«Սինոփսիս Արմենիան» մաքրում է քաղաքը

26/09/2007

«Սինոփսիս Արմենիա» ընկերության ավելի քան 300 աշխատակիցներն ու իրենց ընտանիքների անդամները երեկ մասնակցել են Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի մաքրման աշխատանքներին։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում «Սինոփսիսի» շաբաթվա ընթացքում անցկացվող «Համայնքային կամավորականների ծրագրի» շրջանակներում եւ համընկնում է Հայաստանում «Սինոփսիսի» նոր արտադրամասի բացման հետ։

Միջոցառումն իրականացվում է ««Սինոփսիսը» Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ եւ «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի գործակցությամբ։ Մաքրման աշխատանքներին մասնակցել են «Սինոփսիսի» նախագահ եւ գործադիր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը, ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր-գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, AMSG նախագծման գծով փոխտնօրեն Ջո Մաստրոյանին, «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Հովհաննիսյանը։ 2004-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելու պահից «Սինոփսիսը» միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել երկրի գիտահետազոտական ոլորտում եւ ֆինանսավորել է Երեւանում իր նոր արտադրամասի կառուցումը։ Ընկերությունը նաեւ նպաստում է Հայաստանի հասարակության զարգացմանը` ««Սինոփսիսը» Հայաստանին» բարեգործական հիմնադրամի միջոցով նպաստելով երկրի կրթական համակարգի բարելավմանը եւ իրականացնելով այլ աջակցության ծրագրեր։