Նախօրեին Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահին` տոնական համերգն ու հարիսան վայելելու համար հավաքվածները դիմավորեցին «Լե՛-վո՛ն, նա՛-խա՛-գա՛հ» վանկարկելով: Միջոցառումը վարող, «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահը դիմելով ներկաներին՝ նշեց. «Դիմավորենք ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Տեր-Պետրոսյանն այցելեց Մուսա լեռան թանգարան, համտեսեց ավանդական հարիսան ու քիչ անց հեռացավ: Նրան ուղեկցում էին «Հանրապետություն», ՀՀՇ եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, միջոցառմանը ներկա էին նաեւ Արմավիրի մարզի ղեկավարները: Մուսալեռցիներին շնորհավորելու էին գնացել նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Գրողների Միության նախագահ Լեւոն Անանյանը, հոգեւոր դասի, նախկին մուսալեռցիների սերնդի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: