծում
Վարորդ Սուրենն էլ խորհուրդ է տալիս իզուր տեղը խորը չմտածել, որովհետեւ ՀՀ նախագահն արդեն ընտրված է, իսկ ներկայումս տեղի ունեցող «սուտի» քննարկումներն արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու պատրանք ստեղծելու համար են: «Այ բալամ, սաղս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանն ա նախագահ լինելու, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը տենց ա ուզում: Հայ ազգը գիտի ինչն ինչոց ա, էն ա, որ ստից տեղը ուրիշ թեկնածուների անուններ են շոշափվում, որ միանձնյա ընտրության պիտակ չկպնի»,- վստահեցնում է Սուրենն ու մատնանշում ՀՀ նախագահի մյուս թեկնածուներին: «Օրինակ` ովքե՞ր են մյուսները. Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Տիգրան Կարապետյան, ու ես կարամ ասեմ, որ էս թեկնածուները Սերժ Սարգսյանի հետ համաձայնության կգան: Կպայմանավորվեն, որ դնեն թեկնածությունները, որ ժողովուրդը ասի, իբր մրցակցություն կար, բայց իրանք հո՞ գիտեն, որ չեն ընտրվելու: Ձեւի համար պադդերժկա կանեն, որ միջազգային կազմակերպություններն ասեն իբր ժողովրդավարություն ա, ընդդիմությունը մասնակցում ա: Սերժը կընտրվի ու ամեն մեկին մի բան կտա էդ ծառայության համար: Ասենք` Գեղամյանին պաշտոն կտա, Ստեփանին փող կտա, որ ընդդիմություն լինի, Կարապետիչին կթողնի, որ տելեվիզորով ժողովրդի ծոցից դուրս գա ու իշխանություններին քֆրտի, Րաֆֆիին էլ կարող ա նախօրոք մանդատ էր խոստացել: Ուզում եմ ասել, որ էս ամեն ինչը հեքիաթ ա, ընտրություն չի լինելու, իզուր տեղը գնալու ենք տեղամաս, որովհետեւ էդ պտիչկեքը վաղուց արդեն իրանց տեղերն ունեն»,- ասում է Ֆելիքսը: Ինչ վերաբերում է արդար եւ թափանցիկ ընտրության ակնկալիքին, ապա վերջինս կարծում է, որ «Հայաստանում ինչքան ընտրություն եղել ա՝ ընդդիմությունն ասել ա` լցոնած, կեղծած ա, իսկ իշխանությունն ասել ա` արդար ա: Ժողովրդի մի մասը կաշառք ա վերցրել ու լսել ա, թե կաշառք տվողը ոնց ա ասել, իբր արդար ընտրություն ա եղել: Մյուս մասն էլ կաշառք բաժանելու կազմակերպիչն ա եղել: Ուզում եմ ասել, որ էդ սուտ գնահատականներից արդեն զզվում ենք: Մեր մոտ ընտրությունը լինում ա նենց, ոնց որ լինում ա, այսինքն` պոշլի ձեւով»:
Խոնարհվում էր
Վարորդ Վիգենն ասում է, որ Անկախության տոնին նվիրված նախագահական նստավայրում տեղի ունեցած միջոցառմանը ներկա գտնվող պաշտոնյաների վրա մի լավ «ղժացել է»: «Էդ օրվա լուրերը նայելիս՝ կարայիր լիքը մարդկանց ճանաչել: Ես, որ լուրերով Տիգրան Կարապետիչին տեսա` համ մի կողմից ահավոր ներվայնացել էի, համ էլ նենց խնդալու էր, որ մի լավ ղժացի: Չգիտեմ` դուք տեսել ե՞ք, թե՞ չէ, բայց Կարապետիչը Քոչարյանի առաջ ոնց խոնարհվեց: Էդ իմ համար, ճիշտն ասած, սառը ցնցուղ էր: Փաստորեն, ամեն օր եթերից Քոչարյանին քննադատող Կարապետիչը պատրաստ ա խոնարհվել, քծնել: Իմ համար, կարելի ա ասել՝ տրավմա ա, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ ոչ մեկին հավատալ պետք չի: Կարելի՞ ա էդքան երկերեսանի լինել, մարդուն հետեւից հայհոյել, բայց առաջից ծնկի գալ: Կարելի՞ ա էդքան երեսպաշտ լինել, մարդկանց սուտ ինֆորմացիա տալ»,- հարցնում է վարորդ Վիգենը: «Կարապետիչը թող իմանա, որ չի կարելի էդ տրամաբանությամբ մտնել քաղաքական դաշտ, որովհետեւ ինքը օրը 5 ժամ ժողովրդին Քոչարյանի հանդեպ վատ բաներ, թարախ ա սրսկում: Մարդկանց ասում ա, որ Քոչարյանը խաբեբա, ստոր ա, բայց, երբ Քոչարյանին տեսնում ա` շոբլիկություն ա անում: Ի վերջո, ինքը սերունդ ա դաստիարակում իրա ալիքով ու էդ սերունդին սովորացնում ա երկրի նախագահին ատել, չի կարելի: Բայց ինքը նախագահի ու իրա տիկնոջ մոտ շամպայնի բաժակն առած քծնում էր: Ես էլի հարգեցի Քոչարյանին, որ տենց հպարտ կանգնած նայում էր էդ ամեն ինչին»,- ասում է վարորդ Վիգենն ու վստահեցնում, որ Տիգրան Կարապետիչի միֆն այլեւս սպառել է իրեն:
Իրա էփած ճաշն ա
Վարորդ Սարգիսը շատ էր բորբոքված: Ասում է` ինքն իրեն ամեն օր ասում ա` քաղաքականությամբ չհետաքրքրվի, ու չի ստացվում: «Մի կողմից ասում եմ` թքած ունեցի, դու գլուխդ կախ քո գործն արա, բայց չի լինում: Այ մարդ, էդ Լեւոնն ու իրա շրջապատը որտեղի՞ց մեյդան ընգան: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե դրանք հանկարծ նորից գան: Ես էս երկրից կգնամ: Գոնե հիմա աշխատում ենք, աշխատանք կա: Երեւի Լեւոնի շրջապատի փողերը պրծել ա, իրանցից էլ, Լեւոնից բացի, չի կարա նախագահի թեկնածու դառնա, բզբզում են, ասում են՝ թեկնածությունդ դիր, նա էլ մտածում ա` հես ա-հես ա կրելու ա: Էս ժողովուրդը հըլա իրանց չի մոռացել: Չենք ասում` սրանք Աստծու գառներ են, բայց ամեն ինչ Լեւոնենցից սկսվեց: Նրա շրջապատը քացով էր դռները բացում, գիտեին, թե հավերժ են: Սրանցից շատերին էլ թվում ա` հավերժ են, ոտների տակ հողը չեն զգում: Բայց բեսպրեդելը Լեւոնենց վախտ սկսվեց: Էս ամեն ինչի հիմքը ինքն ա դրել, իրա էփած ճաշն ա: Էս տասը տարի ո՞ւր էր` գիրք էր գրում: Էն վախտ էլ, հիմա էլ նույնն ա մնացել: Ճիշտ ա ասում Վազգեն Մանուկյանը, որ ասում ա՝ Լեւոնը չի փոխվել: Ու էս ժողովուրդը չի մոռացել: Իրանց լյուբիմչիկներին պրախոդ էին տալիս, մնացածին` տշում: Ինչքան կարգին մարդիկ գնացին էս երկրից: Ախր չի կարելի, էլի, ամոթը լավ բան ա: Թող գնա, տունը նստի ու գիրք գրելը շարունակի: Էդ որ ասում ա` սաղ կոռուպցիա ա, բա իրա վախտ ի՞նչ էր, ալան-թալան չէ՞ր, սրանք էլ իրանցից սովորեցին: Էս ժողովուրդը իրան կհարցնի, ու ինքը դրանից ա վախում, գիտի իրան ինչ հարցեր են տալու»:
Պատրաստ է դատարան դիմել
«Էս երկրում սուտը շատ ա, աղջիկ ջան, ես արդեն ոչ մի բանի չեմ հավատում»,- ասում է վարորդ Արշակը` զայրացած ներկայացնելով ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին իր կարծիքը: «Ամբողջ քաղաքը խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Դե, մենք էլ կուսակցական, պաշտոնավոր պատվիրատուներ ունենք, ու բոլորը էդ թեման էին քննարկում: Լուրերով նայում ես` Լեւոնից երկու բառ են եթեր տալիս, որը ոչ մի ինֆորմացիա քեզ չի տալիս: Ես առաջին անգամ գլխի ընկա, որ մեր հեռուստատեսությունը մեր համար չի, որովհետեւ ինչը մեր համար կարեւոր ա` չեն ցուցադրում, բայց էն մեքսիկական ու բրազիլական զիբիլը առավոտից իրիկուն ցույց են տալիս: Լուրերով մենակ Լեւոնի դեմքը ցույց տվին, բայց, թե ինչ էր ասել, ոչ մի ալիք չցուցադրեց: Հետո հաջորդ օրը էդ մամուլի տեսություններով, երբ թերթերը կարդացին, ասում եմ` հըլը ստեղ նայի է, էդ մարդը ահագին ելույթ ա ունեցել: Էդ հեռուստատեսությունն ինչի՞ համար ա, որ մենակ իրանց ձեռնտու թեմաները շոշափե՞ն, բայց չէ՞ որ մենք իրավունք ունենք բոլոր թեմաների մասին լուր ստանալ: Մի խոսքով` մեր վարորդներով գնացինք թերթերն առանք ու տեսանք՝ Լեւոնը սրանց լավ էլ կոխել ա ցեխը, հանել ա, դրա համար էլ էդ շիստյոռկա ալիքների տերերը վախեցել են ցույց տալ: Թերթերում լավ էլ տպել էին, թե Լեւոնն ինչեր էր ասել: Ես կարամ ասեմ, որ Լեւոնը, եթե թեկնածությունը դնի` սրանց հաղթելու ա: Համենայնդեպս ես սպասում եմ իրա որոշմանը ու իմ նման մտածող լիքը մարդիկ կան, որ իրան կընտրեն: Ախր էս ընդդիմության ղեկավարներն էլ շատ անշնորհք դուրս եկան: Էդքան կոկորդ պատռեցին, բայց ոչ մեկը քայլ առաջ չարեց: Էս տասը տարի ա նույն դեմքերը մեզ խոստանում են համակարգ փոխել, բայց մեկ էլ՝ հոպ, տեսնում ես՝ էդ խոստացողը ծախվեց իշխանությանը: Ես լավ հասկանում եմ, որ մեր իշխանություններին ձեռք չի տալիս Լեւոնին հեռուստացույցով ցույց տալը, որովհետեւ Լեւոնին մարդիկ հավատում են ու իրանց հետեւից կգնան: Ինչքան շատ Լեւոնն երեւա` էնքան իրանց շանսերը փոքրանալու են»,- ասում է Արշակը` վստահեցնելով, որ, եթե հայ ժողովուրդը շատ դարդուցավ չունենար, քայլ կաներ: «Բռնեինք էս հայկական հեռուստաալիքներին դատի տայինք ու պահանջեինք, որ չխաբեն մեզ: Օրինակ` Հանրայինը, որ համարվում ա պետական, ի՞նչ իրավունքով ա մեզ զրկում իսկական լուր ստանալու մեր իրավունքից: Փաստորեն, մեր պետությունը մեզ խաբում ա, չէ՞: Մեզ տալիս ա էն, ինչ որ ինքը ուզում ա, իսկ էն, ինչը մենք ենք ուզում` կամ չի տալիս, կամ էլ խաբում ա: Էն մյուսները հըլը հասկացանք, մասնավոր են, բա մեր պետական ալիքը ի՞նչ իրավունքով ա տենց բան անում»,- հարցնում է Արշակն ու վստահեցնում է, որ 25-30 հոգի համարձակ մարդ գտնելու դեպքում ինքը պատրաստ է դատարան դիմել:
Վարորդ Խաչիկին նյարդայնացնում են մեր հարցերը. «Հես ա պապան գործը թողած` նապաստակ ա նկարելու: Ախր որ հարցնում եք՝ ի՞նչ ա փոխվում, ո՞վ ա բանի տեղ դնում: Ինձ թեկնածուներից ոչ մեկը չի հետաքրքրում: Առավոտից իրիկուն էշի պես աշխատում ես, էս փողոցների ձեռքը ներվային շուն ես դառնում, բայց ստացածդ ոնց որ տնազ լինի: Ես իմ վաղվա օրվա մասին չգիտեմ, ինձ հետաքրքի՞ր ա, թե ով ա ընտրվելու: Ով էլ ընտրվի, մեկ ա, մենք մեր համբալությունն ենք անելու, իրանք էլ՝ իրանց սրիկայությունը: Բոլորից էլ զզվել եմ, էս երկրից՝ առավել եւս: Ճար լիներ` կթքեի ու կհեռանայի էս երկրից»:
Վարորդ Սեդրակը սեպտեմբերի 21-ին գործը թողել-գնացել էր Հանրապետության հրապարակի շատրվանները տեսնելու: Շատ հիացած էր պատմում, հատկապես, թե ժողովուրդն ինչպե՜ս էր ուրախացել այդ օրը: Առաջիկա նախագահական ընտրություններին նա պատրաստ է, գիտի, թե որ թեկնածուին է պաշտպանելու. «Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին: Սաղ իրար քֆրտում են, իրար վրա ցեխ են լցնում, էս մարդը գլուխը կախ` իրա գործն ա անում, գյուղեր ա գնում, մարդկանց դարդուցավերը լսում ա, լուծում ա հարցերը: Էս ժողովուրդը գիտի` ինչ հարցով դիմի Սերժ Սարգսյանին, նա կլսի ու հարցերը կլուծի: Լեւոնը որ իշխանության էր` փակվել էր նախագահականի սպիտակ շենքում, որ իշխանության չէր` իրա սեւ շենքում: Հիմա էլ սիրտը էլի նախագահ դառնալ ա ուզում: Բա գար, էդ իրա ասած նեղ օրերին ժողովրդի կողքին կանգներ, խի՞ չկար: Որովհետեւ վախում էր, մի բան ասեր` իրան տասը բան կհիշացնեին: Ընենց որ, Լեւոնի իշխանությունը տեսել ենք, իրա օրոք ապրել ենք, ժողովրդի վրա թքած ուներ, ինքը էս ժողովրդին արհամարհում էր, չէր սիրում: Քոչարյանի իշխանությունն էլ ենք տեսել, փառք Աստծու, գործ ունենք: Տղես տնտեսագիտականն ավարտել ա, հես ա շուտով աշխատանքի կընդունվի բանկերից մեկում: Տեսնո՞ւմ եք, պարտադիր չի, որ տղուս պապան եսիմ ով լինի, սովորական վարորդ եմ, բայց խելքը գնահատվում ա, ջահելներին տեղ են տալիս: Այ, դրա համար եմ ասում, որ Սերժ Սարգսյանին եմ ընտրելու, մեզ հեղափոխություն պետք չի, պետք ա երկիրը առաջ գնա, ջահելները ուզենան հայրենիքում գործ անեն, ոչ թե ծնողներին, ընտանիքներին թողնեն, գնան դրսերում համբալություն անեն»:
Ոչ գործարարները, ոչ ժողովուրդը միամիտ չեն
«Ձեր թերթում կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, հետո նայեցի «Հայլուրը»: Ելույթ էր, էլի, իբր ի՞նչ ասեց, որ դրան էդքան կպան: Թողեին, էս ժողովուրդը սաղին հատ-հատ կհիշեր: Լեւոնի վախտ էլ նույնը չէ՞ր, որ տենց մեծ-մեծ խոսում ա: Էն վախտ թող խոսար: Հիմա գործարարներին փշի-փշի ա անում, որ ինքը ընտրություններին մասնակցի, ու փող տան իրան: Ո՞վ չի հասկանում, որ Լեւոնն ասում ա` գործարարներն օլիգարխներ չեն, նրանք զոհեր են, թե ինչ ա ուզում դրանով անի: Գործարարներն էլ միամիտ են, հա՞: Լեւոնի ժամանակ ինչքան գործարար կար` իրա ախպերներն ու իրա բարեկամներն ու ընկերներն էին, տենց չէ՞ր: Հիմա գոնե մարդիկ կարողանում են փոքր բիզնես անել, ջահելները գործ ունեն, աշխատում են: Ժողովուրդն էլ միամիտ չի: Հիշո՞ւմ եք` դաժե պասպորտների ու դպրոցների վինետկեքի նկարները ստիպում էին, որ իրանց մարդիկ անեն, որովհետեւ լավ բիզնես էր: Ինչ ասես հնարում էին` մարդկանց թալանելու ու իրանց գրպանները լցնելու համար: Ժողովուրդը էլ էդ համը չի ուզի զգա, դրա համը հըլա բերաններումս ա: Հիմա լավ ա-վատ ա, էս իշխանությունները գոնե մի բան անում են: Էնքան դժգոհություններ ունենք, բայց երկիրն առաջ ա գնում: Իսկ Լեւոնն էլի հեղափոխություն ա ուզում անի, որովհետեւ գիտի, որ խաղաղ ճանապարհով ինքը պռոստո չի կարա նախագահ դառնա: Ինքը խելոք ա, բայց իրանից խելոքն էլ կա»: