Սեպտեմբերի սկզբին ռուսական «Storm international» ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է մտնել Հայաստանի խաղային շուկա: Ընկերությունը պատրաստվում է 300մլն դոլարի ներդրումով Երեւանում խաղատնային հոլդինգ կառուցել, որը պետք է անվանվի «Շանգրի Լա-Երեւան»: «Storm international»-ը նաեւ տեղեկացրել էր, որ կառավարման է վերցրել տեղական ամենամեծ կազինոներից մեկը` «Կլեոպատրան»:
ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում այդ առաջարկի հետ կապված դեռեւս պաշտոնապես լիցենզիա ստանալու որեւէ դիմում չեն ստացել: «Կլեոպատրայի» եւ «Storm international»-ի գործարքի մասին նույնպես տեղեկացված չեն: «Նախարարությունը դրսից դիմած որեւէ կազմակերպության չի լիցենզավորել: Գուցե «Կլեոպատրան» դրսից մի մենեջեր է ընդունել, կամ փոխվել է խաղատան սեփականատերը, այդ գործարքը լիցենզավորում չի պահանջում: Իսկ եթե խոսքը գնում է նոր ընկերության մուտքի մասին, ապա անպայման պետք է լիցենզավորվի նախարարության կողմից»,- ասում է Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Վիճակախաղի, խաղային գործի կարգավորման վարչության պետ Մանուկ Վարդանյանը: Եթե Storm-ը չի լիցենզավորվել ու ստանձնել «Կլեոպատրայի» կառավարումը, ինչպես նախօրոք հայտարարել էր վերջինս, ապա կարելի է ենթադրել, որ դրսի խաղատնային բիզնեսում շրջանառվող հայկական կապիտալն է թերեւս վերադարձել Հայաստան:
«Storm international»-ի նմանատիպ հայտարարությունները կարող են նաեւ ընդամենը ռազմավարություն լինել: Վերջիններս մի տեսակ նեղացկոտ կեցվածք են ընդունել Ռուսաստանում խաղատների վերաբերյալ ընդունված օրենքի նկատմամբ: Նշյալ օրենքը խաղային գոտիներ է սահմանել խաղատների համար, որոնք Ռուսաստանում համարվում են չորրորդական տարածքներ: Ռուսաստանի կենտրոնական քաղաքներում խաղատների ցանց ունեցող այս ընկերությունը ստիպված է լինելու փակել իր կազինոները եւ արդեն այսօր մտածել նոր խաղատներ կառուցելու մասին: «Storm international»-ի նախագահ Մայքլ Բոտտչերը գոնե առայժմ իր բիզնեսը պատկերացնում է աշխարհի ցանկացած երկրում, սակայն ոչ երբեք Ռուսաստանում: Սակայն, ինչպես տեսնում ենք, վերջինիս Հայաստան մտնելու մասին հայտարարությունները դեռեւս գործի չեն վերածվել: Ի տարբերություն Բոտտչերի, Ռուսաստանում հաջող բիզնես սկսելու բոլոր հիմքերն ունի Հարավ-Աֆրիկյան պետության «Sun International» կազմակերպությունը: Ընկերությունը Կրասնոդարի եւ Ռոստովի շրջաններում կազինոների համար հատկացված տարածքներից վարձակալել է մոտ 2000 հեկտար տարածք, եւ տեղական իշխանությունները մոտ 2մլրդ դոլարի ներդրումներ են ակնկալում: Հետաքրքիրն այն է, որ դրսի կազմակերպությունները գործարքներից առաջ հրապարակում են իրենց ընկերությունների տարեկան ստացած եկամտի եւ շահույթի մասին: Օրինակ, «Sun International»-ը հրապարակել է, որ Հարավ-Աֆրիկյան պետությունում իր խաղատներից 2006թ. ստացել է 830մլն դոլարի եկամուտ, իսկ մաքուր շահույթը կազմել 130մլն դոլար: Այս բիզնեսն ամբողջ աշխարհում երբեք էլ մաքուր չի համարվել, այստեղ են «լվացվում» կասկածելի ծագում ունեցող փողերը եւ հենց այս բիզնեսում է ներդրումներ անում կրիմինալ աշխարհը: Պայքարի ձեւեր մշակելն արդեն պետության ներքին խնդիրներն են, իսկ մերի նման երկրներից եւ ոչ մեկը չի հրաժարվում խաղային-բիզնես ներդրումներից: Խաղային բիզնեսի հայրենիք ԱՄՆ-ը խաղային նոր գոտիներ է դիտարկում Մերձավոր Արեւելքը, Սինգապուրը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Հարավային Ամերիկան: Հայաստանը կամ Անդրկովկասն այս ցուցակում առայժմ ներառված չեն, ինչը կարող է պայմանավորված լինել ռիսկի գործոնով: Ինչպես տեսնում ենք՝ մեր միակ հույսը «Storm international»-ն է կամ հենց հայկական կապիտալը:
«Հայաստանում նույնպես խաղային բիզնեսի նկատմամբ վերջերս աշխուժություն է նկատվում: Խաղատան նոր լիցենզիա է ստացել եւս 4 կազմակերպություն: Ընդհանուր առմամբ, տրամադրել ենք 16 խաղատուն, 62 շահումով խաղի եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիա»,- ասում է Մանուկ Վարդանյանը: Վիճակախաղի, խաղային գործի կարգավորման վարչության պետից տեղեկանում ենք, որ նախարարությունը խաղատներում իրականացրած ստուգումների արդյունքում, որպես կանոն, հայտնաբերում է որոշակի խախտումներ. «Խախտումներ են լինում լիցենզիայի պայմանների հետ կապված, ասենք` դրսից ներսի անտեսանելիության չպահպանման, ազդանշանային համակարգի բացակայության մասով: Նման խախտումները տուգանվում են 100-500 հազար դրամի չափով»: Վարչության պետը շատ դժվարությամբ մտաբերեց վերջերս 1մլն դրամ տուգանքի արժանացած կազմակերպության անունը: Ընթերցողին ոչինչ էլ չի ասի «Վասեր» ՍՊԸ անունը, միայն նշենք, որ այս ՍՊԸ-ն տնօրինում է Զվարթնոց տանող ճանապարհին կառուցված կազինոներից մեկը: Խաղային մեքենաների շահման տոկոսի (86 տոկոս) շեղումների մասին Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը խախտումներ արձանագրել է, սակայն այստեղ անուններ տալը տնտեսվարողի առեւտրային գաղտնիքն են համարում: Զավեշտալի է, որ խաղատան կատարած խախտումները նախարարությունում առեւտրային գաղտնիք են համարում: Մինչդեռ, ինչպես արդեն նշել ենք, դրսի կազմակերպությունները բացահայտ հայտարարում են իրենց ստացած եկամուտների ու շահույթների մասին: Տեղական կազինոների շահույթների մասին իմաստ էլ չունի հարցնելը (սա իսկապես առեւտրային գաղտնիք է), քանի որ վերջիններն աշխատում են հաստատագրված վճարով: Ընկերությունը ամսական մեկ խաղային մեքենայի համար վճարում է 75 հազար դրամ, իսկ կենդանի խաղային սեղանի համար` 2.5մլն դրամ: Խաղատան կազմակերպման լիցենզիան արժե 25 մլն դրամ, իսկ շահումով խաղինը` 5մլն դրամ: Այս թվաբանությամբ խաղային բիզնեսը ծածկում է պետական բյուջեի պետտուրքից գոյացող մուտքերի 1-1.5 տոկոսը: Վիճակախաղի ոլորտում նախարարությունն ընդհանրապես խախտումներ չի հայտնաբերել: Ամեն քայլափոխի վիճակախաղի տոմսեր վաճառողների շրջանում մի փոքրիկ հարցում կազմակերպեցինք: Եղե՞լ է նախադեպ, երբ նրանցից վիճակախաղի տոմս գնողը մեծ շահում է ունեցել. մեր այս հարցը վաճառողների մոտ ժպիտ էր առաջացնում: Շատ-շատ 300 դրամ շահեն` ասում են նրանք եւ խորհուրդ չեն տալիս բախտը փորձել «Նիսան տիդայի» վիճակախաղի տոմսերում: