Ֆրանսիացի կինոդերասանուհի Բրիջիդ Բարդոն Ֆրանսիայում պայքարում է թափառող շների եւ առհասարակ կենդանիների որսի, սպանության, նրանց մորթուց մուշտակներ կարելու եւ հագնելու դեմ: Դեռեւս 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին Բարդոն նամակ էր հղել ՀՀ իշխանություններին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ թափառող շների համար կացարաններ կառուցելու հորդորով: Նույնպիսի նամակով նա դիմել էր նաեւ Ռուսաստանի իշխանություններին, հատկապես Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին: Աննա Մութաֆյանն ու Նունե Մեհրաբյանը 2003թ. նամակ են գրել Բրիջիդ Բարդոյին՝ թափառող շների կացարան կառուցելու համար: Նա պատասխան նամակում երեւանյան մի հասցե էր ուղարկել, ուր կարող էին դիմել ու օգնություն ստանալ: Երբ Աննան եւ Նունեն գնացին այդ հասցեով, պարզվեց` իրենցից առաջ ինչ-որ մեկը՝ Բենգլյանց ազգանունով, ավելի ճարպիկ էր գտնվել, ներկայացել էր նման ծրագրով, փողերը վերցրել ու անհետացել: Աննան, ստիպված, կրկին նամակ է գրում Բարդոյին, ներկայացնում իրավիճակը: «Ուրեմն դուք ապագա չունեցող երկիր եք»,- պատասխանել է Բարդոն: Եվ խորհուրդ է տվել, այնուամենայնիվ, գործ անել: «Եթե տեսնեմ՝ իսկապես գործ անում եք, գուցեեւ որոշեմ օգնել»,- պատասխանել է Աննային: