Սրտանոթային հիվանդությունների աճ կա

26/09/2007

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները, այդ թվում` սրտամկանի սուր ինֆարկտը եւ ինսուլտը, աշխարհում համարվում են մահացության հիմնական պատճառներ` տարեկան խլելով շուրջ 17,5 մլն մարդու կյանք: Այդ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը ծխախոտի գործածությունն ու օրգանիզմում խոլեստերինի աճն է, մասնավորապես` պայմանավորված գիրությամբ. ԱՀԿ տվյալներով` աշխարհում 155 մլն երեխա է տառապում գիրությամբ: Վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների աճ է գրանցվում ԱՊՀ երկրներում, որտեղ այդ հիվանդություններից մահացության ցուցանիշը զարգացած երկրներում գրանցված ցուցանիշից երեք անգամ ավելի է: ՀՀ-ում տարեցտարի սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես` սրտի ձեռքբերովի արատների, առիթմիաների, հիպերտոնիկ հիվանդությունների եւ սրտամկանի սուր ինֆարկտի աճ է նկատվում: Ժամանակակից վիճակագրությունը փաստում է, որ այդ հիվանդությունները մեծ մասամբ հանդիպում են կանանց մոտ: