Կրկեսային դերասաններ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները գերմանական Քյոլն քաղաքում անցկացված հեռուստաշոուի ընթացքում կարողացել են ռեկորդ սահմանել ամենաազդեցիկ կրկեսային ժանրերից մեկում` quick change-ում, որը պատրանքային տրանսֆորմացիա է նշանակում: Դա ամենաթանկ եւ ամենատպավորիչ կրկեսային ժանրն է, որին սովորաբար հետեւում ես շունչդ պահած, տրանսֆորմացիայի արագությունը լիակատար իլյուզիայի տպավորություն է ստեղծում: Աչքերդ թարթում ես` դերասանը բոլորովին այլ կերպարով է կանգնած առջեւդ: Պետրոսյանների դուետը կարողացել է 2 րոպեի ընթացքում 16 զգեստներ փոխել, ինչը բացարձակ ռեկորդ է համարվել: Երեւանի Կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյան-ավագը պատմեց, որ պատրանքային զգեստափոխման ժանրով իր որդին վաղուց է զբաղվել, դեռ 1995 թվականին Սոս Պետրոսյան երկրորդն իր տիկնոջ եւ քրոջ հետ quick change համար էր պատրաստել, սակայն հետագայում որդին կատարելագործեց այն եւ ներկայացրեց աշխարհի տարբեր կրկեսային բեմերում արդեն որպես դուետային կատարում: Վիկտորյա Պետրոսյանը (Տարասովա) նույնպես կրկեսային դինաստիայի շարունակող է, նրա ծնողներն աշխատում են Մոսկվայի Կրկեսում, բայց դերասաններ չեն, այլ` զբաղվում են տեխնիկական ապահովությամբ ու լուսային էֆեկտներով:
Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանի որդիները նույնպես արենա են դուրս գալիս: 10 տարեկան Սոս-Պետրոսյան երրորդը խոստումնալից աճպարար է, վերջերս Հոլանդիայում անցկացված աճպարարների մրցույթում նա զբաղեցրեց առաջին տեղն ու համարվեց ամենաերիտասարդ չեմպիոն-իլյուզիոնիստը: Հայ կրկեսի հաղթանակները շատ տպավորիչ են, բայց դրանք կատարվում են մեր հանրապետության կրկեսային արենայից շատ հեռու վայրերում, Եվրոպայի երկրներում: Երեւանի Կրկեսի տնօրենը հուսով է, որ իր աստղային որդին ու նրա ընտանիքը շուտով Երեւան կժամանեն, քանի որ Սոս Պետրոսյան ավագը պատրաստվում է իր 60-ամյա հոբելյանը տոնել: