Ինքնավարության բարձրագույն մակարդակ

23/09/2007

Պաշտոնական Բաքուն կրկին պատրաստակամություն է հայտնում Lեռնային Ղարաբաղին շնորհել «ինքնավարության բարձրագույն մակարդակը՝ Ադրբեջանի կազմում»: Իտալացի լրագրողների հետ զրույցում նախօրեին Բաքվում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ակնհայտ է, որ ԼՂ-ի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, քանի որ իրավական տեսանկյունից սա ամենակարեւոր հարցն է: Եվ այդ միջազգային նորմերին համապատասխան՝ LՂ-ի հայկական համայնքը, ինչպես նաեւ՝ ադրբեջանական համայնքը, որը, ցավոք, ենթարկվել է էթնիկ զտման՝ այս երկու համայնքները պետք է հստակ կարգավիճակ ստանան,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով,- Մենք բանակցում ենք LՂ-ին Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձրագույն աստիճան շնորհելու մասին, քանի որ, մեր կարծիքով, հայ ժողովուրդն արդեն իսկ ինքնորոշվել է: Այժմ մենք խոսում ենք ազգային փոքրամասնության մասին, որը պետք է այս երկրամասում ապրող մյուս ազգերի ներկայացուցիչների հետ ինքնորոշվի՝ Ադրբեջանի կազմում»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եւ

ՌԴ-ի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման հարցով քննարկումներին, ապա դրանց արդյունքների մասին խոսելը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի, դեռ շատ վաղ է: «Մենք համաձայնության եկանք, որ խորհրդակցությունները պետք է շարունակվեն: Փորձագետները պետք է շարունակեն այս բանակցությունները եռակողմ ձեւաչափով: Այժմ կողմերը վերադարձել են Գաբալայից՝ ռադիոլոկացիոն կայանի մասին շատ ավելի լուրջ տեղեկատվության տիրապետելով»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ չնշելով, սակայն, մյուս հանդիպման հստակ ժամկետը: