Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը սեպտեմբերի 20-ին Ալավերդիում խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքների համայնքապետերի հետ:
Խորհրդակցության օրակարգն ընդգրկում էր սեպտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների եկամուտների մուտքերի հավաքագրման, աշխատավարձի պարտքերի եւ խոզերի ժանտախտի հետ կապված հարցեր: Մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչ Սեւակ Հովհաննիսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքների բյուջեների եկամուտների մուտքերի հավաքագրման գործում ստեղծված ծանր վիճակը: Նա ասաց, որ մարզում այս համայնքները գրանցում են ամենացածր ցուցանիշները: 2007 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ` բյուջեի մուտքերը նախատեսված 631մլն-ի փոխարեն կազմել են 469 մլն դրամ կամ 74,4%: Ս. Հովհաննիսյանը բացատրեց, որ ցուցանիշն ապահովելուն նպաստել է ՀՀ կառավարության կողմից համայնքներին բյուջեի պակասորդի համահարթեցման նպատակով հատկացված դոտացիան, որը տրվել է ժամանակին եւ 100%-ով:
Համայնքներում առավել տխուր պատկեր է վարչական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման առումով. այստեղ նախատեսված 294 մլն դրամի դիմաց հավաքագրվել է 149մլն դրամ, որտեղ հողի հարկի գծով հավաքագրումը կազմել է 36,8%, գույքահարկի հավաքագրումը` 36,5%, պահուստային հողերի վարձավճարների մուտքերը` 36,2%: Մարզի գլխավոր ֆինանսիստը շեշտեց, որ Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքներից 16-ը բյուջեի եկամուտների մուտքերի հավաքագրման աճ չեն արձանագրում: Մարզում կան ընդամենը 5 համայնքներ, որոնք ունեն մինչեւ 20% կատարողական մուտքեր, դրանցից 4-ը Թումանյանի տարածաշրջանի Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Չկալով գյուղերն են: Մինչեւ 30% մուտք ունեցող մարզի16 համայնքներից 5-ը նորից այս տարածաշրջանից են` Օձուն, Աթան, Արդվի, Հագվի, Ջիլիզա գյուղերը: Անցած ութ ամիսների ընթացքում հողի հարկի մուտքերը Շամլուղն ապահովել է 6,4%, Արեւածագը` 16,7%, Լորուտը` 19,3%, Ահնիձորը` 13,6%: Գույքահարկի գծով մինչեւ 20% կատարողական մուտքեր չեն ապահովել Կարմիր Աղեգինը` 11,3%, Կաճաճկուտը` 9,4%, Հագվինը՝ 11,1%, Ջիլիզան` 6,3%: Առավել զավեշտական են համայնքների հողերի վարձակալության վճարների հավաքագրման արդյունքները: Օձունի նման համայնքը, որ ունի շուրջ 80 հա պահուստային հողեր, եւ որի շուրջ 50 հա-ն, օձունցիների վկայությամբ, օգտագործում է գյուղապետ Մելիք Այվազյանը, հողերի վարձակալության վճարների հավաքագրումը կատարել է ամենացածր ցուցանիշով` ընդամենը 5,7%-ով, այն էլ` խոտհարքների վարձակալության վճարներից: Իսկ Մելիք Այվազյանը, ի դեպ, խորհրդակցության վերջում հոխորտում ու հարձակվում էր ցածր ցուցանիշների վերաբերյալ իրեն հարցեր տվող լրագրողի վրա: Ասենք, որ պահուստային հողերը, որոնք գյուղերի ամենաորակյալ վարելահողերն են, իբր թե վարձակալական կարգով, հիմնականում մշակում են համայնքապետերն ու նրանց մերձավորները: Մինչդեռ խորհրդակցությունում համայնքապետերը, որպես անբարեխիղճ հարկատուներ՝ մեղադրում էին մասնավորապես ուսուցիչներին եւ նրանցից հարկեր կորզելու համար պահանջում էին մարզպետ Արամ Քոչարյանի աջակցությունը:
Հողերի վարձակալության վճարների 20%-ից ցածր ցուցանիշներ են արձանագրել նաեւ Ահնիձոր, Թեղուտ, Լորուտ, Ծաղկաշատ, Շամուտ, Չկալով եւ Ջիլիզա համայնքները: Ստեղծված իրավիճակում համայնքապետերը համարձակվել են ավելացնել բյուջեի ծախսերը` դրանով իսկ վտանգելով բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի վճարման ապահովումը: Այս կապակցությամբ Ս. Հովհաննիսյանը նշեց, որ 2007 թ. հունվարի
1-ի դրությամբ տարածաշրջանի 31 համայնքներից 6-ը միայն աշխատավարձի եւ պարտադիր սոց. ապահովության գծով պարտքեր չեն ունեցել: Մնացած 25 համայնքներում պարտքը կազմել է 87 մլն դրամ, որից աշխատավարձի պարտքը կազմել է 64 մլն դրամ, պարտադիր սոց. վճարը` 23մլն դրամ: Անցած 8 ամիսների ընթացքում այդ պարտքերից մարվել է 33 մլն դրամ, որից 27մլն դրամը՝ աշխատավարձի, 5մլն դրամը` պարտադիր սոց. վճարներից: Ինչպես հայտնեց Սեւակ Հովհաննիսյանը, սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածաշրջանի համայնքների ընդհանուր պարտքը կազմում է 82,5 մլն դրամ, այդ թվում` աշխատավարձ` 59 մլն դրամ, սոց. վճար` 23 մլն դրամ, որի արդյունքում աշխատավարձի նախորդ տարվա պարտքերը 0-ի հասցնելու փոխարեն նվազումը կազմում է 5-6%:
«Մարզի աշխատավարձի պարտքերի 40%-ը բաժին է ընկնում Թումանյանի տարածաշրջանին»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: Աշխատավարձի պարտքեր ունեցող 25 համայնքների ցուցակը ղեկավարում է Ալավերդու համայնքապետարանը, որի աշխատավարձի պարտքը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 14 մլն դրամ, Օձունինը` 5մլն, Աթանինը` 5 մլն, Արեւածագինը` 5 մլն, Ահնիձորինը` 4,8 մլն, Ճոճկանինը` 3 մլն, Մարցինը` 2,5 մլն, Արդվինինը` 1,7 մլն, Լորուտինը` 2մլն եւ այլն:
Թվերը հրապարակելիս մարզպետ Արամ Քոչարյանը չզսպեց իր զարմանքը. «Բա լավ, ո՞նց են մարդիկ գալիս աշխատանքի, երբ աշխատավարձ չեն ստանում, տարօրինակ է, չէ՞»: Առավել տարօրինակ էր Արամ Քոչարյանի զարմանքը. մի՞թե, իսկապես, մարզպետն իր պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում չի նկատել, որ Թումանյանի տարածաշրջանի համայնքապետերի 70-80%-ն ի վիճակի չեն ղեկավարել համայնքների տնտեսությունը: Օրինակ` Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանը համայնքապետի պաշտոնավարության 10 տարիների ընթացքում հաջողացրել է 1300 հա վարելահողերից 1000 հա-ն չմշակելու հետեւանքով խոպանի վերածել: Դրան զուգահեռ՝ նա կարողացել է կառուցել իր հսկայական առանձնատունը, որը, ինչպես գյուղացիներն են ասում, «մի միլիոն դոլար արժե»: Ծանր վիճակում է նաեւ Ճոճկան գյուղը, որի գյուղապետ Վարուժան Թամազյանի պաշտոնավարության շուրջ 10 տարիների ընթացքում գյուղի 1000 հա այգիներից պահպանվել է հազիվ 50 հա-ն, գյուղը զրկվել է մանկապարտեզից, երաժշտական դպրոցից, ավերակների է վերածվել գյուղամիջյան 7կմ ճանապարհը: Ինչպես այս, այնպես էլ՝ մյուս համայնքներում համայնքապետերի անարդյունավետ աշխատանքը վաղուց չի արժանանում պատշաճ գնահատականի:
Խորհրդակցությունն անցավ տոկոսային ու թվային մակերեսային վերլուծություններով` ստվերում թողնելով համայնքներում ստեղծված ծանր վիճակի իրական պատճառները: Շրջանցվեցին հարկատուների հիմնախնդիրները, բյուջեի եկամուտների մուտքերի անթափանցիկ ծախսերի եւ կոռուպցիայի բազմաթիվ փաստերը: Արամ Քոչարյանն անդրադարձավ տարածաշրջանում տարածված անասունների ժանտախտին: Ասաց, որ վտանգը, կարծես թե, վերանում է: Միաժամանակ գյուղապետերին հանձնարարեց բացատրել գյուղացիներին, որ սատկած անասունները գցեն ոչ թե գյուղերի առուներն ու գետակները, այլ խորհրդակցեն գյուղապետերի հետ եւ թաղեն հողում: Իսկ խորհրդակցության վերջում մարզպետ Արամ Քոչարյանը գյուղապետերին ասաց. «Ընկերականը, մարդկայինը, քաղաքականը, նաեւ կուսակցականը դնելու եմ մի կողմ, ոչ մի բան հաշվի չենք առնելու, ես չեմ հանդուրժի այս վիճակը»:
www.hetq.am