Բացի Հայկ Բաբուխանյանից, Հովհաննես Գալաջյանից եւ Գեղամ Գրիգորյանից, այսուհետ «Զարուհի» ՍՊԸ (որը հրատարակում է «Իսկական Իրավունք», «Արգումենտի ի ֆակտի», «Կոմսոմոլսկայա պրավդա թերթերը») հրատարակչատան բաժնետոմսերի կառավարման 25 տոկոսի իրավունք ունի նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Վերջինիս իր բաժնեմասի կառավարման իրավունքը վաճառել է Վիգեն Հակոբյանը:
Այս լուրը, պարզվում է` ցնցել է մյուս երեք բաժնետերերին: Մասնավորապես Հովհաննես Գալաջյանին եւ Հայկ Բաբուխանյանին, որոնք հայտարարել են, թե իրենք տեղյակ չեն եղել այս մասին, եւ, որ Վիգեն Հակոբյանն իրավունք չուներ իր «բաժնեմասը վաճառել»` առանց բաժնետերերի ժողովի: Հովհաննես Գալաջյանը նաեւ հայտարարել էր, թե իրենք պատրաստվում են այս հարցը վիճարկել ցանկացած ատյանում, եւ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ գործարքը չեղյալ համարվի, քանի որ, ըստ «Զարուհի» ՍՊԸ կանոնադրության` Վ. Հակոբյանը մինչ իր բաժնեմասն ուրիշին վաճառելը, պետք է այն նախ առաջարկեր մյուս բաժնետերերին, ինչը եւ չի արել: Երեկ մեզ հաջողվեց այս մասին մեկնաբանություն ստանալ Վիգեն Հակոբյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն Արամ Կարապետյանին վաճառել է ոչ թե իր բաժնեմասը, այլ` իր բաժնեմասի կառավարման իրավունքը` բոլոր իրավունքներով: «Ես Արամ Կարապետյանին վաճառել եմ իմ բաժնեմասի կառավարման իրավունքը` բոլոր իրավունքներով: «Զարուհի» ՍՊԸ կանոնադրությունը նման հնարավորություն ընձեռում է, եւ ես կարող էի իմ բաժնեմասի կառավարումը տալ ցանկացած անձի: Իսկ այդ իրավունքի մեջ նրան տրված է ամեն ինչ, այդ թվում նաեւ` վաճառելը: Նա իր հայեցողությամբ, իր պայմաններով, իր ուզած գնով կարող է նաեւ վաճառել այն,- ասաց Վիգեն Հակոբյանը` ընդգծելով,- Այնպես որ` ես փաթեթը չեմ վաճառել: Իսկ գործարքի մանրամասները կոմերցիոն գաղտնիք են»: Վիգեն Հակոբյանի ասելով` ինքը վաճառել է իր բաժնեմասի կառավարման իրավունքը, որովհետեւ այլեւս չի ցանկանում զբաղվել, այսպես ասած` թերթային բիզնեսով: «Ես արդեն վաղուց պրոֆիլով այլ աշխատանքով եմ զբաղվում, եւ սա այլեւս ինձ համար ոչ պրոֆիլային ակտիվ էր»,- ասաց նա: Վիգեն Հակոբյանը նաեւ նշեց, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված լուրերը, թե ինքն աշխատում է «Իրավունք» թերթում: «Երբ Հրանտ Խաչատրյանին վերադարձվեց ՍԻՄ-ն ու «Իրավունք» թերթը, նա ինձ թերթում լուրջ աշխատանք առաջարկեց, բայց ես դրանից հրաժարվեցի, որովհետեւ, կրկնում եմ` ես այլ աշխատանքով եմ զբաղվում»: Վ. Հակոբյանին զարմացրել էր իր այլեւս նախկին գործընկերների հայտարարությունները, թե իրենք տեղյակ չեն եղել այս գործարքի մասին: «Քանի որ «Զարուհի» ՍՊԸ-ն գրանցված է Հովհաննես Գալաջյանի Կոմիտասում գտնվող բնակարանի հասցեի վրա, ես սեպտեմբերի 17-ին համապատասխան նամակն ուղարկել եմ նրանց տուն»,- ասաց Վ. Հակոբյանը: Հարցին, թե ինչո՞ւ է որոշել իր բաժնեմասի կառավարման իրավունքը վաճառել, նա պատասխանեց. «Արդեն ասացի, որ ես որոշել եմ ընդհանրապես դուրս գալ թերթային բիզնեսից: Ես հիմա ուրիշ հետաքրքրություններ ունեմ, եւ դա ինձ համար ոչ պրոֆիլային բիզնես է: Բացի այս, հաշվի առնելով մյուս բաժնետերերի ներգրավվածությունը քաղաքականության մեջ, այն, բացի գլխացավանքից, ինձ ուրիշ ոչինչ չի տվել: Նաեւ դատելով նրանից, որ երբեք դիվիդենտներ չեմ ստացել, ամենայն հավանականությամբ, այդ բիզնեսը շահութաբեր չէ: Ես որեւէ օգուտ չեմ ստացել այդ բիզնեսից»:
Քանի որ թերթային բիզնեսով հետաքրքրված Արամ Կարապետյանը որոշել է ԶԼՄ-ների հետ այսուհետ շփվել միայն միջնորդների միջոցով, կուսակցության լրատվական բաժնի աշխատակցին խնդրեցինք Ա. Կարապետյանից ճշտել, թե ինչո՞ւ է նա որոշել գնել հենց «Զարուհի» ՍՊԸ բաժնեմասի կառավարման իրավունքը: Նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում նա անել իր բաժնեմասի կառավարման իրավունքը` արդյոք վաճառելո՞ւ է, թե՞ մնալու է այդ ոչ շահութաբեր բիզնեսի մեջ: «Արամ Կարապետյանն ասաց, որ գործարքը կոմերցիոն բնույթի է: Միայն ասաց, որ զբաղվելու է բիզնեսի էդ տեսակով»,- Արամ Կարապետյանի պատասխանը մեզ փոխանցեց կուսակցության լրատվական բաժնի պատասխանատու Էմանուել Մարգարյանը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է հենց «Զարուհի» ՍՊԸ-ից բաժնեմաս գնել` հաշվի առնելով նրա եւ Հայկ Բաբուխանյանի ոչ բարիդրացիական հարաբերությունները, Է. Մարգարյանը փոխանցեց հետեւյալը. «Ասաց, որ ասեմ հետեւյալը. որպեսզի հարցեր չառաջանան, ասա, որ հնարավոր են նմանատիպ այլ գործարքներ եւս: Այնպես որ` նա սկսել է այդտեղից եւ չի սահմանափակվելու դրանով»: