Երրորդ տարին անընդմեջ Հայաստանի մի շարք դպրոցների եւ բուհերի` տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն աշակերտներին ու ուսանողներին Հանրապետության նախագահի ամենամյա կրթական պարգեւներ են հանձնվում:
Մրցանակաբաշխությունը նախաձեռնել էին «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: 144 մասնակիցներից հանձնաժողովն ընտրել էր 20 ուսանողների եւ յոթ աշակերտների, որոնք էլ հինգ անվանակարգերում` «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն ուսանողուհի» եւ «Լավագույն աշակերտ», ստացան առաջին եւ երկրորդ կարգի մրցանակներ, ինչպես նաեւ՝ դրամական պարգեւ: Ի դեպ, մասնակիցներն ընտրական փուլերից մեկում շարադրություն են գրել ամենատարբեր թեմաներով, որը հաղթելու համար նույնպես վճռորոշ դեր է խաղացել: «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն եւ հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքերով` լավագույն ուսանողներին ու աշակերտներին բուհերն ու դպրոցներն իրենք են առաջադրել. «Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված էր մոտավորապես 10 մասնակից: Հանձնաժողովի խնդիրն էր՝ բացահայտել առավել օժտվածներին` գնահատելով նրանց մտահորիզոնը, դատելու ունակությունը, տրամաբանությունը, ինտելեկտուալ հատկանիշները: Տարաբնույթ հարցեր են տրվել, հետո ֆիքսված բալային համակարգով գնահատել ենք ու վերջում միավորները գումարելով` բացահայտել ենք լավագույնին»:
Հ. Մուսայելյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ մասնակցելու հնարավորություն ստացան Ռուս-հայկական սլավոնական համալսարանն ու Գյումրիի «Ֆոտոն» վարժարանը: Նա ավելացրեց նաեւ, որ այս ծրագիրն ընդլայնվելու է` ընդգրկելով նոր բուհեր ու դպրոցներ:
Պարգեւատրումը կարեւորեց նաեւ «Սինոփսիս» ընկերության ստրատեգիական շուկաների գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը, նշելով, որ մտավոր կապիտալը Հայաստանի ապագայի գլխավոր գրավականն է, եւ այս մտավոր ներուժը մշակելով ու կիրառելով ՏՏ ասպարեզում` Հայաստանն աշխարհում կգտնի իր արժանի տեղը: Իսկ մրցանակի հիմնական նպատակը եղել է երիտասարդների մեջ սովորելու, աչքի ընկնելու ցանկություն առաջացնելը:
Այս տարվա մրցանակակիրները նույնպես կարեւորում էին ՏՏ ոլորտի զարգացումը, նշելով, որ այն այսօր արդիական է ավելի, քան երբեւէ: «Անանիա Շիրակացի» կրթահամալիրը ներկայացնող Գոռ Ղուլարյանն այս տարի է ընդունվել սլավոնական համալսարան: Գոռը միջազգային օլիմպիադայի հաղթող է, համարում է, որ նախագահի մրցանակն իր համար մեծ պատիվ է, եւ հատկապես ուրախ է, որ իրեն հաջողվել է մյուսներից առանձնանալ ու հաղթել: Մասնագիտությամբ կենսաբան Ալինա Մարտիրոսյանի խոսքերով` մրցանակի համար անցած փուլերից չափազանց կարեւոր էր հարցազրույցը. «Անկախ մասնագիտությունից` բոլորը պետք է տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվեն, քանի որ դա անհրաժեշտ է եւ անխուսափելի, եթե, իհարկե, ցանկանում ես ինչ-որ կարեւոր ու լավ նվաճումների հասնել: ՏՏ ոլորտում սա իմ առաջին ձեռքբերումն էր, եւ այն ինձ համար մեծ նշանակություն ունի: Կարծում եմ, նախագահի մրցանակը ստանալը հաճելի եւ պարտավորեցնող է յուրաքանչյուրի համար»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
«Սինոփսիսը» (Nasdaq:SNPS) կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է։ Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման եւ ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության եւ արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն եւ նախագծման ծառայություններ։ Այս լուծումները թույլ են տալիս մշակել եւ արտադրել բարդ ինտեգրալ սխեմաներ եւ էլեկտրոնային համակարգեր։ «Սինոփսիսի» կողմից մշակված այս համալիր լուծումներն ուղղորդված են ոլորտի նախագծողների եւ արտադրողների համար կարեւորագույն խնդիրների, այդ թվում՝ հոսանքի սպառման նվազեցման, արտադրողականության բարձրացման եւ միաբյուրեղային համակարգերի ստուգման խնդիրների լուծմանը։ «Սինոփսիսի» գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում։ Ընկերությունն ունի ավելի քան 60 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում եւ Ասիայում։ Ի դեպ, օրերս «Սինոփսիս» ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին շնորհվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչումը: