Քանդվող փողոցների գաղտնիքը

26/09/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հիշո՞ւմ եք Չարլի Չապլինի այն ֆիլմը, որտեղ փոքրիկը ջարդում էր սրա-նրա ապակիները, իսկ Չապլինի ապակեգործ հերոսը դրա համար վարձատրում էր փոքրիկին։

Վարձատրում էր, որովհետեւ փոքրիկը նրա համար աշխատանք էր ապահովում։ Տնտեսագիտության դասախոսներն այս օրինակը հաճախ են օգտագործում։ Այսինքն, քանդելը, վերացնելը միանշանակ չի կարելի որպես բացասական երեւույթ ընկալել։ Տվյալ դեպքում, այն մարդը, ում ապակին կոտրել են, վնաս է կրում. գումար է վճարում նոր ապակի ձեռք բերելու համար։ Մյուս կողմից՝ այդ գումարը գնում է ապակի մատակարարողին՝ գործարանի տնօրենին, բանվորին, եւ այլն։ Նրանք էլ իրենց հերթին վճարում են հումքի, էլեկտրաէներգիայի համար, եւ այդպես շարունակ։ Ստացվում է՝ մեկ մարդ տուժում է, բայց նրա տուժած գումարի չափով օգտվում են մի քանի այլ մարդիկ։ Արդյունքում, շուկան ակտիվանում է, ստեղծվում են աշխատատեղեր, ավելանում են հարկերը, շահում է տնտեսությունը։ Սա դասական օրինակ է։

Իսկ արդյո՞ք այդ դասական օրինակը կարելի է կիրառել մեր երկրի դեպքում։ Ապակու օրինակի փոխարեն դիտարկենք մեկ այլ, ավելի ընդարձակ ոլորտ՝ ճանապարհները։ Միգուցե կասեք՝ բայց ճանապարհները չեն քանդում, կառուցում են… Լավ, բայց ի՞նչ էին անում մինչ այդ։ Օրինակ, իշխանությունների ահուսարսափ՝ Փարաքարի ճանապարհը, եթե հիշում եք, անցյալ տարի Ժակ Շիրակի այցելությունից առաջ «ափալ-թափալ» ասֆալտապատեցին, հետո՝ բառացիորեն օրեր անց, նոր փռած ասֆալտը քանդեցին եւ սկսեցին արագընթաց գծի շինարարությունը։ Լավ, ենթադրենք այս դեպքը կարելի է բացատրել մեր գերհյուրընկալությամբ։

Իսկ ի՞նչ ասենք Բաղրամյան պողոտայի մասին։ 2-3 տարի առաջ այն ասֆալտապատում էին՝ շուրջօրյա խցանումներ ստեղծելով Բարեկամության մետրոյի մոտից մինչեւ Օպերայի շրջակայքը։ Ասֆալտապատեցին, վերջացրին, ու այժմ նորից քանդել են Բաղրամյանի սկզբնամասը՝ վերգետնյա անցում են կառուցում։ Շարքը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է։ Հիմա կարելի է հարց տալ՝ ինչո՞ւ են մի գործը երկուս սարքում, հնարավոր չէ՞ր արդյոք համատեղել եւ միջոցները չծախսել։

Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Նույն ապակու օրինակով, այստեղ էլ ստեղծվում են լրացուցիչ աշխատատեղեր, եւ մնացած մյուս բաները։

Բայց դա էլ չէ կարեւորը։ Կարեւորն այն է, որ այս համատարած «քանդաշինարարությունը» ծառայում է ավելի վեհ նպատակների։ Պարզաբանենք։ Ճանապարհաշինությունը մտնում է շինարարության ոլորտի մեջ։ Իսկ շինարարության ոլորտը վերջին տարիների մեր տնտեսական աճի հիմքն է (եթե կարելի է այդպես ասել)։ Սակայն հիմա ստեղծվել է մի վիճակ, երբ էլիտար կոչվող շենքերի մեծ մասի շինարարությունն ավարտվել է կամ ավարտման փուլում է։ Իհարկե, նոր շենքեր էլ են սկսում կառուցվել, բայց ոչ այն լայն թափով, ինչպես ամենասկզբում։ Վերջացրած շենքերը պետք է «հորով-մորով» անեն՝ վաճառեն, նոր մտածեն նոր շենքերի մասին, այնպես չէ՞։ Այդ իսկ պատճառով, եթե ուշադրություն դարձնեք, ապա անցյալ տարվա համեմատ՝ շինարարության աճը զգալիորեն նվազել է։ 2006-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում շինարարությունն աճել էր 40.2%-ով։ Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 19.6%։ Ընդ որում, այս 19.6%-ն ընթացիկ տարվա ամենաբարձր ցուցանիշն է, անցած ամիսների ցուցանիշներն ավելի փոքր են եղել։ Սակայն, արի ու տես, 8 ամսվա կտրվածքով մեր տնտեսությունն արձանագրել է հերթական վագրաձեւ աճը՝ 13.6%։ Կունենայի՞նք այդ ցուցանիշը, եթե չլիներ այս համաքաղաքային ճանապարհաշինարարությունը։ Դժվար թե…

Այնպես որ, խցանման մեջ հայտնվող հարգելի համաքաղաքացիներ, հայրենի իշխանություններին հայհոյելուց առաջ մտածեք, որ այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք հերթական երկնիշ աճը։ Հիմա էլ միգուցե կասեք՝ մե՞զ ինչ այդ թվերից։ Սակայն հենց այստեղ է, որ կսխալվեք։

Հինգշաբթի օրը՝ կառավարության հերթական նիստում, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրել է 2007թ. անցած ութ ամիսների նվաճումները՝ մեկ տրիլիոն 650 միլիարդանոց ՀՆԱ, 13.6 տոկոսանոց տնտեսական աճ եւ այլն՝ նշելով, որ «հանրապետությունը երբեւիցե 8 ամիսների ընթացքում նման առաջանցիկ տեմպ չի ունեցել»։ Եվ դրան հետեւել է հարցը՝ ի՞նչ եզրակացություններ պետք է անել Ս. Մնացականյանի ասածներից։ Պատասխանը եղել է՝ առաջին հերթին եզրակացություններ պետք է անեն հարկային եւ մաքսային ծառայությունները։ Ասել է թե՝ տնտեսությունը վագրաձեւ աճում է, ձեր հավաքագրած հարկերն ու մաքսերն էլ պետք է վագրաձեւ աճեն։ Այսինքն, նախորդ համարում ներկայացված մեր այն կանխատեսումը, որ 2.5 միլիարդ դոլարանոց բյուջեն հավաքվելու է մի մասով՝ դրամի արժեզրկման, մյուս մասով՝ հարկային ու մաքսային գրոհով, իրականություն է դառնում։ Հրահանգը տրված է։

Մնում է մեկ հարց՝ ում են նեղելու վերոհիշյալ կառույցները՝ խոշո՞ր գործարարներին, թե՞ մանր ու միջին։ Թերեւս՝ բոլորին։ Խոշորների տարբերությունն այն է, որ նրանք հիմնականում մոնոպոլիստներ են, եւ հարկերի աճին ի պատասխան՝ բարձրացնելու են լայն սպառման ապրանքների գները՝ բենզին, շաքարավազ, կարագ, հացահատիկ եւ այլն… Այդ միտումներն էլ են արդեն նկատվում՝ կարագի գինն արդեն աննախադեպ աճել է։

Արդյունքում, ողջ ծանրությունն ընկնելու է սպառողների վրա։ Ահա եւ կապը՝ ճանապարհաշինարարության եւ ձեր գրպանների պարունակության միջեւ։ Այնպես որ, հայհոյելուց առաջ մտածեք՝ արդյո՞ք խցանման մեջ ընկնելն ու մեքենաների շարքից դուրս գալը դժգոհության գլխավոր պատճառն են։ Միգուցե պարզվի, որ հայհոյանքը չափազանց մեղմ է եղել։

Իսկ ապակու օրինակը մեր տնտեսության համար դժվար է կիրառել. մեզ մոտ շահում է ոչ թե տնտեսությունը, այլ վիճակագրությունը։