Էլ ֆորպոստ չէ՞

26/09/2007

Գրեթե 10 տարվա լռությունից հետո սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց: «168 Ժամն» արդեն անդրադարձել է ելույթին: Իսկ արտերկրյա լրատվամիջոցներից Տեր-Պետրոսյանի այդ ելույթն առավել ակտիվ քննարկվում է ռուսական եւ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներում գերիշխում է այն տեսակետը, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանը կրկին դառնա ՀՀ նախագահ, Ռուսաստանը կկորցնի Անդրկովկասում իր վերջին հենակետը: Իսկ վերլուծաբաններից մեկն իր հոդվածը վերնագրել է «Հայաստանն այլեւս ֆորպոստ չէ, բայց դեռ թակարդ էլ չէ»: Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին արձագանքել է նաեւ պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Նովրուզ Մամեդովը կարծիք է հայտնել, որ Տեր-Պետրոսյանին չի հաջողվի վերստին դառնալ երկրի նախագահ, «որովհետեւ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ»: «Ով կգա իշխանության Հայաստանում՝ հայերի գործն է: Պաշտոնական Բաքուն միայն ցանկանում է, որ արտահայտվի ժողովրդի կամքը»,- ասել է ժողովրդավարության մակարդակով, մեղմ ասած, չփայլող երկրի պաշտոնյան: Իսկ ահա Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեի կարծիքով՝ ՀՀ առաջին նախագահին չի հաջողվի նորից իշխանության գալ, քանզի նա խաղաղության կողմնակից է: Վ. Գուլուզադեի խոսքերով՝ Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրեց Ռուսաստանը, որովհետեւ ՀՀ առաջին նախագահը փորձում էր կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ինչը Մոսկվայի սրտով չէ: «Ղարաբաղի հարցի չլուծումը մտնում է Մոսկվայի գեոքաղաքական հետաքրքրությունների մեջ»,- ասել է նա՝ հավելելով, թե հենց այդ պատճառով էլ Լ. Տեր-Պետրոսյանը հեռացվել է իշխանությունից: