Բացահայտվում են

26/09/2007

Հայաստանում վերջին տարիներին իրավական համակարգի կողմից առավել ակտիվացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Ըստ վիճակագրական տվյալների` էապես ավելացել է դրանց բացահայտումը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ասել է, որ կան հանցագործության տեսակներ, որոնց թվի աճը վկայում է ոչ թե այն մասին, որ այդ բնագավառում ավելի է աճել հանցավորության մակարդակը, այլ ճիշտ հակառակը: «Մենք ունենք լատենտային հանցագործություններ, որոնց բացահայտումը վկայում է իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման մասին: Սա վերաբերում է թե թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, թե կոռուպցիոն հանցագործություններին, թե թրաֆիկինգի դեպքերին»,- ասաց գլխավոր դատախազը: Բացահայտումների աճին, ըստ Ա. Հովսեփյանի, նպաստել է նաեւ Գլխավոր դատախազության համակարգում մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումը: Դատախազի հավաստմամբ, բացահայտվել են ոչ միայն թմրանյութեր օգտագործողներ, որոնց «բացահայտումն ավելի քան հեշտ է, այլեւ իրացնողներ եւ ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձինք»: Բացահայտվել են նաեւ թմրամիջոցների մաքսանենգության տասից ավելի դեպքեր. դատապարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության չորս-հինգ քաղաքացի: