Երեկ Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում էր երկրի քաղաքական, տնտեսական բարձրաստիճան վերնախավը: Ներկա էր նաեւ դիվանագիտական ողջ կազմը: Ի զարմանս շատերի, ներկա էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորները եւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները (Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը եւ այլք), բացի Արթուր Բաղդասարյանից:
ՀՀ նախագահական նստավայրում էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ տոնակատարությունը նշվում էր Մարզահամերգային համալիրի սրահում, այս անգամ այն նշվեց նախագահական նստավայրի բակում կառուցված բացօթյա հարթակում, որի շինարարությունն օրերս է ավարտվել: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական իր ուղերձում երեկ նշեց. «Պետականության վերականգնումը պատմական բացառիկ իրադարձություն էր հայության կյանքում։ Ազատ, ժողովրդավարական ու ծաղկուն երկիր կառուցելու մեր ժողովրդի կամքն արտահայտվեց անկախության հանրաքվեի ժամանակ: Այն իր զարգացումն ապրեց հետագա տասնվեց տարիների ընթացքում, եւ այս ճանապարհին պատվով հաղթահարվեցին բազմաթիվ փորձություններ։ Ներկայիս Հայաստանը կայուն զարգացման փուլում է: Կարելի է վստահությամբ ասել, որ տնտեսությունը սրընթաց վերելք է ապրում. ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, զգալիորեն աճում են ազգաբնակչության եկամուտները, նվազում է աղքատությունը, բարելավվում է կյանքի որակը, վերադառնում են մեր հազարավոր քաղաքացիները, որոնք լքել էին երկիրը` իրենց գոյատեւումն ապահովելու նպատակով, ձեւավորվում է միջին խավ:
Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ` հասկանալով, որ դեռ շատ անելիքներ կան, ներուժը մեծ է, եւ մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի:
Մենք պարտավոր ենք կրկնապատկել ժամանակակից եւ արդյունավետ պետականության կառուցմանն ուղղված մեր ջանքերը: Դրա համար անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները` խորացնելով դրանց սոցիալական ուղղվածությունը:
Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանը, քանի որ միայն լիարժեք պետականությունն է կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները ցուցադրեցին ժողովրդի հավաքական մղումը դեպի անկախություն, հավատն իրենց պետականության հանդեպ եւ այն պաշտպանելու կամքը: Հայաստանի ԱԺ ընտրությունները ցուցադրեցին իրականացվող քաղաքականության նկատմամբ ժողովրդի վստահությունը։ Համոզված եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները եւ՛ս կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ բարձր վստահության մթնոլորտում։ Ընտրված քաղաքական ուղեգծի հետեւողական շարունակումը Հայաստանի կայունության եւ առաջընթացի կարեւոր գրավականն է: Այսօր Հայաստանը պաշտպանված է՝ շնորհիվ մեր Զինված ուժերի։ Այս տոնական օրը մեր պարտքն է՝ արժանին մատուցել ընկած հերոսներին։ Նրանց ջանքերի եւ կյանքի գնով է, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է խաղաղության մեջ: Մեր հուսալի բանակը հպարտություն է ներշնչում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության տասնվեցերորդ տարեդարձի առթիվ։ Համայն հայության հայրենիքը թեւակոխում է զարգացման նոր փուլ՝ իր առջեւ դնելով ավելի հավակնոտ նպատակներ։ Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով մենք հասնելու ենք նաեւ այդ նպատակներին եւ սերունդներին ենք ավանդելու ամուր եւ բարեկեցիկ երկիր»։
Երեկ երեկոյան տեղի ունեցավ նաեւ Հանրապետության հրապարակի շատրվանների բացումը, որն ուղեկցվում էր համերգային ծրագրով: Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Առաջին տիկին Բելլա Քոչարյանը, Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Շատրվանների կենտրոնական մասում տեղադրված են 16 ջրաշիթեր, որոնք խորհրդանշում են ՀՀ անկախության 16-րդ տարեդարձը: Հրապարակի շատրվանային համալիրը վերջին անգամ նորոգվել էր 21 տարի առաջ: Շատրվանների տեղադրումն ու մոնտաժը ֆրանսիական «Ակուա-շոու» ընկերությունն է կատարել: